Աստծու իմաստության և շրջակա միջավայրի մասին

«Ամեն ինչ իմաստությամբ ստեղծեցիր դու…» (Սղմ. 103:24):

- Հա՛յր, կարո՞ղ ենք ծիծեռնակների բները քանդել: Ամենուր աղտոտում են, և փայտոջիլներ են հավաքվում դրա պատճառով:

- Իսկ ինքդ կարո՞ղ ես ծիծեռնակի գեթ մեկ բույն պատրաստել: Օ՜հ, Իր մեկ խոսքով միայն ինչպիսի՜ գեղեցկություն է արարել Աստված, ինչպիսի՜ ներդաշնակություն, ինչպիսի՜ բազմազանություն: Որ կողմ էլ, որ նայես՝ ամենուր կտեսնես Աստծու իմաստությունն ու վսեմությունը: Երկնային լուսատուների՛ն նայիր, աստղերին, տե՛ս, թե ի՜նչ պարզությամբ է Նրա աստվածային Աջը դրանք շաղ տվել երկնքում: Եվ վարպետների կողմից օգտագործվող ուղղալարն ու հարթաչափն էլ չի օգտագործել: Իսկ որքա՜ն է մարդ հանգստանում աստղազարդ երկնքին նայելով, իսկ մարդկանց ստեղծած ու հավասար շարած լուսատուներից անչափ հոգնում է: Ինչպիսի՜ ներդաշնակությամբ է Աստված ամեն ինչ ստեղծել: Իսկ հապա մարդու կողմից տնկված անտառներին նայիր. ծառերը զինվորական շարքերով են շարված, կարծես զինվորներ լինեն: Իսկ որքա՜ն ուժ է մարդուն հաղորդում իսկական և ոչ թե արհեստական անտառը: Որոշ ծառեր փոքր են, որոշներն՝ ավելի մեծ, յուրաքանչյուր ծառ նույնիսկ իր գույնով է տարբերվում մյուսից: Աստծու մի պստլիկ ծաղիկն ավելի շատ վայելչություն ունի, քան մի գրկաչափ արհեստական ծաղիկները: Դրանք միմյանցից այնքան են տարբերվում, ինչպես ուխտը՝ ուղտից (1):

Աստծու ամեն ստեղծածագործություն զարմանահրաշ է: Օրինակ՝ մարդկային օրգանիզմը․ այն մի ամբողջ ձեռնարկություն է: Աստված, իմաստուն կերպով, ամեն ինչի համար իր տեղն է որոշել՝ սրտի, լյարդի, թոքերի: Եվ դա բույսերին էլ է վերաբերում: Օկուպացիայի ժամանակ (2) հինգ ստրեմմա (3) սեխ էինք տնկել ու ջրում էինք: Մի անգամ որոշեցի մաքրել սածիլները, որ ավելի լավ աճեն և արմատի մոտ գտնվող մեծ տերևները կտրեցի: Սակայն պարզվեց, որ այդ մեծ տերևները զտիչի դեր են կատարում կամ բույսի «երիկամներն» են և իրենց մեջ են հավաքում բույսի ողջ դառնությունը: Համա՜, թե սեխեր հավաքեցինք այն ժամանակ: Ուղղակի այրում էին լեզուդ…

- Ամեն բան նկատում եք, հա՛յր

- Այո՛, ամեն ինչում Աստծուն եմ գտնում: Ե՛վ բույսերի մեջ, և՛ կենդանիների, ամենուրեք: Եվ ինչպե՞ս չզարմանաս: Փոքրիկ թռչունը մինչև Աֆրիկա է հասնում, այնուհետև, առանց կողմնացույցի, հետ՝ իր բույնն է վերադառնում: Իսկ մարդիկ, քարտեզներ ու ճանապարհային ուղեցույցներ ունենալով, մոլորվում են: Եվ հաշվի առ, որ թռչունները երկնքով են ճամփորդում, այլ ոչ թե ցամաքով, այսինքն՝ իրենց հետևից նշաններ թողնել չեն կարող: Բարձունքներում են թռչում, ծովի վրայով: Դե ասա՛, խնդրեմ, այնտեղ ինչի՞ վրա նշաններ թողնեն: Եվ այնպիսի փոքր թռչուններ կան, որ արագիլների մեջքին են նստում, կարծես օդանավ նստած լինեն: Իսկական ավիաուղևորներ են: Ծովի վրայով թռչելով՝ թռչուններն ինչ-որ կղզում իջնում են ու հանգստանում: Մի անգամ, երբ Սուրբ Խաչի խցում էի ապրում, տեսա, որ արևելքից ճնճղուկների նման ինչ-որ թռչունների երամ է մոտենում, բայց ավելի խոշոր ու գեղեցիկ: Եվ ահա չորս-հինգ թռչուն, որ հավանաբար ուժասպառ էին եղել և չէին կարող շարունակել թռիչքը, առանձնացան: Այդժամ մոտավորապես տասնհինգ թռչուն անջատվեց երամից ու հոգնած թռչունների հետ ծառին նստեց, իսկ մնացածն իրենց թռիչքը շարունակեցին: Մի քիչ հանգստանալուց հետո միասին երկինք բարձրացան ու շարունակեցին իրենց ճամփան: Եվ առաջին հերթին շատ վերև բարձրացան, որպեսզի կողմնորոշվեն ու հասնեն մյուսների հետևից: Այն հանգամանքը, որ երամը հոգնած թռչուններին չլքեց, այլ տասնհինգ ընկեր էլ հատկացրեց օգնության համար, ինձ շատ տպավորեց:

Աստված որքա՜ն գեղեցիկ է ստեղծել ամեն ինչ: Միայն կատվի ձագերին նայեք, որքա՜ն խայտաբղետ են: Իսկ ինչքա՜ն սիրուն մուշտակներ ունեն: Մենք՝ մարդիկս, պիտի նախանձենք կենդանիների հանդերձանքին: Նույնիսկ թագուհիներն այդպիսի մուշտակներ չունեն: Որ կողմ էլ նայես՝ կտեսնես Աստծու իմաստությունը: Իսկ առաջ ինչպիսի՜ բնական գեղեցկություն կար: Միայն աքաղաղին նայիր. անկախ եղանակից միշտ ծուղրուղու է կանչում: Կանգնում է մի ոտքի վրա, և երբ այն թմրում է, կանչում է. «Ծուղրուղո՜ւ, այսքան ժամ անցավ»: Հետո մյուս ոտքին է անցնում, և երբ սա էլ է թմրում՝ կրկին. «Ծուղրուղո՜ւ»: Եվ տե՛ս, կեսգիշերին էլ է կանչում, լուսադեմի երեքին ու վեցին էլ: Ամեն երեք ժամը մեկ, անփոփոխ: Եվ չէ՞ որ աքաղաղը ո՛չ զարթուցիչ ունի, ո՛չ էլ մարտկոցներ: Եվ նրան լարելու կարիք էլ չկա…

Այն ամենն, ինչ տեսնում ու լսում եք, օգտագործեք որպես Երկնայինի հետ հաղորդակցության միջոց: Ամեն ինչը ձեզ պետք է դեպի Երկինք բարձրացնի: Այդկերպ մարդն արարածից դեպի Արարիչն է բարձրանում: Լուսին թռչելով՝ ամերիկացիներն այնտեղ գոնե հետևյալ գրությամբ մի թիթեղ թողեցին. «Երկինքը պատմում է Աստծու փառքը» (Սղմ. 18:2): Ռուսներն էլ տիեզերք թռան, բայց Գագարինն ասաց, որ Աստծուն չտեսավ այնտեղ: Շատ ճիշտ է, իսկ ինչպե՞ս պիտի տեսնեիր: Չէ՞ որ ձեռքերդ երկինք պարզած չէիր թռչում, այլ՝ ոտքերդ վեր տնկած… Դե այդ ամենից հետո էլ ասում են. «Տիեզերքը բնությունն է ստեղծել»: Ողջ տիեզերքը, պատկերացնո՞ւմ ես: Ախր, երբ մի հին մեքենա է փչանում, վարպետների ու մասնագետների մի ամբողջ խումբ է հավաքվում, որ վերանորոգի: Մտածում են, չարչարվում և ընդամենը մի հին մեքենայի համար: Իսկ Աստված ամբողջ երկրագունդն է առանց որևէ գործիքի պտտում և ո՛չ դրա մարտկոցներն են լիցքաթափվում, ո՛չ էլ շարժիչն է կանգ առնում: Ի՜նչ արագությամբ է պտտում, իսկ մարդն իսկի չի էլ զգում: Հզոր բան է: Եթե Երկիր մոլորակն ավելի դանդաղ պտտվեր, ապա մարդը գլուխկոնծի կտար: Երկրագունդն այդքան արագ է պտտվում, իսկ ծովի ջուրը դուրս չի թափվում, չնայած, որ այդքան շատ է: Եվ այդ մեծ աստղերն էլ, գլխապտույտ արագությամբ շարժվելով, միմյանց չեն բախվում ու թույլ չեն տալիս, որ մեկ այլ աստղ իրենց մոտենա: Իսկ մարդն ինչ-որ օդանավ է ստեղծում, հիանում է դրանով ու հպարտանում: Բայց բավական է միայն ուղեղը մի փոքր վնասվի, որ սկսի առանց հասկանալու հիմարություններ դուրս տալ:

 

1) Հունական բնագրում հիանալի բառախաղ է "διαφέρουν όσο διαφέρει και τό άυλον άπό τό νάυλον", որ բառացիորեն նշանակում է «միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես աննյութականը պոլիէթիլենից»:

2) Խոսքը 1941-44թթ. Գերմանիայի, Իտալիայի ու Բուլղարիայի կողմից Հունաստանի օկուպացիայի մասին է:

3) Ստրեմմա – մակերեսի չափման միավոր, որ հավասար է 1000մ2:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

14.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․