25 Նոյեմբեր, Բշ
Մի մարդ առավոտյան շտապում է իր աշխատավայրը:
Գիշերը հորդառատ անձրև էր եկել և ճանապարհը քայլելով անցնելիս տեսնում է ջրափոս:
Նայում է շուրջբոլորը, նկատում, որ կարող է շրջանցել` անցնելով բլրի վրայով: Սակայն որոշում է ցատկել ջրափոսի վրայով, բայց ընկնում է ջրի մեջ:
Դժգոհում է, թե այս անձրևն ինչու եկավ, թե այս եղանակները շատ վատն են:
Հաջորդ օրը կրկին շտապում է իր աշխատանքին, բայց նախորդ օրվա պես գիշերն անձրև էր եկել և ջրափոսն ավելի մեծացել: Այդ պահին մի անծանոթ մարդ է գալիս, կանգնում իր կողքին, նայում պղտոր ջրով լի այդ փոսին, ապա բլրի վրայով շրջանցում ճանապարհը:
Այս մարդը որոշում է կրկին ցատկել ու արագ ճանապարհն անցնել: Նայում է երկնքին, ինքն իրեն ասում, թե Աստված մեծ է, կօգնի, թող Աստծո կամքով լինի:
Ուժ է հավաքում ու մեծ հույսով մի մեծ ցատկ կատարում, բայց այդ նույն մեծ ուժով ցեխաջրի մեջ ընկնում... Ոտքի է կանգնում, Աստծուց դժգոհում, թե ինչու է իրեն ստեղծել, անձրևը ու չարաբաստիկ այս ջրափոսը:
Հաջորդ օրը քայլելով նորից հասնում է ճանապարհի այդ հատվածին, բայց քանի որ գիշերը անձրև չէր եկել, ջրափոսն էլ բավականին փոքրացել էր: Այդ պահին մեկ ուրիշ մարդ է գալիս, բլրի վրայով շրջանցում այդ վայրը:
Այս մարդը մտածում է, որ այս անգամ հեշտ է ցատկելը, և ճամփան երկարացնելու կարիք էլ չկա: Ետ-ետ է գնում, ուժ է հավաքում ու ջրափոսի վրայով հաջողությամբ ցատկում, սակայն հայտնվում է ցեխի ու տիղմի մեջ, որովհետև դեռ ամբողջությամբ այդ ճանապարհի հատվածը չէր չորացել: Բողոքում է Աստծուց, թե իրեն չի օգնում: Այդ պահին երկնքից Աստված ասում է նրան.
- Ո՛վ մարդ, քանի՞անգամ քո կողքով պիտի անցնեմ ու քեզ ուղի ցույց տամ, որ բլրի վրայով շրջանցես:
Հետևությունները թողնում եմ ձեզ... մարդու անտեղի համառության, ցանկության, շտապողականության, Աստծուն փորձելը, ծուլության և այլն:
Կյանքում ամեն մեկս էլ տարբեր պարագաներում հաճախ նմանվում ենք այս մարդուն...
Հովհաննես Մանուկյան