21 Դեկտեմբեր, Շբ
- Հա՛յր, հնում ասում էին. «Ավելի լավ է ներբաններդ մաշվեն, քան՝ վերմակդ»: Ի՞նչ նկատի ունեին այդ ասելով:
- Դրանով ցանկանում էին ասել. «Ավելի լավ է աշխատելով ներբաններդ մաշես, քան պառկես անկողնում ու անգործության մատնվես»: Աշխատանքն օրհնություն է, Աստծու պարգև: Այն կենդանացնում է մարմինն ու թարմացնում ուղեղը: Եթե Աստված աշխատանք չտար մարդուն, ապա մարդը կբորբոսներ: Աշխատասեր մարդիկ նույնիսկ օր ծերության չեն դադարում աշխատելուց: Եթե դեռևս ուժ ունենալով նրանք դադարեն աշխատելուց, ապա կսկսեն վհատվել: Այդպիսի մարդկանց համար աշխատանքը դադարեցնելը հավասարազոր է մահվան: Հիշում եմ, Կոնիցայում մի իննսունամյա ծերունի անդադար աշխատում էր: Վերջ ի վերջո նա այդպես էլ արտում մահացավ, տնից երկու ժամվա ճանապարհի վրա:
Սակայն պետք է ասել նաև, որ ֆիզիկական հանգիստը, որին որոշ մարդիկ ձգտում են, իրենից որոշակի կայուն վիճակ չի ներկայացնում: Ֆիզիկական հանգստի վիճակում գտնվելով՝ մարդիկ կարող են միայն ժամանակավորապես մոռանալ իրենց հոգեկան խռովքը: Նրանք ամեն ինչ ունեն՝ ճաշ, աղանդեր, ցնցուղ, հանգիստ… Սակայն հենց այդ ամենն ավարտվում է՝ նրանք է՛լ ավելի մեծ հանգստի են ձգտում: Այդպիսով, մարդկանց անընդհատ ինչ-որ բան չի հերիքում և այդ պատճառով էլ մշտապես անտրամադիր են: Նրանք դատարկություն են զգում, և նրանց հոգին ձգտում է լրացնել այդ դատարկությունը: Իսկ ահա նա, ով հոգնում է աշխատանքից, մշտական ուրախություն ունի, հոգևո՛ր ուրախություն:
- Հա՛յր, բայց եթե, օրինակ, մեջքի խնդիր ունես, ապա ոչ մի աշխատանքով չես կարող զբաղվել:
- Իսկ քո կարծիքով մեջքը մարզելու կարիք չի՞ զգում: Մի՞թե աշխատանքը մեջքին չի օգնի, եթե այն դրա համար մարզում լինի: Ահա թե ինչ կասեմ քեզ․ եթե մարդ ուտում է, խմում, քնում և չի աշխատում, ապա նրա բոլոր ներքին «պտուտակները» թուլանում են, և նա անընդհատ քնել է ուզում, որովհետև նրա մարմինը, նրա նյարդերը թուլանում են: Այդպիսի մարդը հետզհետե այլևս ոչինչ չի կարողանում անել: Բավական է՝ մի փոքր քայլի, և շունչն սկսում է կտրվել: Իսկ եթե սկսի քիչ-քիչ աշխատել ու շարժվել, ապա նրա ձեռքերն ու ոտքերը կամրանան: Տե՛ս, աշխատանք սիրող մարդիկ երկար չեն քնում կամ ընդհանրապես չեն կարողանում քնել հոգնածությունից, սակայն, չնայած դրան, այդ մարդիկ ուժ ունեն: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ աշխատելով՝ նրանք կոփվում են և ֆիզիկապես ամրանում:
Աշխատանքն առողջություն է, հատկապես երիտասարդ մարդկանց համար: Ես նկատել եմ, որ որոշ «մայրիկի բալիկներ» բանակ գնալով՝ հասունանում են, կոփվում: Բանակն այդպիսի երիտասարդներին շատ մեծ օգուտ է բերում: Իհարկե, այն, ինչի մասին ասում եմ, անցյալին է վերաբերում: Այսօր բանակում վախենում են անհանգստացնել զինվորներին, ստիպել նրանց ինչ-որ բան անել, որովհետև բավական է նրանց ինչ-որ կերպ «անհանգստացնեն», նրանք սկսում են իրենց երակները կտրել, «նյարդային ցնցում են ապրում»… Որպեսզի երեխաներն առողջ լինեն, ես ծնողներին խորհուրդ եմ տալիս նրանց աշխատանքի ուղարկել ինչ-որ մեկի մոտ և նույնիսկ վճարել այդ մարդուն դրա համար: Միայն թե երեխաները սիրեն այն աշխատանքը, որը պետք է անեն: Քանի որ, եթե պատանին, ուժ ու գլուխ ունենալով, չի աշխատում, ապա թուլանում է, դառնում ալարկոտ ու թուլակամ: Իսկ եթե դրա հետ մեկտեղ նաև տեսնում է, որ մյուսները հաջողում են, ապա խճճվում է սեփական եսասիրության մեջ և ոչնչից չի ուրախանում: Նա մշտապես մտահոգ է, և նրա ուղեղը կարծես ծղոտով լեցուն լինի: Այնուհետև նրա մոտ է գալիս սատանան ու սկսում շշնջալ. «Դժբախտի մե՛կը, ի՜նչ անտաղանդ ես: Հասակակիցներիցդ մեկը դասավանդում է, մյուսը՝ սեփական գործ ունի և փող է աշխատում, իսկ դու ինչի՞ կհասնես»: Այդ կերպ սատանան այդ մարդուն հուսահատության գիրկն է գցում: Սակայն եթե պատանին սկսի աշխատել, ապա ինքնավստահություն ձեռք կբերի՝ այդ բառի բարի իմաստով: Նա կտեսնի, որ կարող է դժվարությունները հաղթահարել, սակայն, դրանից բացի, նրա ուղեղն աշխատանքով զբաղված կլինի և մտածմունքների ժամանակ չի մնա: Այսինքն՝ կրկնակի օգուտ կլինի:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը