20 Նոյեմբեր, Դշ, Հինանց պահքի Գ օր

Աստծո՞ւ, թե՞ մարդկանց մոտ ենք բարեհաճություն փնտրում

«Ես եմ քո Տեր Աստվածը. ուրիշ աստվածներ չունենա՛ս». «Տասնաբանյա պատվիրաններ»-ից առաջինի դեմ է մեղանչում նա, ով մարդահաճության մեղքի մեջ է: Շատ անգամ թերագնահատվում են փոքր համարվող այս մեղքի իրական վտանգները, բայց խորությամբ քննողը կնկատի, որ մարդահաճոն, հույսը կապելով մարդու հետ, ոչ միայն Աստծուն է մոռանում, այլև ճշմարիտ Աստծուն փոխարինում է մեկ ուրիշ «աստծով»: Մարդահաճությունը հիվանդագին կախվածություն է մարդկային կարծիքներից, վախ՝ հասարակության կողմից հասկացված չլինելու, խրախուսանքներից զրկվելու և կշտամբանքների ենթարկվելու: «Մեծագույն անտարբերությամբ ընկնում ենք մարդկային կրքերի մեջ և վիրավորում մեզ այդքան սիրող Աստծուն, իսկ նրանց, ովքեր չեն կարող մեզ ոչ մի օգուտ բերել, ամեն կերպ հաճոյանում ենք»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը:  

Սովորաբար, մարդահաճոներն ունեն իրենց օգնականները՝ կեղծիքը, երեսպաշտությունն ու շողոքորթությունը: Մարդահաճոների մի մասը գործում է շահամոլությունից դրդված՝ ձգտելով ստանալ երկրային բարիքներն առանց ջանք ու աշխատանքի: Մեկ ուրիշ խումբ էլ մարդահաճության մեջ է ընկնում փառամոլությունից դրդված՝ հետապնդելով բոլորի կողմից բարի խոսքերի արժանանալու «կարևորագույն» նպատակը: Մարդահաճությունը կարող է ծնվել նաև ազդեցիկ ղեկավարների հանդեպ փոքրոգություն դրսևորելուց: Մարդահաճոն և՛ իրեն է վնասում, և՛ դիմացինին: Դա նման է այն իրավիճակին, երբ երեխան մեծահասակից լուցկի է ուզում խաղալու համար, և մեծահասակները, որպեսզի նրան ցավ չպատճառեն, կատարում են նրա կամակորությունը:

Ինչի՞ց են զրկվում մարդահաճոները. նրանք, գերի դառնալով մարդկային կարծիքներին և գնահատանքներին, զրկվում են աստվածապարգև ազատությունից, հոգևոր և բարոյական սկզբունքներից: Այս կիրքը, արմատավորվելով մարդու մեջ, ամբողջովին ամայացնում և անպտուղ է դարձնում հոգևոր կյանքը: Կարևոր է, որ մարդ քննի իր խոսքերն ու արարքները՝ Աստծո՞ւն, թե՞ մարդկանց հաճոյանալու մղումով է խոսում և գործում: «Երբ գիտակցեմ, որ իմ արարքների շարժառիթը մարդահաճությունն է, ապա անհապաղ կձերբազատվեմ այս մեղքից, քանի որ բարին գործել մարդահաճությամբ, նույնն է, թե ջրհորից ջուր հանեմ ծակ դույլով» (Հայր Պաիսիոս Աթոսացի):

«Մի՞թե մարդիկ են հավանություն տալու իմ քարոզած Ավետարանի համար, թե՞ Աստված: Մի՞թե ես մարդկանց սիրաշահելու համար եմ աշխատում: Եթե մարդկանց սիրաշահելու հետևից ընկնեի, ապա կդադարեի Քրիստոսի ծառա լինելուց» (Գաղատացիներ 1:10): «Եթե ես ցանկանայի մարդկանց հաճո լինել,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը Պողոս առաքյալի շուրթերով,- ապա այժմ հրեաների կողմը կլինեի և մինչև հիմա կհետապնդեի եկեղեցուն: Բայց ես անտեսեցի և՛ իմ ազգը, և՛ ընկերներիս, և՛ բարեկամներիս, և՛ բարձր փառքս՝ համբերելով նրանց կողմից հալածանքների, թշնամության և ամենօրյա մահվան»: Տեսնո՞ւմ ես առաքելական ոգին և ավետարանական բարձրությունը: Ով ցանկանում է մարդկանց բարեհաճությունը ձեռք բերել, սկսում է խորամանկել, ստել և կեղծել, որպեսզի ունկնդիրներին դեպի իր կողմը տրամադրի: Եվ հակառակը՝ նա, ով ցանկանում է Աստծուն հաճո լինել և Նրա բարեհաճությանն արժանանալ, անհրաժեշտ է միայն, որ մաքուր միտք ունենա: Առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում, այս մասին կրկին անգամներ անդրադառնալով, ասել է. «Մեր նպատակը ձեր բարեհաճությունը շահելը չէ» (Ա Կորնթ․ 5:12)  և «Ուստի ինձ համար բնավ նշանակություն չունի, թե դուք ինչպե՛ս եք դատում ինձ, կամ մարդիկ ինչպե՛ս են դատում ինձ» (Ա Կորնթ․ 4:3)»:

Առաքելական նամակները թերթելիս՝ հանդիպում ենք նաև Պողոս առաքյալի հետևյալ խոսքերին՝ «Ճիշտ այնպես, ինչպես ես եմ փորձում ամեն ինչում սիրաշահել բոլորին: Ոչ թե իմ անձի օգուտն եմ փնտրում, այլ բոլորինը, որպեսզի փրկվեն» (Ա Կորնթ․ 10:33) և «Հավատով տկարների հետ եղա հավատով տկարի պես, որպեսզի նրանց ևս սիրաշահեմ» (Ա Կորնթ․ 9:22): Առաքյալի խոսքերը վկայում են, որ նա ամեն միջոց գործադրել է, որպեսզի մարդիկ ընդունեն միակ ճշմարտությունը: Երանելի Օգոստինոսը գրել է. «Ով ցանկանում է մարդկանց մեջ ճշմատությունը ներշնչել, նա հոգ է տանում ոչ այն մասին, թե ինչպես հանդիպի մարդկանց բարեհաճ ընդունելությանը, այլ այն մասին, թե ինչպես նրանց հաճելի դարձնի ճշմարտությունը, որը ներշնչում է նրանց»:

Մարդահաճությունից խուսափելը չպետք է դրդի մարդուն մեկ այլ ծայրահեղության՝ մարդկանց հանդեպ ոչ բարեհաճ տրամադրվելուն: Ավետարանում կարդում ենք. «Եթե միայն ձեր ազգակիցների հետ բարեկամություն անեք, հեթանոսներից ավելի ի՞նչ բան արած կլինեք» (Մատթ․ 5:47): Դժվար է, բայց և անհնարին էլ չէ մարդահաճությունից ձերբազատվելը: Եկեղեցու հայրերը նշում են, որ յուրաքանչյուր կիրք հաղթահարվում է այն առաքինությամբ, որ ուղղված է այդ կրքի դեմ, իսկ մարդահաճության դեմ հարկ է ուղղել աստվածահաճության առաքինությունը: Մարդահաճության բոլոր տեսակների դեմ մեծագույն դեղամիջոցը Աստծու հանդեպ երկյուղն է, որ հոգևոր մեծ ուժով է օժտում մարդուն և որը ձեռք է բերվում մեծ ուշադրությամբ և ամենօրյա ջանքերով:  

Հիշենք ավետարանական պատմությունը Զակքեոս մաքսապետի մասին պատմող, ով բոլոր ժամանակների համար աստվածահաճո կերպարի լավագույն օրինակը հանդիսացավ: Նա, հասարակական կարծիքի մասին չմտահոգվելով, իր կարճահասակության պատճառով ժանտաթզենին բարձրացավ, որպեսզի տեսնի Հիսուս Քրիստոսին, որ անցնում էր այդ վայրով (Ղուկաս 19:1-9):

Չմոռանանք երբեմն-երբեմն մեզ այս հարցադրումն ուղղել՝ Աստծո՞ւ, թե՞ մարդկանց մոտ ենք բարեհաճություն փնտրում՝ չմոռանալով նաև, որ «առանց հավատի անհնար է Աստծու բարեհաճությունը շահել» (Եբր․ 11:6):

 

Կարինե Սուգիկյան

29.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․