25 Նոյեմբեր, Բշ
Քրիստոսի ծնունդից շատ առաջ Սիցիլիայում մի տիրակալ կար՝ Հիերոն անունով: Նա իմաստուններ ուներ իր պալատում, որոնց մեջ Սիմոնիդն էր առանձնանում:
Մի անգամ Հիերոնն ասաց նրան.
- Սիմոնի՛դ: Լարի՛ր ողջ իմաստությունդ և բացատրիր ինձ, թե ինչ է Աստված:
- Դժվար հարց ես ինձ առաջարկում, իմ տիրակալ,- պատասխանեց իմաստունը,- թույլ տուր մեկ-երկու օր մտածել:
- Լավ,- համաձայնեց Հիերոնը:
Անցավ երկու օր: Սիմոնիդն արքայի մոտ եկավ և պատասխանելու փոխարեն ևս չորս օր խնդրեց:
Չորս օրն էլ անցավ, իսկ Սիմոնիդը կրկին ժամանակ խնդրեց:
- Արքա՛, ևս ութ օր շնորհիր:
Հիերոնը խոժոռվեց.
- Կատակում ես, Սիմոնիդ: Այսպես որ գնա, շուտով տասնվեց օր կխնդրես մտածելու համար, հետո՝ երեսուներկու: Վերջապես ե՞րբ ես ինձ վերջնական պատասխան տալու:
- Կռահեցիր, տիրակալ,- հանգիստ ասաց Սիմոնիդը,- երբ ութ օրն անցներ, ես տասնվեցն էի խնդրելու, որ մտածեմ, հետո՝ երեսուներկուսը, այնուհետև՝ վաթսունչորսը և այդպես ժամկետն անվերջ կրկնապատկելու էի: Իսկ ինչ վերաբերվում է պատասխանին, ապա ինձ թվում է, որ արդեն տվել եմ քեզ:
- Ինչպե՞ս թե,- զարմացավ Հիերոնը,- Դու ինձ դեռևս ոչինչ չես ասել Աստծո մասին, այլ անընդհատ ժամանակ ես խնդրել:
- Հենց դա էլ իմ պատասխանն է,- ասաց իմաստունը,- Տեր իմ, ոչ ոք ի զորու չէ պատասխանելու քո հարցին: Որքան ավելի շատ ես դրա մասին մտածում, այնքան ավելի քիչ ես հասկանում և ստիպված ես նորանոր ժամկետներ խնդրել: Այդ հարցը սարի պես է: Հեռվից նայելիս այն հսկայական է թվում, իսկ որքան ավելի ես մոտենում այն այնքան ավելի է բարձրանում ու աճում, և դու նրա առջև քեզ այնքան փոքր, խեղճ ու ոչնչություն ես զգում: Եվ եթե սարը չես կարող ձեռքերիդ մեջն առնել ու ծածկել ափով, ապա ինչպե՞ս ես կամենում ուղեղով ընդգրկել նրան, ով և՛ սարն է ստեղծել և՛ մարդուն:
Հիերոնը հասկացավ Սիմոնիդի խոսքերը, աչքերը երկյուղածությամբ երկինք հառեց ու շշնջաց.
- Այո՛: Աստված անըմբռնելի է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի