22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մի անգամ, ցանկանալով փորձել Սողոմոն Իմաստունին, միանման հագնված տղաների և աղջիկների բերեցին, որպեսզի նրանց միմյանցից տարբերի: Սողոմոնը երեխաներին աղբյուրի մոտ տարավ և կարգադրեց լվացվել: Հետևելով, թե երեխաներն ինչպես են լվացվում՝ տարբերակեց նրանց: Աղջիկները խնամքով, ամոթխածությամբ աչքերն էին ջրով ցողում, իսկ տղաները ափերով հարվածում էին ջրին և այն համարձակորեն իրենց դեմքին շփում:
Տղամարդիկ այսօր այնքան կնանման են դարձել, որ հաճախ նրանցում տղամարդ չես էլ նկատի: Հնում հինգ հարյուր մետրից կարելի էր տղամարդուն կնոջից տարբերել: Այժմ երբեմն նույնիսկ մոտիկից էլ չես տարբերի: Չես հասկանում տղամա՞րդ է դիմացդ, թե՞ կին: Այդ պատճառով էլ մարգարեությունն ասում է, որ ժամանակ կգա, երբ անկարելի կլինի տղամարդուն կնոջից զանազանել: Ծեր Արսեն Անձավակյացը մի անգամ մի երկարամազ պատանու հարցրեց. «Արդ, ո՞վ ես դու՝ տղա, թե՞ աղջիկ»: Ինքը՝ ծերը չէր կարողանում դա հասկանալ: Նախկինում այդպիսիների մազերը կտրում էին Սուրբ լեռան վրա: Այժմ գալիս են ինչպես կան… Բայց ես նրանց մազերը կտրում եմ այն մկրատով, որով բուրդ եմ խուզում տերողորմյա գործելու համար: Գիտե՞ք, արդեն քանիսի՜ մազերն եմ կտրել: Ես նրանց մազերը բակում եմ կտրում՝ Սուրբ Սեղանի պատի ետևում: Երբ նման երկարամազեր են գալիս, նրանց ասում եմ. «Ի՜նչ լավ է: Թե չէ մի քանի ճաղատ ծանոթ ունեմ և խոստացել եմ մազեր կպցնել նրանց գլխին: Սեր դրսևորերեք, թույլ տվեք կտրել ձեր մազերը: Ի՞նչ կարող եմ անել, ախր խոսք եմ տվել մարդկանց»:
- Իսկ նրանք համաձայնո՞ւմ են, հա՛յր:
- Կախված է այն բանից, թե ինչպես կասես: Ես հո նրանց վրա չեմ հարձակվում՝ բղավոցներով. «Այս ի՜նչ խայտառակություն է: Ինչպե՞ս չեք ամաչում: Դուք չեք հարգում սրբավայրը», այլ ասում եմ. «Լսեք, տղանե՛ր, այդ մազերով դուք ձեր տղամարդկային արժանապատվությունն եք վիրավորում: Եթե տեսնեք, թե պատվո պահակության գվարդիական զինվորն ինչպես է Համաձայնության հրապարակում կանացի ձեռնապայուսակով երթաքայլ կատարում, ինչպե՞ս կնայեք դրան: Ասա՛ խնդրեմ, գվարդիական զինվորին վայե՞լ է կանացի ձեռնապայուսակը: Ե՛կ մազերդ կտրենք»: Եվ կտրում եմ: Գիտե՞ք, թե որքա՜ն մազ եմ հավաքում: Երբեմն, եթե նրանցից մեկը համառում է և սկսում «ինչու»-ներն ու «ինչի համար»-ները, պատասխանում եմ. «Ի՞նչը ինչու: Մի՞թե ես վանական չեմ: Ահա և ձեռնադրություն եմ կատարում: Ախր դա իմ աշխատանքն է»: Ամբողջ հարցը նրանում է, թե դա ինչպես կմատուցես: Տղաները ծիծաղում են, ինձ էլ դա է պետք: Դրանից հետո կտրում եմ նրանց մազերը: Ո՛չ, անունները «ձեռնադրության» ժամանակ չեմ փոխում: Միայն մի տղայի Ἄξιον ἐστίν” անունը տվեցի, որովհետև երբ նրա «ձեռնադրությունն» էի կատարում, ոչ հեռվում խաչերթ էր անցնում Ἄξιον ἐστίν” սրբապատկերով: Իսկ իմ «ձեռնադրյալների» ծնողներն ինչպե՜ս են ուրախանում: Գիտե՞ս, թե որքան շնորհակալական նամակներ եմ ստանում ծնողներից, մայրերից: Ո՜ւ: Միայն թե Աստված ների ինձ դրա համար:
