«Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն»

Մարդկային բազմաթիվ դժվարություններ և հոգսեր հաղթահարվում են Աստծո ողորմածությամբ: Աստված Իր առատ ողորմածությամբ այնքան շնորհներ է պարգևում մարդուն, որ նա էլ իր հերթին ողորմած և գթասիրտ լինի իր նմանի նկատմամբ:

Ողորմածությամբ մարդը շահում է Աստծո հաճությունը, քանի որ Նա է Սիրո, Բարության, Ողորմածության և Կյանքի աղբյուրը: Բացի աստվածահաճո լինելուց, ողորմած մարդը շահելու է նաև Երկնքի Արքայությունը: Մատթեոսի ավետարանում, վերջին դատաստանի նկարագրության մեջ, Թագավորն արդարներին կանգնեցնելու է Իր աջ կողմում, իսկ մեղավորներին ՝ ձախ: Եվ դիմելով ողորմության գործերով զարդարված աջակողմյաններին՝ ասելու է. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն Արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր, որովհետև Ես քաղցած էի, և Ինձ կերակրեցիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվեցիք, օտարական էի, և Ինձ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի և Ինձ խնամեցիք, բանտում էի, և այցելեցիք Ինձ» (Մատթեոս 25:34-36):

Շարունակելով աստվածահաճո իր ընթացքը՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ միասին, փետրվարի 22-ին այցելեց Նազարբեկյան 48 կիսակառույց շենքի 18-րդ բնակարանում ապրող կարիքավոր ընտանիքին: Տանիքի բացակայության պատճառով, 9-րդ հարկի երեք սենյականոց խոնավ բնակարանում ապրող Կուրղինյան ընտանիքը փորձում է փայտի վառարանով գոնե սենյակերից մեկը քիչ թե շատ չորացնել: 53-ամյա Կուրղինյան Մելանյան ապրում է իր դստեր՝ 33-ամյա Անուշ Ամիրշաջյանի և երեք անչափահաս թոռների հետ: Շաքարախտ և սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող Մելանյան այժմ նաև երիկամի վիրահատության խնդիր ունի, դուստրն էլ առողջական խնդիրների պատճառով մեկ տարի է, որ չի աշխատում: Քահանաները բժշկության աղոթք կարդացին ընտանիքի համար և հանձնեցին համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթներ, հիգիենայի պարագաներ և դրամական օգնություն: Տեր Վահանը հոգու և մարմնի առողջություն, ուժ, կարողություն մաղթեց կարիքի մեջ հայտնված այս ընտանիքին:

«Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն. աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի» (Առակներ 22:9):

 

 

Կարինե Սուգիկյան

22.02.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․