Այց վիրավոր զինվորի ընտանիք

Հունիսի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող Սարգսյանի Էդգարի ընտանիք: 19-ամյա Էդգարն արդեն վերադարձել էր զինծառայության՝ ուսի և պարանոցի շրջանում վնասվածքների հետ կապված համապատասխան բուժումներն ստանալուց հետո: Էդգարն իր զինվորական ծառայությունն անցկացնում է ԼՂՀ պաշտպանական բանակում՝ Ջաբրաիլ զորամասում և պատերազմական օրերին լրացել էր նրա զինծառայության իններորդ ամիսը:

Էդգարի հայրը՝ Սարգսյան Ադամը, պատմեց, որ թշնամու կողմից սրտին ուղղված փամփուշտի մահացու հարվածից իր տղային փրկել է Աստված՝ այն փայտե խաչի շնորհիվ, որ Էդգարը կրել է իր պարանոցին, և թշնամու գնդակը դրան դիպչելով՝ ամբողջովին փշրել էր այն: Ապա նա ցույց տվեց այն շնորհակալագիրը, որին արժանացել է Էդգարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից:

Սարգսյանների վեց հոգուց բաղկացած ընտանիքը վարձակալությամբ է ապրում Ջանիբեկյան 36 հասցեում: Սարգսյան Ադամն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ աշխատելու, մյուս որդին և կինն էլ փորձում են աշխատանք գտնել:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն: Զինվորի հայրն անչափ շնորհակալ էր այն ուշադրության համար, որ ցուցաբերեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն իր ընտանիքի հանդեպ և նշեց, որ այժմ հնարավորություն կունենա այցելելու իր որդուն, ով կրկին անգամ բուժում է ստանում Ջաբրաիլի հոսպիտալում՝ ուսի շրջանում ստացած վնասվածքի նոր բարդությունների պատճառով:

Համայնքի այցը նպատակ ուներ իր երախտագիտությունը հայտնել Սարգսյան ընտանիքին՝ հայրենասեր և խիզախ զավակ դաստիարակելու համար:

«Շնորհակալ ենք և երախտապարտ, որ նման զավակ ունեք, ով, անվեհերորեն շարունակելով հայրենանվեր առաքելությունը, բարձր է պահում հայոց ազգի արժանապատվությունը»,- ասաց Տեր Գրիգորը զինվորի հորը:

 

Կարինե Սուգիկյան

15.06.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․