13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Հոտ հանդերձից քոց քան զամենայն խունկս։
Քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից (Երգ երգոց 4։10)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․
Այսօր տոնախմբում ենք հինգ տաղավար տոներից Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որով հիշատակվում է Սուրբ Կույսի վերափոխումը, փոխադրվելը երկինք։ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը, որ մյուս աշակերտների հետ ներկա չէր Աստվածամոր հուղարկավորության ժամանակ, գալիս է ու ցանկություն է հայտնում տեսնելու նրա գերեզմանը։ Բացելով՝ աշակերտներն այն թափուր են գտնում ու հասկանում իսկությունը, որ Տերը նրան փոխադրել է երկինք։
Գրաբարում «վերափոխումն» նշանակում է «դեպի վեր՝ երկինք փոխադրվելը» (Ռ. Ղազարյան, Գրաբարի բառարան), իսկ այսօր «վերափոխվել» նշանակում է «1. Փոխվելով մի այլ բանի վերածվել, այլ բնույթ, էություն ստանալ, 2. Բարելավման նպատակներով փոփոխությունների ենթարկվել» (Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան)։ Սիրելինե՛ր, այսօր, մեր հայացքների առաջ և խորհուրդներում ունենալով Սուրբ Կույսի մաքրամաքուր կերպարը, մտածենք վերափոխվելու մասին, մեր հոգիները մեղքերից մաքրելու, մեր մտքերից ու սրտերից աղբը հանելու և Աստծուն հաճելի ներկայանալու մասին։ Այսօր կատարվելու է խաղողի և ամբողջ բերքի օրհնության կարգ, օրհնվելու են հայոց անդաստանները։ Պահք պահելով, ապաշխարելով ու աղոթք անելով՝ եկել ենք Տիրոջ առաջ։ Ուստի հաղորդվենք և խնդրենք Նրանից, որ մաքրի մեզ, որպեսզի մեղքը չարմատավորվի մեր մեջ և սովորական չդառնա մեզ համար։ Խնդրենք Նրանից, որ մաքուր հոգին, սիրտն ու միտքը մեզ համար ախորժելի լինեն, որ Տերը վերափոխի մեզ, դարձնի Երկնային Արքայության արժանի զավակներ, մեղքերի խոստովանությամբ դատարկվենք ու Սուրբ Հոգով լցվենք, նորից չընկնենք մեղքերի մեջ, չհիվանդանանք, այլ կազդուրվենք, բժշկվենք ու վերափոխված նոր մարդ դառնանք։
Մեր քրիստոնեական հավատքը, որի շնորհիվ մաքրվում ու սրբվում ենք մեղքերից, պիտի գեղեցկացնի ու ազնվացնի մեզ։ Քրիստոնյա դառնալով, մկրտվելով ու հաղորդություն ստանալով՝ մեր կյանքը պիտի վերափոխվի։ Պիտի վերափոխվի մեր ցանկությամբ, մեր ձգտումներով, մեր ջանքերով ու Աստծո՛ւ շնորհով։ Մենք այլևս նույնը չպիտի լինենք։
Սուրբ Անտոն Անապատականն ասում է, որ մարդ սկզբում հրաժարվում է մեղք գործելուց Աստծու երկյուղից, իսկ հետո՝ արդեն հանուն Աստծու սիրո։ Մենք էլ, երբ նոր էինք դարձի գալիս, վախենում էինք Աստվածային պատժից, իսկ հետո, Աստծուն սիրելով, ատեցինք մեղքը և սիրեցինք մեր հոգու սրբությունը։ Մեր հոգուն հարկավոր է վերադարձ կատարել դեպի մանկական մաքրությունը։ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի», ասում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս (Մատթեոս 18։3)։
Ամեն տարի՝ Ամանորին, մարդ երազում է նախորդ տարվանից ավելի լավ ապրել, իր հնարավորություններն ու պայմանները փոխված և բարելավված տեսնել, ավելի բարեկեցիկ կարգավիճակ ունենալ, ցանկանում է տեսնել իր երազանքները կատարված, սակայն հարց է ծագում։ Արդյոք մարդը երազո՞ւմ է իրեն փոխված տեսնել, վերափոխվել, արդյոք որոշո՞ւմ է կայացնում նախորդ տարվա մեղքերի մեջ չընկնել, նույն սխալները թույլ չտալ, մեղքերից հրաժարվել, նորոգվել հին մարդուց, զգեստավորվել հավատքի ու սրբության նոր զգեստներով։ Մեր վերափոխությունը սկսվում է ապաշխարությամբ, և դրանով ուրախանում է երկինքը, սակայն շահում է մեր հոգին, որովհետև ապահովվում է մեր փրկությունը։ Քրիստոս ասում է. «Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկաս 15։10)։
Այսօր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին, խնդրենք բազում առաքինություններով լցված Տիրամոր բարեխոսությունը մեր հոգիների վերափոխության համար։
Աղոթենք Աստծուն, որ մեր վերափոխությունը քաղցրություն հաղորդի և՛ մեր կյանքին, և՛ այլոց։ Վերափոխվենք Լեռան քարոզի պատվիրանների գործադրումով, նորոգվենք աղոթքով ու պահքով, Աստծու հույսով մխիթարվենք, սիրով ու հավատով հոգու խաղաղություն ու խնդություն ձեռք բերենք, Սուրբ Գրքի ընթերցանությամբ մեղքերից ու վատ սովորություններից ազատվենք, բարի գործերում մեր մասնակցությունն ունենանք, նպաստենք խաղաղությանն ու հաշտեցմանը, մխիթարենք սգավորերին, թույլերի ու տկարների համար զորություն ու ուժ դառնանք, հենարան ու ապավեն փնտրողներին Աստծու ճանապարհը ցույց տանք, ներվելու արժանի չեղողներին էլ ներենք, օգնության ձեռք մեկնենք մեզ փոխհատուցել չկարողացողներին, բամբասանքն ու ուրիշներին դատելը թողնենք և մեր անձով ու կյանքով ապրենք, Աստծու պատվիրաններով միայն Աստվածաշունչը ընթերցելիս չհիանանք, այլ դրանց կիրառումով ըմբոշխնենք դրանց պարգևած քաղցրությունը։
Այո՛, դուք կարող եք հակադարձել՝ ասելով, որ աշխարհը փորձություններով լի է, և շատ բարդ է կյանքը, ոչինչ հեշտ չէ, դաժան պայքար է ընթանում մարդկանց միջև, խարդախություններն ու խաբեբայությունները ամեն քայլափոխին սպասում են մարդկանց, և որ առաքինի, բարի ու առատաձեռն, ներողամիտ, ազնիվ ու արդար, անկեղծ լինել հնարավոր է միայն գրքերում։ Սակայն հիշենք, որ Սուրբ Կույսը, բացի Իր Որդու խաչելությունն ու մահը տեսնելուց, տեսավ նաև հրեաների հալածանքներն ու չարչարանքները, բայց միշտ մնաց նույն խոնարհն ու հեզը։ Հրեաները, նախատինքների տարափ տեղալով, փորձում էին տրտմեցնել Աստվածամորը, որպեսզի նա կա՛մ փախչի այդ երկրից, կա՛մ տրտմությունից մահանա։ Սակայն նա անդրդվելի մնաց, հավատն ու հույսը առ Աստված չկորցրեց։ Նրան թույլ չէին տալիս այցելել տնօրինական վայրերը՝ Տիրոջ գերեզմանը կամ Գեթսեմանիի պարտեզը, և աղոթել, հետևաբար նա ծածուկ էր գնում այնտեղ։ Հակոբոսին՝ Հովհաննեսի եղբորը սպանելուց հետո հրեաները փորձեցին այրել այն տունը, որտեղ բնակվում էր Մարիամը։ Սակայն կրակն այրեց յոթ հոգու, իսկ Կայիափա, Աննա և Ղևի քահանայապետները կիսամեռ փախան, բայց տունը չվնասվեց։
Տիրոջ մկրտության օրը Սուրբ Աստվածամայրը Հովհաննեսի հետ գնաց Հորդանան, որտեղ հրեաները ցանկացան բռնել նրան, սակայն հրեշտակը նրանց անցկացրեց գետի մյուս ափը, իսկ հրեաներից քսան հոգի խեղդվեց ջրում։ Համբարձման տոնին Ձիթենյաց լեռան վրա հրեաները ցանկացան քարկոծել նրան և նրա հետ եղողներին, սակայն միմյանց քարկոծեցին, ու նրանցից հիսուն հոգի սպանվեց (Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները (տոնախոսական բացատրությամբ), աշխատասիրությամբ Արամ Դիլանյանի)։
Սիրելինե՛ր, այսօր աղոթենք վերափոխվելու համար և հետևենք Սուրբ Մարիամ Աստվածածնի վերջին պատգամին, որով մեզ հորդորում է ապրել ճշմարիտ քրիստոնեական կյանքով և չնահանջել ու չհուսահատվել. «Քաջալերվե՛ք ձեր հույս Քրիստոսով, թոթափվե՛ք ձեր կյանքում սատանայի պատրանքներից, որ ամեն օր մարտնչում է Աստծո ծառաների դեմ, մի՛ թուլացեք ձեր ամենօրյա աղոթքներում և Աստծո շնորհներով պահպանված կլինեք»։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։
Տեր Վահան քհն. Առաքելյան