Աստծո կամքը

Աստծո կամքը | Asttso Kamqy

Սիրելի հավատացյալներ,

Այսօր ուզում եմ խոսել անսահման կարևոր մի գաղափարի մասին, որ շատ մարդկանց, միգուցե, անմեկնելի ու անհասանելի մի գաղտնիք է թվում: Խոսքս Աստծո սրբագույն կամքի մասին է: Հիշենք Տերունական աղոթքը, որ սովորեցրեց մեզ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս. «Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցե արքայություն Քո, եղիցի կամք Քո...»: Սիրելիներս, արդեն շատ է խոսվել այն մասին, որ հաճախ, երբ աղոթքի ենք կանգնում, կուլ ենք գնում բանսարկուի հնարքներին ու աղոթքը մեքենայնորեն ենք արտասանում և չենք անցկացնում մեր սրտի ու հոգու միջով: Եվ խոսքս ամենևին էլ ինչ-որ հատուկ ասելաձևի կամ առոգանության, և ոչ էլ շեշտադրված ու անբնական զգացմունքայնության մասին է: Այլ խոսում եմ այն մասին, որ մեքենայնորեն արտասանում ենք աղոթքը և չենք էլ փորձում հասկանալ, թե ինչ ենք խնդրում Աստծուց:

Եթե հիմա հարցնեմ ձեզ, թե ո՞ւմ եք համարում խելացի մարդ՝ վստահաբար տարբեր պատասխաններ կլսեմ: Մեկը կասի, թե խելացի է այն մարդը, ով իր տեղը գտել է այս աշխարհում, լավ աշխատանք, դիրք և ունեցվածք ունի: Մյուսը միգուցե չհամաձայնի այս նյութականով պայմանավորված ձևակերպման հետ և ասի, թե խելացի մարդը բարձրագույն կրթություն ու հարուստ գիտելիքներ ունեցող, մի քանի օտար լեզու իմացող, շատ կարդացած, արվեստասեր և դաստիարակված մեկն է: Մեկն էլ միգուցե առարկի, թե այդ ամենը կապ չունի և խելացին այն մարդն է, ով հասկանում է այս կյանքն ու մարդկանց, բոլորի հետ կարողանում է ընդհանուր լեզու գտնել և ամեն մի դրությունից շահով է դուրս գալիս: Սակայն, քանի որ մենք քրիստոնյա ենք, ապա պիտի տեսնենք, թե քրիստոնեությունն ինչ է սովորեցնում այս հարցի մասին: Սուրբ Անտոն Մեծն ասում է. «Մարդիկ հաճախ խելացի են անվանվում այդ բառի սխալ մեկնաբանությամբ: Խելացիները նրանք չեն, ովքեր հին իմաստունների ասացվածքներն ու գրվածքներն են ուսումնասիրել, այլ նրանք՝ ում հոգին է խելացի, ովքեր կարող են հասկանալ, թե որն է բարին ու չարը, և փախչում են չարից ու հոգու համար վնասակարից: Իսկ բարու և հոգուն օգտակարի համար մեծապես ճգնում են և դա անում են Աստծո հանդեպ մեծագույն երախտագիտության զգացումով: Ահա այս մարդիկ իրավմամաբ խելացի պիտի կոչվեն: Իսկապես խելացի մարդը մեկ հոգս ունի միայն. ողջ հոգով և ամեն կերպ Աստծուն հնազանդվել և գոհացնել Նրան»: Սրբի այս խոսքերից պարզ է դառնում, որ մարդն առանց Աստծո չի կարող խելացի լինել և միայն նա, ով Աստծո կամքն է կատարում՝ իրավունք ունի խելացի կոչվելու: Այդ մասին է խոսում նաև Պողոս առաքյալը՝ եփեսացիներին ուղղված իր նամակում, որտեղ կարդում ենք. «դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5:17): Արդ, գալով Աստծո կամքի գաղափարի կարևորությանը, միասին փորձենք վերլուծել և  հասկանալ այն:

Այսպիսով, որոշ մարդիկ չափազանց լուրջ են վերաբերվում այս հարցին և երբեմն դա ծայրահեղության է հասնում: Օրինակ՝ մարդիկ սկսում են Աստծո կամքը փնտրել իրենց առօրյա, կենցաղային հարցերում. գնե՞լ մեքենա, թե՝ ոչ, վաճառե՞լ բնակարան, թե՝ ոչ և այսպես շարունակ: Ցավոք սրտի, մարդկանց գիտակցությունն այնքան նյութական է դարձել, որ նույնիսկ Աստծո կամքն են կենցաղայինի մեջ փնտրում: Եվ փաստն այն է, որ մենք մեզ համար հստակ որոշում ենք ընդունում, իսկ Աստծո կամքը կարծես կնիքի փոխարեն ենք ուզում ստանալ, որպեսզի մեր ուզածն անենք:

Իսկ տեսնենք, թե Աստծո կամքի ինչ ձևակերպում են տալիս աստվածաբանները: Նրանք ասում են, որ Աստծո կամքը՝ դա Նրա ցանկության և թույլտվության միությունն է: Աստծո ցանկությունը Նրա լիարժեք կամքն է, որ սիրելի արարածի, այսինքն մարդու հավիտենական փրկությունն է ուզում: Աստված մարդու համար այնքան մեծ բարիք է ուզում, քան մենք կարող ենք հասկանալ, կամ ինքներս մեզ համար ցանկանալ: Եվ շատ հաճախ Աստծո բացարձակ կամքը բախվում է մարդու ազատ կամքի հետ, որն էլ մշտապես տատանվում է բարու և չարի միջև: Երևի բոլորի մոտ էլ կյանքում գոնե մեկ անգամ հարց է առաջացել, թե Աստված ինչո՞ւ մարդուն ազատ կամքով ստեղծեց, եթե մարդ, հիմնականում, ի չար է օգտագործում այն: Սակայն պետք է հասկանանք, որ մարդն Աստծո նմանությամբ ստեղծվեց և նրան ազատ կամք շնորհվեց՝ ի նշան Աստծո մեծագույն սիրո, այլապես մարդ անհոգի մի մեքենայի կնմանվեր: Եվ այժմ էլ մարդու ազատ կամքն ուղղակի անհրաժեշտություն է նրա փրկության համար: Մարդ ինքնակամ պետք է փրկության ճանապարհն ընտրի՝ Աստծուն իր կյանքի գլխավոր նպատակն ունենալով: Այսինքն, մարդու փրկության հարցում միաձուլվում են Աստծո և մարդու կամքը: Իսկ ահա, երբ Աստծո կամքը բախվում է մարդու կամքի հետ՝ առաջ է գալիս Աստծո թույլտվությունը: Այսինքն, Աստված թույլ է տալիս, որ մարդու կամքը ոչ միայն բարու, այլև՝ չարի ուղղությամբ էլ գնա: Որովհետև, եթե Աստված ֆիզիկապես կասեցներ չարի ուղղությամբ շարժվող մարդու կամքը, ապա ողջ մարդկությունը վաղուց ոչնչացված պիտի լիներ, քանզի երկրիս երեսին չկա մի անմեղ հոգի, որ երբևէ մեղանչած չլինի: Աստծո թույլտվություն է նաև մարդկությանը պատահող աղետներն ու պատուհասները, որոնք հետևանք են մարդկանց անհատական մեղքերի շատացմանն ու իրար միահյուսմանը, որ ջրի կաթիլների պես շատանում և վարար հորձանքի են վերածվում: Մարդուն պատահող հիվանդությունները, փորձությունները և վշտերը նույնպես կարող են Աստծո թույլտվության հետևանք լինել, որպեսզի մարդ իրեն պատահած պատուհասների մեջ մաքրվի, համբերություն ձեռք բերի և կամք՝ մեղքին հակազդելու և աստվածային լույսով լցվելու համար:

Եկեղեցու հայրերից մեկն ասում է, որ մարդ երեք կամք կարող է կատարել. առաջինն Աստծո կամքն է, որ կատարյալ ու փրկագործ է, երկրորդը մարդու կամքն է, որ առանց Աստծո չի կարող փրկչական լինել, և երրորդը դիվական կամքն է, որ միայն դեպի կործանում է տանում: Այստեղից մենք պետք է հասկանանք, որ միայն Աստծո կամքն է, որ յուրաքանյուր մարդու համար ամփոփվում է նրա հոգու փրկության մեջ: Աստված քննում է ամեն մեկի հոգին ու սիրտը և տալիս է նրան այն, կամ թույլ է տալիս նրան պատահելու այն, ինչը նրան կօգնի դեպի փրկության ճանապարհը ընթանալու: Ամեն մարդ ստանում է ըստ իր ներքին տրամադրվածության և հոգևոր վիճակի: Աստված՝ լինելով ժամանակների ու հավիտենության Տիրակալը, տեսնելով ոչ միայն անցյալն ու ներկան, այլև՝ ապագան, ամենից լավ գիտի, թե ինչն է ի օգուտ մարդու: Ահա այս է պատճառը, որ Աստծո Որդին սովորեցրեց մեզ Աստծո կամքը խնդրել մեր աղոթքներում:

Իսկ Աստծո կամքը կատարելը, սիրելիներ, ամենից առաջ սկսվում է Աստծո Խոսքի ընթերցանությունից և մեր կյանքերում կիրառելուց: Այսինքն, երբ մենք հայտնվում ենք կյանքի մի ինչ-որ իրավիճակում և կանգնում ենք ընտրության առջև՝ պիտի հիշենք, որ հենց այս պահին Տերը նայում է մեզ և մտածենք, թե ի՞նչ է կամենում Նա արդյոք: Պետք է հիշենք Աստվածաշնչյան պատվիրաններն ու մտածենք, թե դրանցից որը կիրառենք տվյալ պարագայում, որպեսզի ըստ Աստծո կամքի գործենք:

Աստծո կամքը ճանաչելու համար մեզ օգնում է նաև սրբերի վարքի ուսումնասիրությունը: Քանի որ սրբերն այն մարդիկ են, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են Աստծո կամքը ճանաչելուն և կատարելուն: Եվ հսկայական, անգին ժառանգություն են թողել մեզանից յուրաքանչյուրի համար: Հետևաբար շատ բան ունենք այս երանելի մարդկանցից սովորելու և նրանց ընդօրինակելու:

Եվ եթե այս ամենից հետո էլի անհասկանալի հարցեր մնան, ապա կարող ենք նաև մեր հոգևոր հայրերին դիմել: Սակայն մեծ հավատով ու աղոթքով պետք է մոտենանք այդ հարցին և խնդրենք Աստծուց, որպեսզի Իր սուրբ կամքը հայտնի մեզ՝ Իր ընտրյալների միջոցով:

Նաև չմոռանանք մեր անձնական աղոթքների կարևորության մասին, սիրելիներ: Սրտանց և հետևողական աղոթքի միջոցով Աստված կարող է Իր կամքը հայտնի դարձնել մեր սրտերին և խաղաղություն պարգևել մեր հոգիներին, քանի որ հայտնի է, որ այն, ինչ Աստծուց չէ՝ խռովում է մարդու հոգին և անհանգստություն պատճառում:

Այս ամենը կօգնի մեր հոգևոր աճին, սիրելի քույրեր և եղբայրներ: Երկարատև պայքարի, փորձությունների և անդադար ճգնանքի միջով անցնելով՝ մարդ մաքրվում է, մոտենում՝ Աստծուն, հոգևոր լույս ու պարզություն և հոգևոր կերպով կշռադատելու շնորհն է ստանում Նրանից և ի վիճակի է դառնում անսխալ կերպով ճանաչելու Աստծո կամքը: Եվ հուսամ, որ պատրաստ ենք ոչ միայն ուղղակի Աստծո կամքն իմանալու, այլև՝ խոնարհաբար և հնազանդորեն այն ընդունելու և ապրելու ըստ Աստծո կամքի:

Արդ, սիրելիներ հետևենք Պողոս առաքյալի խոսքերին, որ ասում է. «Դրա համար մենք էլ՝ այն օրվանից, երբ լսեցինք այդ, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ՝ ունենալով կատարյալ իմաստություն և հոգևոր իմացություն՝ ապրելու համար Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով...» (Կող. 1:10, 11): Թող վերը նշված բոլոր միջոցներն օգնեն մեզ Աստծո սուրբ կամքը գիտենալու և ամեն վայրկյան ու ամեն հարցում մեր կյանքում կիրառելու համար, քանի որ Տիրոջ կամքը կատարելն է միայն, որ մեզ լուսավորում է ու դեպի փրկություն տանում: Ամենքիս մաղթում եմ, որպեսզի իսկապես խելացի լինենք և ամեն անգամ Տերունական աղոթքն ասելիս գիտակցաբար խնդրենք Աստծուն. «եղիցի կամք Քո...» այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

18.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․