23 Նոյեմբեր, Շբ
Հաճելի արտաքինով, մոտ քսան տարեկան մի աղջկա եմ հիշում: Նա ինձ մոտ եկավ, նստեց ու դեմքի սարսափելի արտահայտությամբ ասաց.
- Ես չեմ կարող փրկվել, ես կործանվում եմ փառասիրությունից:
- Իսկ ի՞նչ ես անում դրա դեմ:
- Չգիտեմ ինչ անել, ես պայքարում եմ դրա դեմ, բայց փառասիրությունը հաղթում է:
- Իսկ ինչո՞ւմ է կայանում քո փառասիրությունը:
- Ամեն անգամ, երբ տեսնում եմ ինձ հայելու կամ արտացոլումս ապակու մեջ, մտածում եմ՝ ի՜նչ լավիկն եմ:
Ես ժպտալով ասացի.
- Բայց դա իսկապես այդպես է:
Նա սարսափահար ինձ նայեց ու բացականչեց.
- Այդ դեպքում ի՞նչ անեմ, ես կործանված եմ:
- Ոչ, կործանված չես: Պիտի սովորես փառասիրությունդ երախտագիտության վերածել: Թե՛ դու, թե՛ ես դեռ շատ հեռու ենք խոնարհությունից, մենք չգիտենք, թե դա ինչ բան է, դա սրբերի հատկությունն է: Իսկ երախտագիտությունն այնպիսի հատկություն է, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է ուզածդ պահի ձեռք բերել:
- Իսկ ինչպե՞ս այդ անել:
- Ահա, թե ինչ արա: Օրը երեք անգամ կանգնիր հայելու դիմաց և թվարկիր այն բոլոր դիմագծերդ, որ քեզ դուր են գալիս՝ ճակատդ, հոնքերդ, աչքերդ, քիթդ, շրթունքներդ, այտերդ, մի խոսքով այն ամենն, ինչ քեզ լավն է թվում: Եվ երբ ավարտես, ասա. «Տե՛ր Աստված, շնորհակալ եմ Քեզ, որ այդ ամենը նվիրել ես ինձ, որովհետև ես չեմ ստեղծել դրանք ինձ համար»: Եվ ավելացրու. «Եվ ներիր ինձ, Տե՛ր, որ Քո տված գեղեցկության վրա այնպիսի զզվելի արտահայտություն եմ դնում, որը հիմա դեմքիս է»:
Կարծում եմ, որ սա կարելի է կիրառել նաև հոգևոր հատկանիշների վրա: Նրանք են «հոգով աղքատ», ովքեր գիտակցում են, որ այն ամենն, ինչ ունեն՝ Աստծուց է, և կեղծ խոնարհություն ձեռք բերելու համար դրանցից հրաժարվելու և ժխտելու փոխարեն, նրանք ընդունում են դա և Աստծուն երախտագիտություն են հայտնում, որ այդ ամենը տվել է իրենց:
Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի