13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը» (Ղուկ․ 17։5):
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,
Ղուկասի ավետարանի տասնյոթերորդ գլուխը սկսվում է Տեր Հիսուս Քրիստոսի զգուշացումով․ «Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա․․․ Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար: Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան: Եվ եթե յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ դառնա քեզ և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան» (Ղուկ․ 17։1-4):
Երանելի առաքյալները առաջին օրը չէ, որ հետևում էին Քրիստոսին, ոչ էլ անգամ առաջին տարին։ Արդեն բավական ժամանակ էր, որ նրանք մարդացյալ Աստծու կողքին էին, տեսնում էին Նրան ու բառացիորեն կարող էին շոշափել։ Զօր ու գիշեր լսում էին Նրա ուսուցումները, ականատես լինում անհավանական հրաշքների ու սքանչելի իրողությունների։ Նրանք ապրում էին Աստծու կենդանի ներկայության մեջ, սակայն, միևնույն է, երբ հասավ իրենց գործելու ժամանակը, երբ Քրիստոս ուղղակիորեն մատնացույց արեց, թե իրենք ինչ պիտի անեն, ինչպես ապրեն, պարզվեց, որ անգամ առաքյալների հավատը բավական չէր դրա համար։
Նրանք անմիջապես դարձան դեպի Քրիստոս և աղոթեցին․ «Ավելացրո՛ւ մեր հավատը», քանի որ անկեղծ էին՝ գիտակցելու, և համարձակ՝ խոստովանելու, որ իրենց հավատը դեռևս բավական չէր իրենցից պահանջվածը կատարելու համար։ Ուստի կատարեցին ճիշտ և անհրաժեշտ առաջին քայլը՝ աղոթքով դիմելով Նրան, Ում միջոցով միայն տկարը կարող է զորանալ և անկարելին՝ դառնալ կարելի, քաջ գիտակցելով, որ աղոթքն այն կարևոր միջոցներից մեկն է, որ վառ է պահում հավատի կրակը։
Քրիստոս նրանց ասաց՝ գործե՛ք։ Նրանք հավատ խնդրեցին ի պատասխան։ Սրանից հասկանում ենք, սիրելինե՛ր․ որ գործելու համար հավատը անհրաժեշտ և կարևորագույն պայման է։ Եվ իսկապես, մի՞թե դուք կնստեք մեքենայի ղեկին, եթե չհավատաք, որ տեղ եք հասնելու։ Մի՞թե երեխան կցատկի հոր գիրկը, եթե չվստահի, չհավատա, որ վերջինս բռնելու է իրեն։ Մի՞թե հիվանդը կպառկի վիրահատական սեղանին, եթե չհավատա, որ ապաքինվելու է։ Ամեն ոլորտում, յուրաքանչյուր պահի մարդ գործում է, ինչ-որ բան է ձեռնարկում, քանի որ հավատում է, որ դա արդյունք է ունենալու։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ հավատը մարդու շարժիչ ուժն է, և հետևաբար, եթե մարդ չի գործում, անտարբեր է ու ոչ եռանդուն, ուրեմն այստեղ ուղղակի գործ ունենք անհավատության կամ հավատի կորստի հետ։
Պողոս առաքյալի՝ հավատի հայտնի ձևակերպումը հուսով եմ՝ հիշում եք․ «Հավատը հուսացված բաների հաստատումն է և ապացույցը այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11.1): Տարբեր ժամանակներում աշխարհում կատարված վիճակագրությունները ցույց են տալիս, որ մարդկության գերակշիռ մասը հավատում է Աստծու կամ որևէ գերբնական ուժի գոյությանը, և անհավատ մարդիկ քիչ տոկոս են կազմում։ Իսկ սա մեզ հանգեցնում է առաքյալների և սուրբ հայրերի սովորեցրածին, ըստ որի՝ հավատը շնորհ է, որ Աստված տալիս է յուրաքանչյուրին։ Սակայն այն անփոփոխելի մեծություն չէ, մեկընդմիշտ չէ, որ ծնվելիս տրվի և այդպես մնա մինչ ի մահ։ Այլ մի փոքրիկ սերմ է, նորածիլ բողբոջ՝ յուրաքանչյուր նորածնի հոգում առկա, որի հետագա խնամքից է միայն կախված վերջինիս աճն ու զարգացումը։
Այո, հավատը փոփոխվում է․ ավելանում է, պակասում, հայտնվում կամ անհետանում (հմմտ․ Բ Թես․ 1։3)։ Եվ եթե դու այսօր հավատացյալ ես, ապա դա քեզ չի երաշխավորում, որ վաղն էլ ես լինելու։ Կամ որ այսօրվա անհավատն ու աստվածամարտը վաղը Քրիստոսի հավատարիմ մարտիկը չի դառնալու։ Թող Աստծու ողորմածությամբ և բոլոր հավատացյալների աղոթքներով աշխարհի բոլոր մարդիկ աստվածային հրաշքով դարձի գան, վերագտնեն իրենց հավատը, որ կորցրել են կյանքի ամենատարբեր ոլորաններում։ Սա բոլորիս անկեղծ ցանկությունն է, որի համար խնդրում ենք՝ ապավինելով Ամենակալի սուրբ կամքին։ Իսկ մինչ այդ դառնանք մեր հոգուն, այնտեղ առկա հավատին ու տեսնենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի Աստված մի արասցե, մի օր մենք էլ չկորցնենք մեզ պարգևված այդ անգին շնորհը։
Ինչպես աստվածապարգև յուրաքանչյուր շնորհի, յուրաքանչյուր առաքինության պարագայում, հավատի հարցում էլ ամեն ինչ կախված է մեր վերաբերմունքից, մեր կամքից ու որոշումից, այն պատասխաններից, որ տալիս ենք մեր սրտում հնչող հարցերին: Փա՜ռք մեր Երկնավոր Հորը այն հավատի համար, որ ունեք առ Տեր Հիսուս Քրիստոս և որն այսօր ձեզ այստեղ է բերել։ Մեծ է ձեր հավատը, փոքր, ամուր է, թե թույլ այս պահին կարևոր չէ, այլ կարևորն այն է, որ կա և ձեզ ուղղորդել է սուրբ Պատարագի ու սուրբ Հաղորդության։ Տեր Հիսուս Քրիստոս ասաց․ «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտթ․ 5։8)։ Ուստի այսօր կարևոր է, որ ձեր սրտում մի մաքուր տեղ է գտնվել հավատի համար և կարողացել եք հոգու աչքերով տեսնել Աստծուն և հավատի միջոցով ճանաչել ձեր Փրկչին։ «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ․ 11։25)։ Այսինքն՝ փրկության առաջին պայմանը՝ հավատալ Աստծու ուղարկած Քրիստոսին, դուք արդեն ունեք, սիրելի՛ հավատացյալներ։ Իսկ դրա հետագա վիճակը կախված է ձեր ցանկությունից ու ջանքերից, կախված այն բանից, թե ինչպես հոգ կտանեք, կսնեք, կխնամեք ու կպաշտպանեք Աստծուց ձեզ պարգևված փրկության շնորհը։ Իսկ հավատը խնամելը, ջրելն ու պարարտացնելը՝ ըստ Եկեղեցու վարդապետների, ապաշխարությամբ ընթացող կյանքն է․ սիրո՞ւմ ես Աստծուն, ապրո՞ւմ ես ըստ Նրա Ավետարանի ուսուցման, ըստ պատվիրանների ու առաքինությամբ, ուրեմն հավատդ պաշտպանում, ամրացնում ու սնուցում ես։ Իսկ որքան տուրք ես տալիս մեղքին, որքան անտեսում ես պատվիրանապահությունը, այնքան հեռանում ես Աստծուց և տկարանում է հավատդ։
Թերահավության, հավատի տկարանալու պահեր յուրաքանչյուրիս կյանքում էլ պատահում են․ անգամ Թովմաս առաքյալը զերծ չմնաց դրանից և բոլոր առաքյալները կարիք զգացին Տիրոջը խնդրելու ավելացնել իրենց հավատը։ Ուստի այդպիսի դժվարին պահերին, երբ հավատիդ սյունը երերում է, հարկ է հետևել ոչ մեկ փորձություն ու դժվարություն հաղթահարած Պողոս առաքյալին, որ եբրայեցիներին ուղղված իր նամակում գրում է․ «Արդ, հիշեցե՛ք առաջին օրերը, երբ դեռ հազիվ լուսավորված, բազում տքնությունների և չարչարանքների համբերեցիք․․․ և՛ բանտարկվածներին կարեկից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք, քանի որ գիտեիք, թե ձեզ համար լավագույն հարստություն ունեք երկնքում, ուր այն միշտ մնում է: Արդ, մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա: Ձեզ համբերություն է պետք, որպեսզի, Աստծու կամքը կատարելով, հասնեք նրա խոստմանը» (Եբր․ 10։32-36)։ Ուրեմն, սիրելինե՛ր, հավատը պահպանելու համար մեզ հարկավոր է նաև վստահություն առ Աստված և համբերություն։ Վստահություն, որ Նրա խոստումները անպայման կատարվելու են և համբերություն, որպեսզի չվհատվենք, չհանձնվենք, այլ՝ Նրան ապավինելով՝ համբերենք մինչև կգա Նրա առջև ներկայանալու ժամանակը։
Եկեղեցու հալածանքների ժամանակ հավատացյալների մեծ մասը չէր կոտրվում, չէր ուրանում իր հավատը՝ այն վերապահելով միայն բարօր ու խաղաղ ժամանակներին, քանի որ դա ճշմարիտ հավատ չէ, այլ գիտակցում էր, որ պետք է պատրաստ լինի Աստծուն հավատարիմ գտնվելու ոչ միայն ուրախության, այլև փորձության ժամին։ Եվ հենց յուրաքանչյուրի անհատական Գողգոթայի ճանապարհին է, որ փորձվում է նրա հավատն ու որոշվում դրա հետագա գոյությունը։ Որոշվում ու թրծվում է ամեն անգամ, երբ հարկ է լինում Աբրահամի պես անվերապահորեն վստահել Աստծու խոսքին և Իսահակին բարձրացնել ողջակիզության լեռը։ Որոշվում է կյանքի փոթորկահույզ ծովում Պետրոս առաքյալի պես ալիքների վրայով Տիրոջ ձայնին ընդառաջ գնալիս։ Որոշվում է Ղովտի կնոջ կողքին՝ սեփական Սոդոմից դուրս ելնելիս և այլևս հետ չշրջվելիս։ Իսկ նման հավատ ունենալու համար պետք է ողջ հոգով, էությամբ ու սրտով սիրես ու նվիրված լինես քո Արարչին։ Միայն գիտենալը, որ Աստված կա, բավարար չէ։ Բազմաթիվ մարդկանց կյանքում աննկարագրելի հրաշքներ են տեղի ունենում՝ ողջ են մնում սարսափելի վթարներում, փրկվում են անելանելի թվացող դրություններից, բժշկվում են անբուժելի հիվանդություններից, ականատես են դառնում իրենց հարազատի աներևակայելի ու հրաշալի դարձին, բայց միևնույն է, լիկիանոսների ու դիոկղետիանոսների, փարիսեցիների ու օրենսգետների պես մնում են խստասիրտ ու անհաղորդ Աստծու սիրուն։ Ուստի մարդն իր ողջ էությամբ, ամբողջովին պետք է բոցավառվի հավատով, իր բոլոր բջիջներով պետք է հավատա, դիպչի Քրիստոսի շորերին, որպեսզի այն փրկություն դառնա իր համար։
Պահպանեք ձեր անգին գանձը՝ ձեր հավատը, սիրելի՛ հավատացյալներ։ Ամեն օր խնամեք այն աղոթքով, Աստծու Խոսքի ընթերցանությամբ։ Պաշտպանեք այն ու պայքարեք նրա համար ձեր առաքինի ու բարեպաշտ կյանքով, չարը մերժելով ու Աստծուն հավատարիմ մնալով, նեղություններից չվախենալով և փորձության ժամին Աստծուն փառաբանելով։ Եվ խոսքս ուզում եմ ավարտել մի անհավատ մարդու դարձի հրաշալի պատմությամբ, որ վերջերս եմ կարդացել։ Այդ մարդն անբուժելի հիվանդ էր և հիվանդասենյակում պառկած էր մի ծերունու հետ, որն իր վերջին օրերն էր ապրում այնտեղ։ Երկուսին էլ տանջում էին անասելի ցավերը, բայց ծերունին անդադար ձեռքերը երկինք էր պարզում ու փառաբանում Աստծուն ամեն ինչի համար։ Անհավատ երիտասարդին դա խիստ զայրացնում էր։ «Ձայնդ կտրի՛ր,- ասում էր նա ծերունուն։- Այլևս չեմ կարողանում զառանցանքդ լսել։ Ինչպե՞ս կարող ես շնորհակալություն հայտնել, երբ գալարվում ես ցավից»։ Իսկ ծերունին մեղմորեն ու սիրով պատասխանում էր․ «Շնորհակալություն եմ հայտնում, որովհետև Աստված այս հիվանդության միջոցով մաքրում է ինձ իմ անթիվ մեղքերից, ինչպես որ ցեխոտ հագուստն են կոշտ խոզանակով մաքրում»։ «Ոչ մի Աստված էլ չկա,- պատասխանում էր երիտասարդը։- Այլապես այսպես չէինք տանջվի»։ «Համբերիր մի փոքր ու կտեսնես,- խնդրում էր ծերունին։- Խոստանում եմ քեզ, որ կտեսնես, թե Աստված ինչպես է վերցնում Իրեն հուսացող հավատացյալի հոգին»։ Եվ ահա հասնում է ծերունու մահվան ժամը։ Երիտասարդը բուժքրոջը խնդրում է վարագույրը բաց թողնել, որպեսզի ինքը տեսնի ամեն ինչ։ Եվ պատմում է, որ ծերունին մի վերջին անգամ փառք է տալիս Աստծուն, ձեռքերը խաչում կրծքին ու փակում աչքերը։ Եվ այդ պահին հիվանդասենյակն այնպես է լուսավորվում, ասես ինը արեգակ լուսավորեին այն։ Եվ այնպիսի անուշահոտություն է տարածվում, որ բոլոր հիվանդները դուրս են գալիս միջանցք՝ տեսնելու, թե որտեղից է գալիս այդ բույրը։ Եվ սա պատճառ է դառնում այդ անհավատ մարդու հրաշալի դարձի։
Փա՜ռք ողորմած Աստծուն դարձի ու փրկության ճանապարհը բռնած ամեն մի հոգու համար և գոհություն Ամենակալին այն ամենի համար, ինչ ունենք հենց այս պահին։
Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհն ու խաղաղությունը ձեզ և ամենքին․ ամեն։
Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյան