Ժամանակը մեր շուրջն անընդհատ փոխվում է, փոփոխվող աշխարհում ոչինչ հաստատուն չէ: Պլանները, որ մարդը կառուցում է ապագայի համար, հնարավոր է չիրագործվեն. առողջ մարդը կարող է վաղը հիվանդանալ, հարուստը աղքատանալ, կամ մարդը, որ այսօր ապրում է, վաղը կարող է այլևս չլինել: Փոփոխական և անցողիկ աշխարհում կարևոր է, թե մարդն ի՞նչ ժամանակով է ապրում, ո՞րն է իր համար գլխավոր ժամանակը: Իմաստուններից մեկն ասել է, որ մեծ խնդիրներն առաջ են գալիս ժամանակին չարված փոքր գործերից: Տերը պատգամում է մարդուն ապրել ներկայով, արժևորել ապրած յուրաքանչյուր օրը և արժևորել պատվիրանապահությամբ, երբեմն մարդու համար փոքր թվացող բարի գործերով. «Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես թե՝«Գնա՛, կգաս, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ» (Առակ. 3:27-29): Եկեղեցու հայրերն էլ իրենց հերթին հորդորում են օրն ապրել՝ որպես կյանքի վերջին օր, որպես ապաշխարության և բարիք գործելու ևս մեկ հնարավորություն:
Աստվածապարգև օրն աստվածահաճո գործերով արժևորելու նպատակ են հետապնդում այն սոցիալական ծրագրերը, որ իրագործվում են եկեղեցական համայնքային կյանքից ներս: Հունիսի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Ռուզաննային (52 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ռուզաննայի տասներեքամյա դուստրը՝ Մելինեն (13 տ.), տառապում է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդությամբ: Երեխայի ծնունդից հետո ընտանիքի հայրը լքել է ընտանիքը, և Ռուզաննան դստեր հետ տեղափոխվել է իր ծնողների բնակարան, որ գտնվում է Էջմիածին ք. Չարենցի փողոց 3-րդ շենք, 23 բն. հասցեում: Ընտանեկան նպաստի և երեխային հատկացվող հաշմանդամության գումարով նա մեծ դժվարությամբ է կարողանում հոգալ իրենց կարիքները: «Աղջիկս սովորում է Էջմիածնի Ե. Օտյանի անվան թիվ 7 ներառական դպրոցում: Նա ո՛չ խոսում է, ո՛չ քայլում, տարբեր վերականգնողական կենտրոններ հաճախելուց բացի ես նրան ձիարշավարան և շաբաթը երկու անգամ խեցեգործության եմ տանում: Փառք Աստծո, մի փոքր առաջընթաց ունենք»,- ասաց Ռուզաննան և շնորհակալություն հայտնեց Վարդանյան ընտանիքին՝ ցուցաբերված աջակցության համար:
Կարինե Սուգիկյան