Խաղամոլը

Մի խաղամոլ ամեն առավոտ նստում է իր ավանակին և գնում եկեղեցի, աղոթում.

- Տե՛ր Աստված, երեկ կրկին մեղք գործեցի, ների՛ր ինձ:

Եթե անձամբ չես օգնում, ուղարկիր զորավոր մեկին, որպեսզի ինձ մի ուղի ցույց տա` այլևս խաղատուն չգնամ և իմ ժամանակն ու դրամն այնտեղ չվատնեմ:

Եվ ամեն անգամ եկեղեցուց դուրս գալիս անցնում է խաղատան մոտով, հետաքրքրասիրությունից դրդված նայում այդ կողմը, ներս մտնում և ամբողջ օրն այդտեղ անցկացնում:

Մի առավոտ էլ արթնանում է և որոշում կայացնում այլևս եկեղեցի չգնալ. մտածում է, որ ամենազոր Աստված այդպես էլ որևէ մեկին չուղարկեց իրեն առաջնորդելու համար և շտապում է դեպի ժամանցի վայրը: Ավանակով գալիս-հասնում է մի վարարած գետի մոտ և ցանկանում անցնել խարխլված կամրջի վրայով: Սակայն կենդանին, ինչպես արձանը, անշարժանում է և ոչ առաջ գնում և ոչ էլ ետ: Զայրացած խաղամոլն իջնում է ավանակից և սանձից քաշում, որպեսզի կենդանին առաջ շարժվի, բայց ապարդյուն:

- Համառ ու անհասկացող կենդանի արարած ես: Քո պատճառով ուշանում եմ կարևոր ու հետաքրքիր խաղից,-դժգոհում է խաղամոլը:

Այնուհետև ավանակին թողնում է և փորձում անցնել կամրջի վրայով, սակայն այն փլուզվում է, և մարդը հայտնվում է վարարած գետի ալիքների մեջ: Մեծ դժվարությամբ և ուժասպառ եղած դուրս է գալիս ափ, ուր եկել էր նաև իր ավանակը: Նստում կենդանու վրա, իսկ ավանակը լռելյայն և սովորության համաձայն իր քայլերն ուղղում է դեպի եկեղեցի: Խաղամոլն ասում է.

- Վերջապես հասկացա, թե Աստված ում է ինձ նման համառ մարդու համար առաջնորդ ուղարկել...

 

Հովհաննես Մանուկյան

13.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․