11 Նոյեմբեր, Բշ
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանի հետ
- Աստված փուլ առ փուլ է հայտնվել մարդուն. «Ի սկզբանէ էր Բանն:…և Բանն մարմին եղև, և բնակեաց ի մեզ»:
- Աստվածճանաչողությունն Աստծո հետ ընդհատվող հանդիպումների ընթացք է, որն սկսվում է դեպի Աստված կատարած առաջին վճռական քայլից: Մինչև Աստծուն հանդիպելը ես Աստծո հետ էի, բայց չէի գիտակցում, կամ, ավելի ճիշտ՝ Աստված էր ինձ հետ, կանչն զգում էի և որոշում էի, որ պետք է գնամ եկեղեցի, սակայն անընդհատ հետաձգում էի: Հետո առողջության հետ խնդիր ծագեց… որոշեցի գնալ եկեղեցի: Եկա եկեղեցի և մնացի:
Աստվածճանաչողությունն առանց հոգևոր պատերազմների չի լինում: Հոգևոր պատերազմի ընթացքում թվում է, թե անդունդի եզրով ես քայլում, անպաշտպան լինելու զգացողություն, վախեր, շփոթմունք, և առանց Աստծո դա սարսափելի է, սակայն Աստծով ամեն ինչ իմաստավորվում է: Ընդհատվող հանդիպումների հոդակապերը միանում են, և ձևավորում է հոգևոր հստակ գիտակցությունը՝ Աստված ինձ հետ է, նա ինձ օգնում է, սովորեցնում է և խաղաղեցնում:
Սկիզբը դժվար է, սակայն հոգևոր պտուղներն են քաղցր, որի համար շնորհակալ եմ:
- Տիկին Սաթենիկ, Դուք Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության ատենապետուհին եք, ի՞նչ ծրագրեր է այսօր իրագործում տիկնանց միությունը:
- Տիկնանց միության ատենապետ լինելը ծառայություն է: Սկզբում շփոթված էի՝ պատասխանատվությունը մեծ էր, սակայն մեծ էր նաև ուրախությունը:
Ամեն ինչ սկսվում է առաջին քայլից, առաջին քայլն անելիս լինում են դժվարություններ, անհամաձայնություններ, սակայն որևէ գործ ձեռնարկելուց առաջ պետք է անկեղծ լինել և այդ գործի համար ջանք գործադրելու պատրաստակամություն ունենալ, ինչն էլ որ մենք անում ենք, Աստված մեր սրտի դիտավորությանն է նայում: Եթե մենք ճիշտ հոգևոր վիճակում ենք և ջանք ենք գործադրում, Աստված անպայման օգնում է: Աստված տալիս է հնարավորություն, որի արժեքը հարկ է գիտակցել: Տիկնանց միության նպատակն է համախմբել, միավորել մարդկանց ջանքերը, որպեսզի այդ բարի պտուղները չցրվեն, չփոշիանան և տան իրենց քաղցր պտուղները, և, որ կարևոր է, կազմակերպվի ու ամրապնդվի եկեղեցու հոգևոր համայնքը:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում գործում են թատերական խմբակ, կիրակնօրյա դպրոց, սակայն որևէ նախաձեռնություն իրագործելուց բացի այն պետք է միևնույն ժամանակ ընդլայնվելու խնդիր ունենա՝ այս պարագայում եկեղեցու հոգևոր համայնքն ընդլայնելը և ավելի շատ մարդկանց դեպի եկեղեցի ուղղորդելն է:
- Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով և նմանությամբ, որպեսզի մարդը սիրո հարաբերության մեջ լինի իր Արարչի հետ…
- Աստված մարդուն միաժամանակ տվեց նաև ազատ կամք, որպեսզի մարդն իր ազատ կամքով որոշի՝ միանո՞ւմ է իր Արարչին, թե՞ ոչ: Երբ մարդը որոշում է, Աստված հնարավորություններ և շնորհներ է տալիս՝ համբերության, ներողամտության, գթասրտության, բարության շնորհներ, ինչպես նաև իմաստություն և սեր: Իր ջանքով, աստվածային շնորհներով և անպայման Աստծո օգնությամբ մարդը դիմակայում է իրեն պատուհասած փորձություններին և հոգով ամրանալով՝ հաստատվում է իր հավատի և սիրո մեջ առ Աստված:
- Մի նետեք Ձեր մարգարիտները խոզերի առջև…
- Երբ Աստծո պատվիրանը ճիշտ տեղում ճիշտ ձևով չես կիրառում, և արդյունքը չի լինում այն, որ պատվիրանը կատարելիս Աստված փառաբանվի և քո մեջ, և դիմացինի մեջ, ապա պատվիրանը նպատակին չի ծառայում, և ստացվում է, որ սրբությունը նետեցիր խոզերի առջև:
- Խոնարհ մարդն ամեն բան անում է Աստծո փառքի համար…
- Կատարյալ խոնարհություն է, երբ մարդն իր ունեցած ոչ մի բանով չի հպարտանում, որովհետև հասկանում է, որ ինչ ունի, Աստծուց է տրված իրեն, և Աստծո համեմատ իր ունեցածը շատից քիչն է:
- Ի՞նչ է պակասում մերօրյա կանանց՝ բարեպաշտ կյանքով ապրելու համար:
- Միշտ պետք է զանազանել նպատակը միջոցից, երբ ածանցյալը՝ երկրորդականը, դառնում է առաջնային, միջոցը դառնում է նպատակ, խախտվում է ներդաշնակությունը:
Կինը պետք է լինի գեղեցիկ, հաճելի, սակայն դա կնոջ կյանքն իմաստավորող միակ նպատակը չպետք է լինի, որովհետև ամեն մի սխալ նպատակ սնանկացնում է մարդու հոգին: Աստվածճանաչողությունը փրկում է մեր հոգին սնանկացումից: Դեպի Աստված տանող ճանապարհները բազմազան են և անհատական: Որպեսզի այդ ճանապարհը չլինի մեխանիկական, անհրաժեշտ է, որ Աստծո ամեն խոսքը թափանցի մարդու հոգու մեջ և այնտեղից ծնվի, կյանքի կոչվի, իմաստավորի և արժևորի մարդու կյանքը: Աստծով ամեն ինչ հաղթահարելի է: Եվ օրհնությունն էլ չի ուշանում:
- Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին:
- Աշխարհում ապրելը մարդու համար դժվար է, հատկապես կանանց համար: Բայց այդ դժվարություններից յուրաքանչյուր մարդու համար դուռ է բացվում դեպի Աստված: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ոք գտնի դեպի Աստված տանող դուռը: Եվ դա կուրախացնի, կերջանկացնի մարդկանց:
Աղբյուրը՝ Պառլամենտ ամսագիր