12 Հոկտեմբեր, Շբ
Հիսուսի հրաշափառ ծննդյան ավետման մասին պատմվում է Ղուկասի ավետարանում, որը ավետմանը նվիրված միջնադարյան մանրանկարների գլխավոր սկզբնաղբյուրն է: Ավետման տեսարանը ներկայացնում է Հիսուսի մարդեղության՝ երկրային առաքելության սկզբնավորումը: Մանրանկարիչների համար սկզբնաղբյուր են ծառայել նաև պարականոն երկերը, որոնք են՝ Հակոբ Տեառնեղբոր ավետարանը, Հիսուսի մանկության ավետարանը և այլն:
Ղուկաս ավետարանիչն ասում է, որ հրեշտակի խոսքերից Մարիամը խռովվում է և տարակուսելով, թե ի՞նչ է նշանակում այս ողջույնը, հարցնում է. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Ի պատասխան որի՝ հրեշտակն ասում է. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, ով քեզնից է ծնվելու՝ սուրբ է և Աստծո Որդի կկոչվի»: Ավետման մանրանկարներում հրեշտակին լսող Մարիամը՝ ի նշան հնազանդության, պատկերվում է աջ ձեռքը կրծքին, համաձայն իր այն խոսքերի, թե՝ «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»:
Ավետումը պատկերող պահպանված հնագույն օրինակը գտնվում է Հռոմում՝ Պիրիսկիլլայի կատակոմբում (3-4-րդ դարեր)՝ ստորգետնյա տարածքում, ուր քրիստոնյաները ժամանակին պատսպարվել ու արարողություններ են կատարել: Այստեղ պահպանվել է գահավորակին նստած Մարիամի և նրա առաջ կանգնած հրեշտակի պատկերը: Այս գահավորակը նաև արքայական գահի խորհուրդն ունի և ակնարկում է Դավթի թագավորական տոհմից լինելը: Այդ նույն սերնդից պետք է ելներ Քրիստոսը՝ երկնի ու երկրի թագավորը: 435թ. հռոմեական մի խճանկար ներկայացնում է գահին նստած Աստվածամորը՝ ձեռքին իլիկ, կողքին՝ թևավոր հրեշտակներ: Պարականոն ավետարաններից Հակոբ Տեառնեղբոր ավետարանում ասվում է, որ ավետման պահին Մարիամը Երուսաղեմի տաճարի քահանայապետի պատվերով ծիրանի և կարմիր գույնի թել էր մանում տաճարի խորանի նոր վարագույրի համար: Այդ պատճառով էլ ավետման տեսարանում Մարիամը ձեռքում պահում է իլիկը:
Հայկական արվեստում ավետման պատկերի վաղագույն նմուշը մեզ է հասել 6-րդ դարից և զետեղված է «Էջմիածնի ավետարանում»:
Ավետման տեսարանի պատկերագրական և կոմպոզիցիոն հիմնական կառուցվածքը հետևյալն է. գործող անձինք են Աստծո պատգամաբեր Գաբրիել հրեշտակապետը, Մարիամ Աստվածածինը և երկնքից դեպի Մարիամն իջնող Սուրբ Հոգին (հայկական մանրանկարներում հազվադեպ պատկերվում է նաև Հովսեփը): Գաբրիել հրեշտակապետը պատկերվում է Մարիամ Աստվածածնի դիմաց, պատկերի ձախ կողմում, աջ ձեռքն օրհնության նշանով դեպի Մարիամն ուղղված, ձախում՝ գավազան, հաճախ ծաղկած գլխամասով (ուշ շրջանում նաև ծաղիկ՝ ըստ լատինական պատկերագրության ազդեցության):
Ավետման մանրանկարների կենտրոնում Մարիամի ու հրեշտակների միջև պատկերվող ծառը կամ վեմը խորհրդանշում են Քրիստոսի ծննդյան մասին մարգարեությունները: Այն նաև ներկայացնում է նոր կենաց ծառը՝ Հիսուսի խաչափայտը՝ խորհրդանշելով փրկագործությունը: Ծառը նաև արտահայտում է կորուսյալ դրախտի իմաստը. այն, ինչ կորցրեցին Ադամն ու Եվան՝ դրախտի ծառի պտղի ճաշակմամբ, ետ բերեցին Հիսուսն ու Աստվածամայրը: Ծաղկած գավազանի մասին հիշատակվում է Եսայու մարգարեության հետևյալ հատվածում. «Հեսսեի արմատից գավազան պիտի ընձյուղվի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից: Նրա վրա պիտի իջնի Աստծո Հոգին, իմաստության և հանճարի Հոգին» (Եսայի 11:1-2), քանի որ Հեսսեն Դավիթ մարգարեի հայրն էր, և Քրիստոսը Դավթի թագավորական ցեղից էր, համաձայն մեկնիչների՝ Քրիստոսի ծննդյամբ կատարվեցին Եսայու մարգարեության նաև այս տողերը և ինչպես Շնորհալին է գրում. «Այսօր Հեսսեի արմատից մեծ գավազան բխեց, տիեզերքի կենդանատու ծաղիկը ծաղկեց, նոր ծաղիկ է այսօր բխում Հեսսեի արմատից և Դավթի որդին ծնում է Աստծո Որդուն»:
Ավետման տեսարանում Գաբրիել հրեշտակապետը պատկերվում է պատանու տեսքով և երկու դիրքով՝ շարժուն և անշարժ, իսկ ուշ շրջանի արևմտյան օրինակներում պատկերվում է Աստվածամոր առաջ ծնկի եկած դիրքով: Մանրանկարներում հաճախ հրեշտակապետի թևը դուրս է գալիս պատկերի շրջանակից՝ ստեղծելով պատրանքի ճախրանք և խորհրդանշելով երկնքից առաքված լինելը: 14-15-րդ դարերում երբեմն հրեշտակը Մարիամին էր հանձնում մանուկ Հիսուսին, կամ գալարափաթեթ:
Մարիամ Աստվածածինը պատկերվում է հրեշտակապետի դիմաց՝ նկարի աջ մասում, երկու հիմնական դիրքով՝ նստած կամ կանգնած: 586թ. «Ռաբուլայի Ավետարանում» (ասորական ձեռագիր), ինչպես և «Էջմիածնի Ավետարանում» Մարիամը պատկերված է կանգնած դիրքով: 5-րդ դարի երկրորդ կեսից Մարիամը պատկերվում է նաև Երուսաղեմյան աղբյուրի մոտ, ձեռքին իլիկ կամ սափոր (երբեմն դրանք բացակայում են): Աղբյուրն ու սափորը մատնանշում են այն վայրը, ուր առաջին անգամ Մարիամը հանդիպեց հրեշտակին, իսկ բուն ավետումը տեղի ունեցավ Հովսեփի տանը: Երուսաղեմյան աղբյուրի մոտ Մարիամը, լսելով հրեշտակի ձայնը, սարսափահար տուն է շտապում, փակում դռները և շարունակում կարմիր թելը մանել և այդժամ տեղի է ունենում բուն ավետումը: Իսկ Հովսեփի տանը այս դրվագը պատկերվող կոմպոզիցիոն կառուցվածքին այլ լուծում է տրված: Այստեղ երևում են թե՛ երկու ակներից բխող աղբյուրը և թե՛ սափորը՝ խորհրդանշելով երկու վտակից առաջացող Հորդանան գետը, ուր մկրտվեց Հիսուս, երկու կենարար ակները ներկայացնում են Հիսուսով մեկտեղված Հին և Նոր Կտակարանները և Տիրոջ մարդկային ու աստվածային բնությունների անշփոթ միախառնումը: Միջնադարյան խորհրդաբանությամբ ջուրը խորհրդանշում է Հիսուսին, սափորը՝ Մարիամին: Ինչպես հրեաները երկնային մանանան պահում էին ոսկե սափորի մեջ, նույն ձևով էլ Քրիստոս՝ Բանն Աստծո՝ պահվեց ոսկե սափորի՝ Աստվածամոր մեջ: Մարիամի ձեռքերի դիրքը, շարժումն արտահայտում է երկյուղածություն, շփոթմունք, միևնույն ժամանակ՝ հավատ և հոժարակամ հնազանդություն: Մարիամի Սուրբ Հոգով հղանալն էլ ներկայացվում է երկինքը խորհրդանշող կիսաշրջանից լույսի շողի միջով ու աղավնու տեսքով Սուրբ Հոգու դեպի Մարիամը իջնելը: Աղավնին երբեմն փոխարինվում է էջքը խորհրդանշող Հայրական Աջով՝ մանրանկարի վերին անկյունից ուղղված դեպի Մարիամը: Ռուսական սրբապատկերներում մանուկ Հիսուսին պատկերում են նաև Մարիամի կրծքի մոտ՝ սրտի խորանում: Քրիստոսի ծննդյամբ ջնջվեց ադամական մեղքը, իսկ Տիրամոր անապական հղացմամբ էլ՝ Եվայի: Այս պատճառով հրեշտակի տված բրաբիոն ծաղիկը խորհրդանշում է, որ շնորհիվ այս ծնունդի մարդկության առջև վերստին բացվեց դրախտի փակյալ դուռը: Շուշանն էլ նշանակն է Տիրամոր կուսության:
Արևմտաեվրոպական պատկերագրության մեջ Տիրամայրն ավետման պահին գիրք է ընթերցում: Գիրքը սովորաբար դրված է լինում գրակալին: Խորհրդաբանության մեջ նշվում է, որ Մարիամն այդ պահին ընթերցում էր Եսայու մարգարեության. «Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի» խոսքերը: Եթե գրակալին դրված գիրքը փակ է, ապա այն խորհրդանշում է Տիրամոր կուսությունն ու անապական հղիությունը:
Կազմեց Գայանե Սուգիկյանը