Հիմա նաև նորաձև է դարձել գլխի մազերը կտրել, իսկ հետևից պոչիկ թողնել: «Հե՜յ, արծիվնե՛ր,- հարցնում եմ,- ի՞նչ իմաստ կա այդ պոչերում»: «Մենք պոչ ենք թողնում,- պատասխանում են «արծիվները»,- որպեսզի մեզ վրա ուշադրություն դարձնեն»: «Տարօրինակ մարդիկ եք,- ասում եմ նրանց,- այսօր մարդիկ այնքան խնդիրներ ունեն, որ ձեզ վրա ուշադրություն չեն դարձնի, եթե նույնիսկ վճարեք նրանց դրա համար»: Իսկ ուրիշները՝ հաղթանդամ լողլողները, ականջօղ են դնում: Որքա՜ն եմ այդ ականջօղերը հանել:
- Իսկ ոմանք միայն մեկ ականջօղ են դնում, հա՛յր:
- Մեկ ականջօղ անարխիստներն են դնում: Ականջի մեկ օղը անարխիայի նշանն է: Նրանք այդ ականջօղը կանանց պես իրենց զարդարելու համար չեն դնում: Նրանք իրենց ականջը ծակում են և ականջօղ դնում ի նշան բողոքի: Մի անգամ իմ խուց մի հայր եկավ իր քսաներկուամյա որդու հետ՝ երկարամազ, մորուքով ու ականջին ականջօղ: «Տղաներին պատշաճ չէ ականջօղ դնել,- ասացի նրան,- շատերը ձեզ սխալ են հասկանում: Ինձ բացատրել պետք չէ, բայց մարդիկ չգիտեն, որ դուք անարխիստ եք և սխալ են հասկանում»: Դրանից հետո նա հանեց ականջօղն ու ինձ տվեց: Այն ոսկուց էր: «Դա ոսկերչին տուր,- ասում եմ,- որպեսզի պարանոցից կախելու խաչ պատրաստի քեզ համար»:
- Հա՛յր, իսկ ոմանք նույնիսկ քթից են ականջօղ կախում:
- Նշանակում է սատանան օղ է դրել նրանց քթին: Միայն թե սանձը չի երևում: Իսկ ոմանք լայն ոսկե շղթաներ են պարանոցին գցում՝ մի քանի շարք: Մեկին մի լավ «քոթակեցի», հանեցի այդ բոլոր զիզի-պիզի բաներն ու ասացի. «Այս ոսկին որևէ որբուկի տուր: Կամ էլ տուր մայրիկիդ, որպեսզի նա որևէ կարիքավորի տա»: Նրան շատ, թե քիչ կարգի բերելուց հետո, ինձ հարցնում է. «Ի՞նչ պետք է անեմ»: «Սկսիր նրանից,- ասում եմ,- որ համեստ շղթայով մի խաչ գցիր պարանոցիդ»: Միայն մտածիր՝ տղամարդ են, բայց ոսկե զարդեր են դնում: Կանգնած է դիմացդ, ամբողջովին փայլում է ոսկու մեջ, պարանոցին երկու-երեք շարք հաստ ոսկե շղթաներ են, որ նույնիսկ արքայադուստրերը չեն դնում, և բողոքում է իր խնդիրներից: Իսկ խնդիրը հենց դրանում է: Նրա խնդիրները ապաշխարանք է, որ կրում է: Ոմանց վրայից ինքս եմ հանում այդ զիզի-պիզի բաները, մյուսներին ասում եմ, որպեսզի իրենց ձեռքերով անեն: Մարդիկ չափը կորցրել են: Նրանք վերջնականորեն անպետք են դարձել: Ոմանք կենդանակերպի նշաններն են պարանոցից կախում: «Դա ի՞նչ է,- հարցնում եմ մեկին,- առաջին անգամ եմ նման բան տեսնում»: «Սա այդպիսի կենդանի է,- պատասխանում է,- իմ կենդանակերպի նշանն է»: Իսկ ինձ սկզբում թվաց, թե Աստվածամոր սրբապատկերն է: «Ի՞նչ է,- ասում եմ,- մի՞թե ինքներդ էլ եք գազանանոցի գազաններ, եթե կենդանակերպի այդ նշաններն եք ձեզ վրա կրում»: Համա, թե տարօրինակ են… Ներքին սանձարձակությունը դուրս է պրծնում: Ուրեմն եկեք աղոթենք, որպեսզի Աստված լուսավորի երիտասարդությանը և մի փոքր թթխմոր պահի:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի