13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Ավետման տոնն է, երբ Գաբրիել հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրա միջոցով մարմնանալու է մարդկության Փրկիչը: Ավետում, որով ազդարարվեց Աստծո Որդու մարդեղացումը՝ հանուն մարդու հանդեպ անպատմելի սիրո: Աստված Իր ծրագրի համար ընտրեց Մարիամին և պարգևեց նրան Աստվածամայր և Աստվածածին անունները կրելու մեծագույն շնորհը: Մարիամն առանց քարոզելու դարձավ բոլոր ժամանակների լավագույն քարոզիչը իր Աստվածահաճո ընթացքով, Աստծո կամքին իր հնազանդությամբ, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաջ մեզ յուրաքանչյուրիս համար իր հարատև բարեխոսությամբ: Հրեշտակի առջև Մարիամի խոնարհությունը հավերժապես բարձրացրեց կնոջ դերն ու կարևորությունը: Եվայի անհնազանդությունից հետո Մարիամն իր խոնարհությամբ ոտնակոխ արեց օձին: Աստվածաշնչյան հերոսների մարդկային առաքինությունների ու անկումների պատումներից հետո Մարիամի կերպարն առանձնանում է՝ միմիայն հիացմունք առաջացնելով մեր մեջ: Յուրաքանչյուրս ցանկություն է ունենում լինել ու դառնալ Մարիամ՝ իր խոնարհությամբ, պատվիրանապահությամբ, սիրով, համբերատարությամբ, Աստվածային նախախնամության նկատմամբ ունեցած վստահությամբ, իր ապրած կյանքի Աստվածահաճո ընթացքով և, ամենակարևորը, իր մաքրությամբ: Սուրբ Աստվածամոր անձը մեզ վեհացնում է, մենք հասկանում ենք, թե ինչպիսին պիտի լինի մարդը՝ Քրիստոսին հետևող և Քրիստոսին հնազանդ: Սուրբ Աստվածամայրը անբաժան էր իր Որդուց և համբերատարությամբ հնազանդվում էր Աստվածային տնօրինությանը, երբ նա խաչի վրա էր: Սիրելինե՛ր, Ավետման տոնը մեզ համար բերկրանքի առիթ է: Մենք ուրախությամբ և ցնծությամբ շնորհավորում ենք միմյանց, ինչպես որ բերկրանք և ուրախություն է ենթադրում Աստծո Որդու ծննդյան ավետիսը, ցնծություն, որ համակում է յուրաքանչյուրիս, քանի որ յուրաքանչյուրիս համար է Աստծո մարդեղացումը, յուրաքանչյուրիս է վերաբերում և յուրաքանչյուրիս է փրկություն ավետում: Կյանքը ճիշտ ապրելու համար մարդուն տրված է Աստվածաշունչը, իմաստնապես գործելու համար մարդը դիմում է եկեղեցական հայրերի խրատներին, հոգին մաքրելու համար կա աղոթքը, կյանքի ճանապարհի հոգնությունը հաղթահարելու համար կա սուրբերի բարեխոսությունը: Ս. Մարիամ Աստվածածինը Սուրբերի գլուխն է, որը ո՛չ ճգնավոր էր, ո՛չ խստակենցաղ: Այդուհանդերձ նա լիիրավ համարվում է քրիստոնեական առաքինությունների ողջ մարմնացումը, նա անմերժելի բարեխոս է համայն մարդկության համար: Նրա պարկեշտությունը, խոնարհությունը, համեստությունն ու հեզությունը հարատև հրավեր են՝ ուղղված մեզ բոլորիս, մեզանից յուրաքաչյուրին՝ նմանվելու նրան, որպեսզի արժանավոր լինենք Քրիստոսին կրելու մեր մեջ: Նա սկիզբն է քրիստոնեության, այդպես էլ մենք մեզ շրջապատողների համար պիտի լինենք Քրիստոսին մեր մեջ կրող մարիամներ, մեզանից պիտի լույս հորդի, քանի որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Արդարության Արեգակն է: Մենք պիտի ազդակներ լինենք, որպեսզի մեր հարազատներն ու մտերիմները մեզանով Հիսուս Քրիստոսին ճանաչեն, մեզանով տեսնեն քրիստոնեական հավատի ճշմարտությունը: Սուրբ Աստվածամոր մասին Ավետարանները պերճախոս չեն, սակայն այդ քիչ տեղեկությունն անգամ բավարար է եղել մարդկանց՝ նրան սիրելու, իբրև Աստվածորդու մայր պատվելու, նրա բարեխոսությանը դիմելու համար: Նրա Անձն ու կյանքը եկեղեցու տոնացույցում մշտապես իրենց արժանավայել և պատշաճ տեղն են ունեցել: Շատ եկեղեցիներ կրում են Տիրամոր անունը:
Տիրամայրը երբեք անտարբեր չէ մեր աղոթքներին: Մենք զորանում ենք՝ մեր հավատքի մեջ նրա ավետարանական ընթացքին հետևելով, նրա բարեխոսությանն ապավինելով, մեր կողքին նրա ներկայությունը զգալով: Նա մեր կողքին մի քաջարի նեցուկ է և պաշտպան, կարեկից է մեր վշտերին և անխոնջ բարեխոս մեր հոգևոր արթնության և արիության համար, փորձությունների մեջ մեր համբերատարության և վերելքի համար: Նրա առաքինությունները անխոս ուսուցիչներ և խրատատուներ են մեզ համար: Նրա անձը վեհացնող է և անապական, նրա կերպարը գերում է Ավետարան ընթերցողներիս, և մենք ձգտում ենք էլ ավելի բան լսել նրանից, սովորել նրա գործողություներից, յուրացնել նրա Աստվածահաճո հատկանիշները: Միայն Կանայի հարսանիքը հիշելով՝ մենք գիտակցում ենք Սուրբ Աստվածամոր բարեխոսության արժեքը մեր կյանքում, նրա նվիրվածությունը մեզ, նրա մտահոգությունը մեզ համար, նրա սիրո դրսևորումը՝ միջնորդության իր առաքելությամբ: Նա ոչ միայն աջակից և օգնական է մեր անձերի համար, այլև մեր ընտանիքների բարօրության, խաղաղության, միաձույլ լինելու համար, մեր ընկերային հարաբերություններում, ի վերջո մեր հայրենիքի պաշտպանության գործում: Մենք մեր ծնողների և զավակների կյանքի և առողջության համար միշտ խնդրում ենք նրա բարեխոսությունը, քանի որ նրան խորթ չեն թե՛ մեր որդիական, թե՛ ծնողական զգացմունքները: Վշտի թե ուրախության, անհուսության թե հույսի բոլոր պարագաներում մենք մեր կյանքը վստահում ենք նրա գթառատ սիրուն և բարեխոսությանը՝ աչքի առաջ հանապազ ունենալով Կանայի հարսանիքում նրա անառարկելի գեղեցիկ և համոզիչ միջամտությունը: Նրա հնազանդությամբ փառավորվեց Տերը, մենք էլ պիտի փառավորենք Տիրոջը մեր աղոթքներով, խոսքերով, բարի գործերով և մեր կյանքով: Տիրամոր բարեխոսությանը ապավինելով՝ մենք ոչ միայն ապրում ենք մեր կյանքը ներկայում, այսօր, այս պահին, այլ նաև փորձում ենք կառուցել մեր ապագայի տեսիլքը: Ուրեմն՝ խնդրենք Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի միշտ կարողանանք հաղթահարել ամեն տեսակի փորձություն մեր կյանքում և փաստենք մեր հավատքն առ Աստված, ընթանանք մեր կյանքի ճանապարհը՝ մեզ հանձնելով Աստծո նախախնամությանը, վստահ լինելով, որ խոնարհության ու հնազանդության հետևից գալու է երկնային փառքը, որին արժանացավ Փրկչի մայրը: Մեր մաղթանքն է, որ այս տոնի շնորհները հորդեն մայրական բերկրանքին սպասող բոլոր կանանց վրա, նրանք, ովքեր դեռ չեն արժանացել այդ կոչմանը, մաղթում ենք Աստվածածնի բարեխոսությամբ արժանանալու որդեծնության շնորհին: Թող Աստվածամոր անմնացորդ սիրո քայլերով կարողանանք հետևել մեր Տիրոջը: Սուրբ Մարիամ Աստվածածինը առաքինության հրավեր է անում մեզ բոլորիս: Նմանվենք նրան՝ նրա աղոթքներով… Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան