Գրքեր

Աստվածամայրը մեր բոլորի մայրն է

«Այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան…»

Հիշյալ մարգարեական խոսքերը սուրբ Մարիամն ասաց այն ժամանակ, երբ այցելեց իր բարեկամուհի Եղիսաբեթին՝ Հովհաննես Մկրտչի մորը, ով բավական առաջացած տարիքում էր և հղի էր: Եվ երբ Եղիասբեթը սբ. Մարիամի ողջույնն առավ, մանուկը ցնծալով խայտաց նրա որովայնում՝ ճանաչելով իր Փրկչին: Եվ այդժամ, ինչպես պատմում է ավետարանիչը, Եղիսաբեթը, առաջինը համայն մարդկության կողմից ասաց. «Օրհնյա¯լ ես դու կանանց մեջ և օրհնյա¯լ է քո որովայնի պտուղը: Որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա. որովհետև ահավասիկ երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:42-45): Եվ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց Իմ Փրկիչ Աստուծով…այսուհետև բոլոր ազգերը ինձ երանի պիտի տան» (Ղուկ. 1:46-48): Եվ սրբուհու մարգարեությունն իրականություն դարձավ: Նրա հավատն այնքա¯ն կատարյալ գտնվեց և խոնարհությունը՝ գերազանց, որ նա արժանացավ Աստծո Միածին Որդու Մայրը լինելու մեծագույն երանությանը:  Աստվածամայրը զերծ էր թե´ մահացու, թե´ ներելի մեղքերից, իսկ ադամական մեղքից սրբվեց ավետման պահին: Ստանալով Գաբրիել հրեշտակապետի ավետիսը, նա չընդդիմացավ Աստծու կամքին, այլ խոնարհաբար ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը: Թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Այդ մեծագույն ավետիսով սկսվեց մարդկության փրկագործությունը: Այդ պահից Աստվածամայրն իր մեջ ընդունեց Աստծո Միածին Որդուն՝ դառնալով մարդկային ապականված, շնորհազուրկ բնության նորոգության սկիզբը: Եկեղեցին Սրբուհի Կույս Մարիամին Աստվածամայր է անվանում, որովհետև Նա հղիացավ Սուրբ Հոգուց, և Նրանից ծնվեց Ինքն Աստված՝ Հոր Միածին և փառակից Որդին՝ միավորված մարդկային բնությանը: Աստվածամայրը լի էր բոլոր առաքինություններով՝ խոնարհություն, համբերություն, Աստծո կամքի համակերպություն…: Նա սիրում էր Աստծուն իր ողջ էությամբ: Իր մեծությունը գիտակցելով հանդերձ՝ Նա երբեք չկորցրեց իր խոնարհությունը և մինչև իր Վերափոխումը, մնաց Աստծո հնազանդ աղախինը: Նա վառվում էր ողջ մարդկության հանդեպ մեծ սիրով, աղոթում և տառապում էր աշխարհի համար: Այդ սիրո շնորհիվ բարեհոգաբար տարավ իր սրտով անցնող սուրը՝ Որդու չարչարանքները սգալով առանց ցասման ու նզովքի, սրտում չկորցնելով պայծառ հավատը Նրա հարության և փրկագործության հանդեպ:

Աստվածամոր շնորհիվ է, որ կինը վերջապես իր տեղը գտավ մարդկային քաղաքակրթության մեջ, քանզի մինչ քրիստոնեությունը կինը տղամարդուն հավասար անձ չէր համարվում՝ հակառակ իր արժանիքներին, սակայն քրիստոնեությունը բարձրացրեց  կնոջը. Աստվածամոր շնորհիվ կինը ազատվեց այն անեծքից ու դատապարտությունից, որին արժանացել էր իր նախամայր Եվայի անհնազանդության ու պատվիրանազանցության պատճառով: Ըստ Աստվածաշունչ Մատյանի՝ երբ Աստված առաջին անգամ խոսեց Եվայի հետ նրա մեղանչումից հետո, ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերը և հառաչանքները, ցավերով պիտի երեխաներ ծնես» (տես Ծննդ. 3:16): Իսկ Նոր Եվային՝ սբ. Կույսին, Աստված ուրախություն ու շնորհ ուղարկեց, որովհետև մեր նախամոր միջոցով աշխարհ մտավ անեծքը, իսկ սուրբ Մարիամի միջոցով՝ Շնորհն ու Լույսը, Փրկությունն ու Կյանքը՝ Հիսուս Քրիստոսը: Ինչպես ասում է սուրբ Գր. Տաթևացին. «Սբ. Աստվածածինը իր Միածին Որդու կույս և անապական ծննդյամբ մեր պատիվն առավել դարձրեց Ադամի և հրեշտակների պատվի համեմատ: Քանզի ոչ միայն մեզ տվեց Ադամի փառքը, որ նա ուներ դրախտում, այլև այն, ինչ Աստված խոստացավ նրան՝ երկնքի արքայությունը»: Նաև՝  Աստվածորդին ծնվեց այն քարայրում, որտեղ թաղված էին Եվայի նշխարները, որպեսզի Եվան առողջանա Աստվածածնով՝ ազատվելով երկունքի անեծքից («Քարոզ Քրիստոսի Ծննդյան մասին»): Եվ ահա այդ պատճառով էլ սբ. Գր. Նարեկացին իր «Մատյանում» Աստվածամորն անվանում է «Եվայի երկունքի ցավազերծող»…: Այսպիսով՝ քրիստոնեությունը բարձրացրեց կնոջը՝ որպես կենսունակ ուժի. կինը օժտված է նվիրումի, սիրո, հեզության, հնազանդության, քաղցրության շնորհով, և քրիստոնեությունը, որ իր էությամբ Սեր է, արժեքավորեց կնոջը՝ «խավարի տաճարից» դարձնելով «լույսի տաճար»: Եվ այս բոլոր օրհնությունների սկիզբը դրեց սուրբ Կույս Մարիամը՝ լինելով ամենօրհնյալը բոլոր կանանցից և մարմնավորեց այդ առաքինությունները: Քրիստոսի հավատարիմ հետևորդների մեջ էլ շատ էին կանայք. կանայք էին Նրա կողքին խաչելության պահին և հենց կանայք էլ դարձան հաղթական հարության ավետաբերները…:

Եկեղեցական պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլև հրեշտակներից էլ բարձր է դասվում: Քրիստոսից և Խաչից հետո Նա ամենաբարձր պատիվը և տեղն ունի: Աստվածամայրը ամենամեծ բարեխոսն է համայն աշխարհի համար իր Որդու առջև: Նրա բարեխոսությունը հայցելով է սկսվում պատարագի արարողությունը, բազում աղոթքներ անմիջականորեն ուղղված են Նրան՝ որպես Աստվածորդուն ամենամերձ և իր գթառատությամբ մեզ ամենից շուտ անսացող սուրբ անձնավորության: Աստվածամորն են նվիրված բազմաթիվ ներբողներ ու ծավալուն շարականներ: Մեր եկեղեցին տոնում է սուրբ Կույսի կյանքի բոլոր կարևոր հանգրվանները՝ Հղիությունը, Ծնունդը, Ընծայումը, Ավետումը, Ննջումը և Վերափոխումը: …Աստվածամայրը հետևեց իր Որդուն մսուրից մինչև Գողգոթա: Նա երեսուներեք տարի մնաց Փրկչի հետ: Եվ խաչի վրա Քրիստոս Իր Մորը հանձնեց Հովհաննես ավետարանչին, որը երկյուղածությամբ սպասավորեց նրան տասներկու տարի: Տիրամայրը, վաթսուն տարի ապրելով մարմնի մեջ, հոգով վերափոխվեց դեպի գերաշխարհայինների կայանը՝ իր Արքա Որդու և մեր Աստծո արքայությունը: Քանզի «ինչպես Տերը քաղցրացրեց մահվան դառնությունը՝ կամավորաբար իբրև ուրախարար գինի ճաշակելով այն, այնպես էլ Իր Մորը չխնայեց մահից, այլ Իրեն մահակից ու գերեզմանակից դարձրեց նրան՝ կցորդելով Իր համբարձմանը, դարձնելով հաղորդ Իր Հարությանը և ժառանգորդ Իր փառքին» (սբ. Գր. Տաթևացի): Վերափոխվելով երկինք՝ Նա անճառելի փառքի և անվախճան պատվի մեջ է՝ բարեխոսելու նրանց համար, ովքեր իրեն Աստվածածին են խոստովանում և իր Որդուն՝ ճշմարիտ Աստված: Կանանց մեջ օրհնյալ ամենասուրբ Աստվածածինը մեզ հետ է միշտ, իրեն Աստվածածին խոստովանողների հոգում, սրտում և շուրթերին:

Սբ. Աստվածամոր օրինակելի և առաքինի կյանքը դարեր շարունակ համայն մարդկության համար ներշնչանքի անսպառ աղբյուր է հանդիսացել: Նրա հեզությունն ու խոնարհությունը բոլոր ժամանակներում մայրության օրինակ են հանդիսացել և այսօր էլ Նա լավագույն օրինակն է հայ կնոջ համար: Մաքուր սրտով և անմոլար ընթացքով հայցենք սուրբ Տիրամոր անդառնալի բարեխոսությունը՝ աղաչելով. «Քո առջև ենք ընկնում, սուրբ Աստվածածին, և աղաչում անարատ Կույսիդ՝ բարեխոսիր մեր անձերի համար և աղաչիր Միածին Որդուդ՝ փրկել մեզ փորձությունից և մեր բոլոր վտանգներից. ամեն»:

 

Անժելա Խաչատրյան

06.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․