12 Հոկտեմբեր, Շբ
Մի երիտասարդ վանական, որ քահանայական ձեռնադրություն էր ստացել, դուրս է գալիս վանքի ճաշարանից և քիչ հեռվում տեսնում` քարի վրա, պատկառելի տարիքով անծանոթ մի մարդ է նստած, իսկ նրա շուրջը երեք-չորս հոգի են կանգնած: Երիտասարդ վանականն ինքնագոհ ասում է.
- Հավանաբար անհավատ մարդիկ են, ճաշից հետո ժամանակն է գնալ և քարոզել:
Այնուհետև ճեմելով, հպարտ-հպարտ քայլերով առաջանում է դեպի այդ մարդիկ, իսկ նրա հետևից էլ ճանճերի մի բազմություն` կարծես շուրջպար բռնած նրա գլխավերևում և ակրոբատիկ հնարքներով ոգևորված սուրում դեպի երիտասարդ վանականի դեմքն ու մորուքը:
Ճանճերի այս շքախմբով մոտենում է ու հռետորական կոչով դիմում.- Սիրելիներս, որդյակներս, ես` հայր սուրբս, առաքյալների ժառանգորդը, առաքելական շնորհներով զարդարված, իմ հոգևոր հայրական հորդորն են բաշխում ձեզ, որ պահեք պատվիրանները:
Պատկառելի տարիքով մարդն ասում է.
- Սիրելի՛ եղբայր, դու հիմա զարդարված ես ճանճերով և ոչ թե շնորհներով: Նախ քո մորուքից և շրթունքներից մաքրիր ճաշի մնացորդները, այնուհետև քարոզ խոսիր:
Երիտասարդը վրդովվում է և հարցնում.
- Իսկ դու ո՞վ ես:
Այդտեղ կանգնածներից մեկը ժպտալով պատասխանում է.
- Տղա՛ս, Սուրբ Անդրեաս առաքյալն է:
Ապա տեսիլքն անհետանում է ու շփոթմունքի մատնված երիտասարդ վանականը դանդաղ գրպանից հանում է թաշկինակը և բերանը սրբում:
Ղուկասի Ավետարանում ասվում է. «Եվ նրանց մեջ հակաճառություն առաջացավ, թե իրենցից ով պիտի մեծ համարվի: Եվ նա նրանց ասաց. ՙԱզգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, և նրանք, որ իշխում են նրանց վրա, բարերարներ են կոչվում: Բայց դուք այդպես չլինեք, այլ` ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը`ինչպես սպասավորը: Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը: Չէ որ` սեղան նստողը: Բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր»: (Ղուկ. 22.24-27)
Հովհաննես Մանուկյան