22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Կեսգիշերին մի քրիստոնյա լապտերների լուսավորության ուղեկցությամբ քայլում է փողոցով: Լույսի ներքո հսկա ստվեր է տեսնում: Տագնապում է և ասում.
-Առաքյալի մարգարեական խոսքերի իրականացումն է:
Հայտնության գրքի ահռելի գազանի ստվերն է, որ եկել է աշխարհ ու հիմա իմ առջև է կանգնած:
Եթե փախչեմ, կհասնի ու ինձ կուլ կտա: Տե՛ր Աստված, հենց իմ առջև պիտի հայտնվե՞ր այս գազանը: Ինչո՞ւ է կյանքն այսքան անարդար: Բայց, Տե՛ր իմ, Դու ես իմ պահապանը: Սուրբ Խաչի զորությամբ ես կքայլեմ առաջ:
Իր մոտից հանում է Սուրբ Խաչի նշանը և դողդողացող ձեռքով իր կրծքին սեղմելով շարժվում առաջ:
Մոտենալիս տեսնում է, որ ստվերն ավելի է մեծանում ու սարսափ ներշնչում: Լույսի ներքո տեսնում է իրեն նայող վախվորած աչքեր, սպիտակաթույր, գեղեցիկ և անպաշտպան, կուչ եկած մի նապաստակ...
Հաճախ մեզ ավելի վնասում են ոչ թե խոչընդոտները, այլ թե ինչպես ենք գնահատում ու հասկանում դրանցից բխած անհանգստությունները: Իսկ իրականում խոչընդոտներնայնքան էլ մեծ ու սարսափելի չեն..
.Հովհաննես Մանուկյան