26 Դեկտեմբեր, Եշ
Հայկական պատկերազարդ ձեռագրերի գերակշիռ մասը կազմում են Ավետարանները, զգալիորեն քիչ են Աստվածաշնչերը և ավելի քիչ՝ Շարակնոցները, Ճառընտիրները, Ճաշոցները և այլն: Դրանցում պատկերված են գերազանցապես աստվածաշնչյան սյուժեներ և կերպարներ: Պատմական դեպքերի նկարազարդման ժամանակ միջնադարյան նկարիչները սովորաբար գերադասում էին պատկերել արշավանքներ, ճակատամարտեր և ռազմական բնույթի այլ տեսարաններ: Ձեռագրերում պահպանվել են մանրանկարներ, որոնք ներկայացնում են Ավարայրի ճակատամարտը: Աշխարհիկ բովանդակությամբ առաջին հայտնի մանրանկարը, բացի դիմանկարներից, համարվում է Ավարայրի ճակատամարտի պատկերումը Շարակնոցում (1482թ.): Ըստ Դուռնովոյի՝ հատկապես աշխարհիկ բովանդակությամբ նկարազարդ ձեռագրեր երևան են եկել 15-րդ դ.: Հազվագյուտ են բժշկական, ալքիմիական, արհեստագործական նկարազարդ ձեռագրերը: Ավարայրի ճակատամարտն, առհասարակ, ընկալվում էր որպես հավատի, չարի ու բարու պատերազմ (հիշենք թեկուզ Եղիշեի պատմավեպը և Ներսես Շնորհալու «Նորահրաշ պսակադիր» շարականը), և ճիշտ չէ այդ թեմային վերագրել լոկ աշխարհիկ-պատմական բովանդակություն:
Շարակնոցի (1482թ., № 1620) նկարիչը պատկերել է 451թ. Ավարայրի ճակատամարտը՝ ի պատիվ Վարդան Մամիկոնյանի և նրա զինակիցների, որոնք, պայքարելով հայրենիքի ազատագրության համար, ռազմի դաշտում նահատակվելուց հետո սրբերի կարգը դասվեցին: Էջի վերին աջ կողմում պատկերված է Վարդան զորավարը՝ նժույգի վրա, նրա կողքին մարտիկները՝ թրերով և նետ ու աղեղով, իսկ ձախ կողմում՝ պարսկական զորքը՝ ռազմական փղերով, էջի ներքևում՝ մարտի տեսարաններ: Ճակատամարտը տրված է ընդունված ձևով՝ «նիզակների անտառ», «նետերի ամպեր», ջախջախված գլուխներ, թափված ուղեղներ, բայց գործող անձերից մեկը ուշադրություն է հրավիրում (նա հանդիպում է նաև Ավարայրի ճակատամարտի մի քանի ուրիշ պատկերների մեջ): Վարդանի ձիու առաջ կանգնած է մի փոքրիկ մարդ. նրա դեմքը նկարված է կողքից, գլխին՝ փեղույր, հագին՝ կարճ զգեստ, իսկ ձեռքին՝ երկար ձողի վրա ամրացված վահան: Ինչպես նրա տարազը, այնպես էլ դիրքը զորքի առջև՝ բավական հանդուգն կեցվածքով, հիշեցնում են այն «հորդորողներին»՝ սրամիտ հայհոյողներին, որոնք թշնամուն ծաղրելու և գրգռելու համար կռվից առաջ միշտ հանդես էին գալիս զորքի առջև՝ անկախ այն բանից, արդյոք դա զվարճալի բռնցքակռիվ է, թե լուրջ ճակատամարտ:
XIV-XV դարերի ձեռագրերում պատկերված Ավարայրի ճակատամարտում (451թ.) աչքի է ընկնում Վարդան Մամիկոնյանը: Մատենագրության մեջ հիշատակված է նաև հայ զորավար Մուշեղ Մամիկոնյանի պատկերների մասին: Հետաքրքրական է Փավստոս Բուզանդի այն վկայությունը, որ Շապուհը, ի պատիվ Մուշեղի, նրան՝ սպիտակ ձիու վրա նստած, նկարել է տվել գավաթի վրա և դրանով գինի ըմպելիս ասել. «ճերմակաձին գինի արբցէ»: Այլ աղբյուրներում Շապուհը նրան նկարել է տվել տախտակի, որմի վրա: Մանրանկարներում Մուշեղ Մամիկոնյանի պատկերը պահպանվել է ավելի ուշ ընդօրինակված մատյաններում: Ուշադրության արժանի է Մուշեղ Մամիկոնյանի նկարը՝ ստեղծված XVI դարի բանաստեղծ և նկարիչ Հովասափ Սեբաստացու ձեռքով, այդ հերոսին նվիրված իր մի բանաստեղծության գեղարվեստական ձևավորման մեջ (Բեռլինի Ազգային գրադարան, ձեռ. 805, թերթ 220բ): Նկարիչը նրան ցանկացել է ցույց տալ որպես հերոսի՝ ստեղծելով ֆիզիկապես ուժեղ մարդու կերպար, որին «տեսողքն յահէն մեռանէին, զի պատառող էր գազանին»: Այստեղ Մուշեղը բարձրահասակ է, թուրը ձեռքին, սպիտակ ձիու վրա, մարտական գործողության մեջ՝ պարսկական զորքի հարձակումը վանելիս:
Հայսմավուրքները, Ճաշոցներն ու Շարակնոցներն առանձնապես հարուստ են լուսանցքներում պատկերված սրբերի շարքը դասված մարդկանց դիմապատկերներով: Այդ մատյաններում կարելի է տեսնել նաև Վարդան Մամիկոնյանի պատկերը: Այս նկարներում իշխում է միակերպությունը և թույլ է կերպարների անհատական հատկանիշների դրսևորումը:
Վասպուրականի մանրանկարչության տաղանդավոր վարպետ Մինասի աշակերտներից՝ Կարապետի «Ավարայրի ճակատամարտը» պատկերը հետաքրքրական ճակատագիր ունեցավ: Հերոսական այդ թեման երկար ժամանակ պահպանվեց իր պայմանական գեղեցիկ լուծումներով: Ավելին՝ դրա առանձին հատվածներ օգտագործվում են նույնիսկ ժամանակակից արվեստագետների կողմից, հատկապես նրանց մոնումենտալ գործերում:
Վարդանանց պատերազմում զոհված անանուն հերոսներին է նվիրված Երուսաղեմի հայկական սրբավայրում գտնվող մի խճանկար (5-րդ դ.), որ պատվիրել է մի ուխտավոր իր իսկ ծախսերով:
Ավարայրի ճակատամարտին նվիրված հայ կերպարվեստի պատմության մեջ առաջին մեծաչափ և հայտնի գործը Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» մեծադիր կտավն է (1981թ.): Նկարի խորհուրդն արտահայտված է Եղիշե պատմիչի կողմից ասված հետևյալ խոսքերում՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է»: Վարդան Մամիկոնյանի և նրան շրջապատած քաջ մարտիկների շարքում մենք կարող ենք տեսնել հայ մեծերին` Վարուժան, Կոմիտաս, Սարոյան, Չարենց, Սևակ: Անավարտ մնացած մեծադիր կտավի օրինակով 1983 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով Գրիգոր Խանջյանն ստեղծել է համանուն գորգանկարը`գոբելեն:
Վարդանանց պատերազմին նվիրված գեղանկարչական աշխատանքներից առանձնանում են նաև Էդուարդ Իսաբեկյանի կողմից արված Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի նկարազարդումները, որտեղ տեքստին համահունչ ներկայացված պատկերներն առանձնանում են տեսարաններին բնորոշ զգացմունքայնությամբ, դինամիկայով և արտահայտչականությամբ: Հայ պատմական գեղանկարչության լավագույն գործերից մեկում՝ «Պատասխան Հազկերտին» մեծադիր կտավում, նկարիչը հաղորդում է այն տագնապալի լարվածությունը, որտեղ թևածում էր խրոխտ ոգու հերոսականությունը, այն շիկացած հայրենասիրությունը, առանց որի ըմբռնելի չէ ոչ միայն Ավարայրը, այլև հայոց պատմության հետագա ընթացքը:
Կազմեց Գայանե Սուգիկյանը