25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է մեր սիրելի Երկնավոր Մոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի՝ Տաճարին ընծայման տոնը:
Եկեղեցու սրբազան ավանդությունը պատմում է, որ Սուրբ Աստվածամոր կյանքի այս կարևորագույն դրվագը որոշված էր դեռևս նրա ծննդից առաջ, քանի որ Սուրբ Կույսի աստվածավախ ու բարեշնորհ ծնողները՝ Հովակիմն ու Աննան, տարիքն արդեն առել էին, սակայն զավակ չունեին: Եվ խոստացան Աստծուն, որ եթե զավակ ունենան, նրան պիտի ընծայեն Երկնավոր Հորը: Ուստի երբ Բարեգութ Աստված լսեց նրանց աղոթքներն ու Սուրբ Մարիամին պարգևեց, նրանք էլ պահեցին խոստումը և իրենց փոքրիկ դստերը Աստծու Տաճարին ընծայեցին, որ մեծանա Տիրոջ շնորհի և աստվածային լույսի ներքո:
Երեխաներին Աստծու Տաճարին ընծայելը ընդունված էր հին Իսրայելում, և շատերն էին այդ կերպ վարվում՝ կարևորելով երեխայի կյանքի առաջին քայլերն Աստծու տանն սկսելը, և Աստվածամոր պարագայում էլ այլ կերպ լինել չէր կարող, քանի որ կանանցից Ամենաերանելին, որին վիճակված էր ծնվել այս մեղավոր աշխարհում, սակայն հետագայում քերովբեներից ու սերովբեներից ավելի վեր դասվել, Որը պիտի արժանանար Աստծու Մաքրամաքուր Անոթը լինելու պատվին, չէր կարող կյանքի իր ուղին այլ կերպ սկսել, քան Աստծուն ծառայելն է: Եվ արդեն այդ պահից սկսած` Տերը պարզորոշ ցույց տվեց, որ Սուրբ Մարիամն ընտրված է Իր կողմից, քանի որ Տաճարին ընծայմանն առնչվող ամեն բան դա էր վկայում: Ավանդությունն ասում է, որ դեպի Երուսաղեմի տաճարի մուտքը տասնհինգ աստիճան էր տանում, և հասուն մարդն էր ի զորու ինքնուրույն հաղթահարել դրանք, սակայն երբ երեքամյա Մարիամին առաջին աստիճանին կանգնեցրին, նա, Տիրոջ զորությամբ ամրապնդվելով, ինքնուրույն բարձրացավ մինչև վերջ: Իսկ այնտեղ նրան դիմավորելու դուրս եկավ ինքը՝ Զաքարիա քահանայապետը, և Աստծուց ներշնչվելով՝ Սրբության Սրբոց տարավ, այնտեղ, ուր Ուխտի տապանակ էր պահվում, և ուր միայն մեկ մարդ՝ հենց ինքը՝ քահանայապետը, մտնելու իրավունք ուներ, այն էլ` տարին մեկ անգամ: Ահա այս հրաշալի իրադարձությունն էլ սկիզբ դրեց Սուրբ Կույսի աստվածահաճո ընթացքին:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, ամենքիս էլ ակնհայտ է, որ Ամենասուրբ Կույսի ծնունդը պայմանավորված էր Տիրոջ նախախնամությամբ: Հստակ է, որ Աստվածամայրն օժտված էր հոգու և մարմնի այնպիսի մաքրությամբ, որ արժանացավ մեր Փրկչի Մայրը լինելու մեծագույն պատվին, սակայն, միևնույն է, անհրաժեշտ եղավ, որ Աստծու Ընտրյալ Աղախինը երկար ժամանակ անցկացնի Տիրոջ տաճարում՝ ուսումնասիրելով Նրա Խոսքն ու աճելով աղոթքի, աստվածային ճշմարտությունների ու առաքինությունների մեջ: Աստծու տաճարում անցկացրած տարիներին Սուրբ Կույսն այնպիսի կատարյալ խոնարհության հասավ, որ նույնիսկ լիովին չըմբռնելով, թե Գաբրիել Հրեշտակապետի բերած ավետիսը ինչպես է հնարավոր, պատասխանեց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:38)։
Մեզ համար խոնարհության ու հեզության կատարյալ օրինակ Սուրբ Աստվածամոր կյանքի այս դրվագը, որ Եկեղեցին տոն է հռչակել, շատ խորունկ խորհուրդ ունի, սիրելինե՛ր, և շատ բան է սովորեցնում մեզ: Նախ` ակնհայտորեն տեսնում ենք, որ Արարիչն ու սիրող Ծնողը միշտ լսում է աստվածային կամքին համապատասխան աղոթքներն ու բարի խնդրվածքները և շնորհում խնդրածը: Երկրորդ` սովորում ենք, որ երբ նեղության, փորձության, վշտի կամ վտանգի պահին ինչ-որ բան ենք խոստանում Աստծուն, միշտ պետք է կատարենք, այլ ոչ թե մոռացության մատնենք՝ անկարևոր կամ դժվար իրականանալի համարելով: Եվ երրորդ` Աստվածամոր ողջ կյանքի ընթացքը՝ մանկությունից մինչ ննջում, նրա վերաբերմունքն ու կապն Աստծու տաճարին, առ Աստված անկեղծ սիրո ու անվերջ նվիրումի կենդանի օրինակ է ամենքիս: Նաև օրինակ է հատկապես մեր երեխաների ճիշտ և աստվածահաճո դաստիարակության հարցում: Երբ նրանք դեռևս փոքր են, և նրանց անաղարտ հոգիները դեռևս չեն հասցրել ամեն տեսակի անպետք ու վնասաբեր տեղեկատվությամբ լցվել, շտապենք նրանց մաքուր սրտերում դրոշմել Աստծու պատվիրաններն ու խրատները: Հաճախակի Եկեղեցի՛ բերեք մանուկներին, սիրելի՛ հավատացյալներ, սովորեցրե՛ք աղոթել, օգնե՛ք նրանց ճանաչել ու փոքր հասակից արդեն առաջնորդվել աստվածային անսահման սիրով: Այսօրվանից նրանց մեջ սերմանե՛ք այն, ինչ ակնկալում եք քաղել վաղը:
Արդեն նշեցի, սիրելի՛ հավատացյալներ, որ Սուրբ Աստվածածինն անաղարտ էր հոգով և մարմնով, սակայն, միևնույն է, կարիք ուներ Աստծու տանը գտնվելու, Նրանից կերակրվելու և աղոթքի մեջ հարատևելու: Արդ, ի՞նչ եք կարծում, սիրելինե՛ր, որքա՜ն առավել մենք ունենք դրա կարիքը, երբ շրջապատված ենք երևելի ու աներևույթ թշնամիներով ու վտանգներով, մեր հոգևոր կյանքում ամեն քայլափոխի ենթարկվում ենք գայթակղությունների և հանդիպում ծուղակների: Այսպիսի փոթորկահույզ ժամանակներում Եկեղեցին է այն միակ խաղաղ հանգրվանը, որտեղ կարող ենք մեզ զգալ հարազատ հարկի ներքո, զգալ մեր Սիրող Հոր կենդանի շունչը, որ հուսադրում ու պաշտպանում է մեզ և մեր ճանապարհը վստահորեն ուղղում դեպի փրկություն: Եկեղեցու սուրբ Խորհուրդների ժամանակ առատորեն բաշխվում են Սուրբ Հոգու շնորհները՝ բալասան լինելով մեր հոգու և մարմնի տկարություններին: Եվ ձեզանից շատ-շատերը կհաստատեն այն փաստը, որ հատկապես Սուրբ Պատարագից հետո, մարդիկ Եկեղեցուց դուրս են գալիս շատ ավելի խաղաղ ու նորոգ հոգեվիճակում, քան մինչ այդ էին: Եվ որքան ավելի հաճախ ենք Եկեղեցի գալիս, այնքան ավելի ենք մեր կյանքում զգում Աստծու օրհնությունն ու ներկայությունը:
Սիրելինե՛ր, ժամանակակից խորամանկ աշխարհն ամեն ջանք ու ճիգ գործադրում է, որ մարդը դադարի Արարչին փառաբանելուց ու հեռանա Կենաց Աղբյուրից: Տեղեկատվական միջոցները, զանազան կեղծ ուսմունքներն այսօր սովորեցնում են մեծարել ոչ թե Արարչին, այլ արարածին` ասելով, թե հույսդ միայն քեզ վրա պիտի դնես, որ եթե ինչ-որ բաների ես հասել կյանքում, ապա միմիայն քո տաղանդի կամ հնարավորությունների շնորհիվ, եթե ցանկանաս, ապա ամեն ինչ կարող ես անել, և այսպես շարունակ: Եվ միայն Եկեղեցին է անդադար մեզ հիշեցնում, որ առանց Արարչի՝ արարածը ոչինչ է: Որ երբեք էլ ոչինչ չէինք ունենա, եթե Տիրոջ անսահման սերն ու ողորմածությունը չլիներ: Եվ միայն Եկեղեցում ենք գիտակցում, թե ինչ անկյալ վիճակում ենք, որքան ենք հեռացել Երկնավոր Ծնողից ու մեր մեջ աղավաղել Նրա կատարյալ պատկերը: Միայն Եկեղեցում ենք սովորում, որ մեր սխալները, տկարություններն ու մեղքերը խոնարհաբար ընդունել, դրանց համար զղջալը, խոստովանելն ու ապաշխարելն են ի զորու վերականգել աստվածային այն սկզբնապատկերը, որ ունեինք արարչագործության սկզբից:
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Սուրբ Մարիամ Աստվածամոր կյանքի այս տոնական իրադարձությունը թող ամենքիս հիշեցնի, որ եթե Աստվածամայրն իր կյանքի ընթացքը սկսեց Տիրոջ տաճարին ծառայելուց, ապա մենք որքան առավել պետք է վերանայենք մեր վերաբերմունքը Եկեղեցու նկատմամբ: Գիտակցենք, որ Եկեղեցի հաճախելը, խորհուրդներին ու ընդհանրական աղոթքներին մասնակցելը, Աստծու Խոսքը սովորելն ու կիրառելը պետք է լինեն մեր կյանքի կարևորագույն ու անբաժան մասը: Թող այսօր նմանվենք այն փոքրիկին, որը պատրաստակամությամբ կանգնել էր Աստծու տաճար տանող աստիճանին, և աղաչենք Սուրբ Աստվածածնին, որ մեզ առաջնորդի հոգևոր կատարելություն տանող աստիճաններով և բարեխոս լինի առ Միածին Որդին, որպեսզի Նրա ողորմածությամբ հաստատուն մնանք մեր ընտրած փրկչական ուղու վրա ու Աստծու Արքայության մեջ արժանի լինենք փառավորելու Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան