Գրքեր

Այգեպարցիները հյուրընկալվեցին Արարատյան Հայրապետական թեմում

Դեկտեմբերի 12-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ թեմի երիտասարդները հյուրընկալեցին Այգեպարի դպրոցի 20 աշակերտներին: Նրանք եկել  էին Տավուշի թեմի Բերդի տարածաշրջանի  հոգևոր հովիվ Տ.Արամ քահանա Միրզոյանի գլխավորությամբ:

Առաջնորդարանի դահլիճում հյուրերին ողջունեցին Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, թեմի բարոգործական բաժնի պատասխանատու Շուշան Պետրոսյանը: Կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունեցան ԱՀԹ «Մանկունք» երգչախումբը, Հ.Թումանյանի հեքիաթների բեմադրությամբ հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդաց տան «Հումորիկ» թատրոնի սաները: Այգեպարցի երեխաները ասմունքեցին:

Հյուրերին Տ. Նավասարդ սրբազանի օրհնությունները փոխանցեց Տ. Պետրոսը: Ապա շնորհակալության խոսքեր ասաց Տ. Արամը՝ պատմելով, թե ինչպես Այգեպարի համար դժվար օրերին Արարատյան Հայրապետական թեմն օգնության ձեռք մեկնեցին իրենց: «Այսօր մենք ուխտի ենք եկել Մայր Աթոռ, մեր ուխտը նորոգեցինք Մայր Տաճարում ու չէինք կարող չհանդիպել թեմի երիտասարդներին: Խնդրում եմ մեր շնորհակալությունները փոխանցեք նաև Նավասարդ Սրբազանին»,- ասաց տեր հայրը:   

Թեմի բարեգործական բաժինը տոնական փաթեթներ ու նվերներ էր պատրաստել Այգեպարի դպրոցականների համար: Նվերներ ստացան նաև «Մանկունքի» ու «Հումորիկի» սաները:

Այգեպարցիների հետ սա երկրորդ հանդիպումն էր: Ամիսներ առաջ ս. Աստվածամոր ծննդյան տոնին՝ սեպտեբերի 8-ին, Արարատյան Հայրապետական թեմի մի խումբ երիտասարդներ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ մեկնեցին սահմանամերձ Այգեպար գյուղ: Այցի նպատակը «Մենք մեր զինվորի կողքին ենք»  ծրագրով իրականացրած «Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին»  նախաձեռնությունների շրջանակում հավաքված նամակներն ու առաջին անհրաժեշտության իրեր թշնամու գնդակից այրված տների բնակիչներին հասցնելն էր: Նրանք նաև այցելել էին գյուղի դպրոց ու մանկապարտեզ:

Այժմ երիտասարդներն այդ դպրոցի սաների հետ հանդիպումը կազմակերպել էին սեփական հարկի տակ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

13.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․