26 Նոյեմբեր, Գշ
Գալով Անտիոք քաղաքը` Նոմերիանոս թագավորը պիղծ դևերին զոհ էր մատուցում: Ուզեց մտնել Աստծու տունը: Իսկ երիցս երանելի Բաբելասը` Աստծու եկեղեցու եպիսկոպոսը, որ Անտիոքում էր, Քրիստոսի հոտի գեղեցիկ և հանճարեղ հովիվը, գիտեր մեծ իմաստությամբ հովվել իր ենթականերին, երբ լսեց, որ Նոմերիանոսը ուզում է մտնել Աստծու տաճարը, ձայնը բարձրացրեց ժողովրդի մեջ և բարձրագոչ ասաց. «Հաստատո՛ւն եղեք, որդյակներ, այստեղ, ներսում մնացեք, որովհետև ապականիչ գայլն ուզում է մտնել Աստծու տունը. եթե Աստված մեզ [օգնության] չհասնի` կորչելու ենք բոլորս»: Նրանք այդ լսելով` մնացին ներսում, իսկ սուրբը դռան առջև նստած սպասում էր անօրենին: Եվ եկավ Նոմերիանոսը, ուզում էր մտնել եկեղեցի: Աստծու սուրբ ծառա Բաբելասն ընդառաջ գնալով արգելեց նրան. «Այստեղ չպետք է մտնես պիղծ և կեղտոտ ձեռքերով»: Իսկ Նոմերիանոսը բռնի մտնել էր փորձում, և զարմացած էր այրի համարձակությամբ, նաև ակնածելով նրա բարի համբավից, մի պահ լուռ մնաց, ապա հրամայեց նրան պահել ամենայն զգուշությամբ, ինքը զայրացած դարձավ արքունիք:
Հաջորդ օրը [թագավորն] ատյանում նստեց, հրամայեց նրան բերել բոլորի առջև ու ասաց. «Ա՛յ թշվառական այր, ի՞նչ ես մտածել և ի՞նչ նկատի ունեիր, որ հանդգնեցիր արգելել ինձ, չգիտե՞ս, որ քեզ հետ խոսում է թագավորը: Աստվածները գիտեն, որ չես փախչի իմ ձեռքից, և տեսնենք` քո Աստվածը կօգնի՞ քեզ»: Բաբելասն ասաց. «Ես տառապած մարդ էի, իսկ Աստված կամեցավ ինձ դարձնել իր ժողովրդի հովիվ: Ուստի տեսնելով, որ ապականիչ գայլը մտնում է Քրիստոսի հոտը, շտապեցի ուշք դարձնել, որ հոտից կորուստ չունենամ և հաշիվ տամ Աստծուն»: Նոմերիանոսն ասաց. «Հիմա ինձ գա՞յլ համարեցիր և ոչ թագավոր»: Բաբելասն ասաց. «Աստծու ներողամտությամբ ես դու թագավոր և մեր մեղքով. գոնե այդպես խրատվելով դառնանք դեպի Նա: Բայց ես քեզ ճշմարիտ թագավոր չեմ համարում, որովհետև չգիտես Նրան, որ քեզ այդ պատիվը տվեց: Եթե գիտենայիր` միայն Նրան կերկրպագեիր և միայն Նրան կպաշտեիր և ոչ Նրա ստեղծածներին: Արդ` այսպիսի գործերով բարկացնում ես քո արարչին, որ չգոյությունից գոյության բերեց քեզ և պատիվ տվեց, որպեսզի փառավորես Նրան: Քեզ ասում եմ բաներ, որ բոլորը գիտեն. եթե քո պաշտոնյաներից մեկը փախչեր քեզնից ու գնար այլազգի թագավորի մոտ, չէի՞ր զայրանա: Այդպես մտածիր Աստծու մասին: Երկնի ու երկրի արարիչը խանդով է նայում այդ բաներին: Չէ՞ որ, երբ Իսրայելը դառնացրեց Աստծուն` մարգարեի միջոցով ասաց նրանց. «Դուք նախանձեցրիք ինձ չաստվածներով, և ես կնախանձեցնեմ ձեզ ազգով և անմիտ ազգով կզայրացնեմ ձեզ» (Բ. Օրինաց ԼԲ. 21): Արդ` դու ևս կզայրացնես Աստծուն, և Նա կխլի իսկույն քո թագավորությունը և կտա ուրիշի, որին չես ուզում: Դրանով կիմանաս, որ բարվոք է Աստծուն խոստովանել և ոչ թե Նրա արարածներին աստվածացնել և երկրպագել նրանց. չէ՞ որ գրված է. «Երկրպագիր քո Տեր Աստծուն և պաշտիր միայն Նրան» (Մատթ. Դ. 10):
Նոմերիանոսն ասաց. «Աղճատվում ես թշնամանելովդ: Քեզ չի՞ թվում, որ այս արարածները մեծ աստծունն են կամ չե՞ս տեսնում նրանց ազդեցությունը և առաջադիմությունը, որ ունեն: Բայց ես ուզում եմ իմանալ` ո՞ր ազգն է ասում` գիրն անմիտ է. այդ որ ասես` սիրով կլսեմ քեզ»: Բաբելասն ասաց. «Աստված մարդուն անմեղ ստեղծեց, իսկ սատանան երկնքից ընկավ և զրկվեց փառքից, որ ստացել էր Աստծուց, և նախանձելով մարդկային ցեղին` հափշտակեց մեր նախնիներին իր չար մտքերով, և այդպես եղանք անմիտ: Իսկ Աստծու Միածին Որդին` ճշմարիտ Աստված, ներողամիտ եղավ այնքան կռապաշտության հանդեպ և իր ստեղծածների կորուստը տեսնելով` երևաց մեզ և ողորմելով կորզեց մոլորությունից: Եվ այնուհետև անմիտ չենք, քանի որ գիտենք Աստծուն, մանավանդ որ իրենից իմացանք` չկա նախապես գիտցող, լոկ Աստծուց բացի: Իսկ այդ ամենը, որ ասում եք` առասպել են և բանաստեղծների մտքեր. անունով են միայն աստվածներ և ոչ գոյությամբ, քանի որ եթե մարդկային արվեստը չլիներ` այդ աստվածները չէիք ունենա: Այժմ եթե ուզում ես ինձ լսել և մոլորությունիցդ խուսափելով իմաստուն լինել` Աստված քեզ կընդունի, իսկ եթե ոչ` կաս և կմնաս այդ անմտության մեջ»: Նոմերիանոսն ասաց. «Ձեր գիրքն առասպել է, իսկ մերը` գործ և իմաստ, և իր մեջ ունի ճշմարտության պատկերը, որովհետև այնտեղ աստվածային մի զորություն կա: Դրա համար հրամայում եմ զոհ մատուցել նրանց: Եվ իմացիր, թե չլսես` անպատիժ չես մնա, որովհետև դու ավելի լավ չես քան նրանք, որ քեզնից առաջ եկան սրան և արժանացան մեծ պատվի»:
Բաբելասն ասաց. «Ովքեր պարտվեցին` պարտվեցին իբրև մարդ, իսկ ինձ չես կարող խաբել, և եթե ինձ խոստանաս երկնքի արքայությունը, որից ինձ ուզում ես խորթացնել, տանջանք ես ժառանգելու, քանի որ Աստված քեզնից պահանջում է մարդկանց հոգիները, որ կորցրիր»: Նոմերիանոսն ասաց. «Ի՞նչ է Աստված. այդ անունն ինձ ասա` ինչպես է բացատրվում»: Բաբելասն ասաց. «Աստծու մեծությունը չգիտես, թեև [Նրա] թևերով թռչում ես: Մի՛ որոնիր Աստծու անունը, որովհետև չես գտնի, քանի որ ամեն կանչված անուն մի լավի կողմից է անվանվում. մեկը կկանչի, մյուսը կլսի: Եվ ամեն մեկը, որ կկոչի` «Աստված, Աստվա՛ծ», ոչ թե Աստծու անունը, այլ փառքն է ասում: Արդ` մի՛ խնդրիր բան, որ Աստծունը չէ: Աստված իմաստության ճանապարհ է` առանց հասնելու, Աստված որ ամեն ինչ ստեղծեց մարդու համար»: Նոմերիանոսն ասաց. «Ի՛նչ է մարդը»: Բաբելասը պատասխանեց. «Կյանքի ընդունիչ, եղածը վայելող»: Նոմերիանոսն ասաց. «Աստվածներով, պատասխանեցիր կարգով և խիստ իմաստությամբ, ինչպես քո համբավն էր: Բայց քեզ պակասում է միայն աստվածների իմացությունը, և կարող էիր բարի այր լինել»:
Բաբելասն ասաց. «Անզգա՛մ, ամբարիշտ և ինքնագոհ բռնակալ, այդ պատիվը, որ քեզնից է` թշնամանք է ինձ, և քո գովասանքը` անարգանք: Քանի որ ես լի եմ ամենայն բարությամբ, որովհետև գիտեմ իմ Աստծուն և քարերին չեմ երկրպագում»: Նոմերիանոսն ասաց. «Նոր շղթա կգցեմ քո պարանոցին, որովհետև չեմ կարող հանդուրժել, և իբրև չար ծառայի ու իր տիրոջը թշնամանողի` կապանք կդնեմ ոտքերիդ»: Բաբելասն ասաց. «Աստծուն ունեմ ինձ իշխան ու թագավոր, տերեր ու եղբայրներ` երկյուղածներ Աստծու: Արդ, դու հավատա՛ Աստծուն, և կհամբուրեմ քո ոտքերը: Որովհետև պատիվ է ինձ այն, ինչ դու թշնամություն ես համարում: Այլև այս չարչարանքով Աստծու պիտանի ծառա չեմ, այլ անպիտան, քանի որ երանելիներն են Աստծու համար չարչարվում»: Նոմերիանոսն ասաց Բիկտորինոս դքսին. «Ուզում եմ քեզնով խրատել անզգամների ուսուցիչ Բաբելասին և հրամայում եմ նրա պարանոցին շղթա դնել, նաև ոտքերին` կապանք, ի թշնամություն նրա, որ ոչ քիչ լուտանք թափեց մեզ վրա»: Բիկտորինոս դուքսն ասաց. «Քո քաջությամբ երդվելով` վաղուց եմ ցանկացել հասնել քո երկյուղին` այդ ամբարիշտ մարդու կապակցությամբ: Որովհետև անօրեն և ինչ-որ նոր օրենք է ուսուցանում և բազում հոգս է պատճառում մեզ` անգոսնելով մեր հրամանները»: Նոմերիանոսն ասաց. «Դու հիմա հրամայվածներն արա այդ անհավան Բաբելասին, իսկ ես դրանից հետո կամաց-կամաց կջնջեմ նրա նմաններին»:
Դուքսը Բաբելասի պարանոցն ու ոտքերը շղթայեց և հրամայեց դուրս հանել, որ տեսանելի լինի բոլորին: Բաբելասն ասաց. «Գոհանում եմ իմ Աստծուց, որ իրեն խոստովանելովս ինձ հասցրեց այս պատվին, իսկ քեզ և քո թագավորին չեմ հարգում»: Դրանից հետո Նոմերիանոսն ասաց. «Կանչեցեք Բաբելաս ուսուցչին երիտասարդների, որ ամեն ժամ անզգամությամբ է շարժվում»: Եվ եկավ Բաբելասը, ասաց. «Ուսուցիչ եմ երիտասարդների, որ երբեմն մտքով մանկանում են, երբեմն իմաստությամբ պատահում են նրանց, որ ուզում են շեղվել ճշմարտությունից, բայց ձեզ` անզգամներիդ ու ձեզ նմաններին ուսուցիչ չեմ»: Նոմերիանոսն ասաց. «Աստվածներով [եմ երդվում] քեզ վայել են այդ շղթաներն ու կապանքները, որ ոտքերիդ են»: Բաբելասն ասաց. «Դու շարժվում ես` առաջնորդվելով անզգամությամբ, իսկ ես երդվել եմ Աստծու Որդու [անունով]. ինձ այնքան է վայել, որքան քեզ ոչ` այդ թագը, որ գլխիդ է»: Նոմերիանոսն ասաց. «Ո՛վ թշվառական, զոհ մատուցիր, բուժվիր տանջանքներից, որ քեզ պահեն, և մի՛ պարծենար այն մանուկներով, որոնց սովորեցնում ես»: Բաբելասն ասաց. «Որ մանուկների ուսուցիչ եմ` ահա քեզ ասացի: Իսկ եթե ուզում ես տեսնել` ի՛նչ է մանկանց սնունդը և աստվածային վարդապետությունը, ինձ հետ ունեմ երեք մանուկ` ըստ Աստծու սնված, հրամայիր նրանց բերել` և կտեսնես նրանց քաջությունը, որ Աստված նրանց հետ է: Թերևս իմ փորձով չհամոզվեցիր և ինձ նայում ես իբրև աղճատվածի ու շատախոսի»:
Եվ Նոմերիանոսը հրամայեց բերել մանուկներին, որոնց մասին Բաբելասն ասաց: Եվ երբ մտան, [Նոմերիանոսը] հարցրեց նրանց` մայր ունե՞ն: Եվ նրանք ասացին. «Այո՛, բայց մորից առավել ունենք տեր Բաբելաս մեր ուսուցիչը»: Հրամայեց բերել և նրանց մորը, ու երբ մտավ` հարցրեց նրան` «Ի՞նչ է քո անունը»: Եվ նա ասաց. «Թեուդուլե»: Նոմերիանոսն ասաց. «Դրանք քո որդինե՞րն են»: Եվ նա ասաց` «Այո՛, ես եմ ծնել դրանց և հանձնել եմ իմ հովիվ Բաբելասի ձեռքը, և նա սովորեցրեց նրանց աստվածպաշտություն»: Նոմերիանոսն ասաց. «Դրա երեսն ապտակեցեք սաստիկ իր երեխաների առջև և դրան ասացեք, որ հանդուգն չխոսի»: Իսկ զավակները տեսան իրենց մորը տանջանքի մեջ, միաբան աղաղակեցին ու ասացին. «Բռնավոր, իզուր մի՛ խփիր մեր մորը, որովհետև ազատ է, և ճիշտ ասաց` ինչ որ ասաց, նա ծնեց մեզ, բայց սնեց մեր տեր Բաբելասը: Թեկուզ դարձյալ զայրանաս` մեր տերն է, քանի որ աստվածպաշտություն է սովորեցնում»: Եվ զայրացած Նոմերիանոսը հրամայեց երիտասարդներին առանձնացնել: Հրամայեց առաջինին փոկով [հարվածել] տասներկու, երկրորդին` ինը, երրորդին` յոթ [անգամ]: Իսկ մանկունք մի մարդու պես ասացին. «Օրհնյալ է Աստված, որ Նրա համար չարչարվում ենք»:
Նոմերիանոսն ասաց նրանց մորը. «Քո առաջին որդին քա՞նի տարեկան է»: Եվ նա պատասխանեց. «Տասներկու»: «Իսկ երկրո՞րդը»: Եվ նա ասաց. «Ինը»: «Իսկ երրո՞րդը` քանի»: Եվ նա ասաց. «Յոթ»: Սրանից հետո աղաղակեց. «Քրիստոնյաների Աստվածը մեկ է. իմ որդիների քանակի համաձայն այնպես տանջվեցին Նրա համար, որ կվերջացնի նրանց ու կպսակե»:
Նոմերիանոսը հրամայեց դուրս հանել նրանց մորը և ներս տանել Բաբելասին և ասաց նրան. «Անզգամների վարդապետ և մանուկների ուսուցիչ, փորձեցի այն, որ պարծենում էիր մանուկներով. սուտ դուրս եկար, քանի որ առաջ գալով մանուկները խոստացան զոհ մատուցել աստվածներին»: Բաբելասն ասաց. «Չա’ր, գլխիցդ սուտ ես խոսում, քանի որ քո հայր սատանայի որդին ես, որը մշտապես ստում է, և դուք չեք կարող հաղթել որևէ մեկին, ո’չ դու, ո’չ քո հայր սատանան, եթե չստեք»:
Նոմերիանոսն ասաց. «[Երդվում եմ] Ասկլեպեոսով, արհամարհում եմ քո խոսքն ու թշնամանքը և տանջանքով կամաց-կամաց կվատնեմ քեզ, եթե չհավանես և զոհ չմատուցես, դրանից հետո կհրամայեմ գլուխդ կտրել»: Բաբելասն ասաց ծիծաղելով. «Այժմ և ծաղրի եք արժանի»: Նոմերիանոսն ասաց. «Աղճատվում ես. ո՞ւմ ծաղրին ենք արժանի»: Բաբելասն ասաց. «Եթե քո աստվածները լսեն, որ միայն Ասկլեպեոսի անունը տվիր` կզայրանան քո դեմ: Արդարև ես ամաչում եմ ձեր անզգամությունից, որ չեք կարող իմանալ, այլ երկրպագում եք` ում չերկրպագեցին կամ չհավանեցին մանուկները»: Նոմերիանոսն ասաց. «Թե քո Քրիստոսը լսի` կբարկանա, որ միայն Աստված ես ասում, ի՞նչ կանես»: Բաբելասն ասաց. «Ահա դու արժանի չես լսելու քրիստոնեից գիտությունը, բայց այս ամբոխի համար, որ շուրջս է, ասում եմ, որ քո անօրինությամբ դրանք ևս չզրկվեն գթությունից: Երբ քրիստոնյաները Որդուն են ասում, խոստովանում են Հորը և երբ Հայր են ասում` խոստովանում են և Որդուն, որովհետև բաժան չեն ո՛չ Հայրը որդուց, ո՛չ Որդին Հորից, և Աստված համեմատելի չէ դևերին, որոնց երկրպագում ես: Եվ գրված է. «Ի՞նչ հաղորդություն լույսի և խավարի միջև» (Բ. Կորն. Զ. 14-15):
Իսկ մանուկները այնքան ժամ կախված էին Բաբելասի հետ: Նոմերիանոսն ասաց, որ Բաբելասին տանեն` կապանքներն ու անուրները պարանոցին: Եվ քանի որ ծանր էին և հաստ, երկար կախելով վերքեր էին առաջացնում: Իսկ որ նրա շուրջն էին ծանոթները, չարչարակից լինելով նրան` ասացին. «Խոստացիր զոհել և ազատվիր տանջանքից»: Բաբելասն ասաց. «Այնքան չեմ սգում այդ անզգամին, որ գահին է նստում, որքան ձեզ, որ հավատում եք դրան, որ և կորցրեց ձեր կյանքը: Դրան չհավանելով արդյո՞ք ձեզ կհավանեմ. բնավ: Ձեր տանջանքը կյանք է, որովհետև թեթևացնում է ինձ, որի համար և չարչարվում եմ և չեմ զգում բնավ»:
Այնուհետև թագավորը հրամայեց տանջել նրան: Ու մինչ երանելի Բաբելասը կախաղանին էր, մանուկները աղաղակում էին և ասում. «Բռնավոր և ամբարիշտ, ինչո՞ւ մեր տիրոջը և բարի հովվին այդպես առանց մի պատճառի տանջում ես. քանի որ պաշտում է բոլորի Տիրոջը, դրա համար առավել պատվի է արժանի և ոչ տանջանքի: Դրա փրկությամբ երդվում ենք` Աստծու ձեռքից չես պրծնի, այլ մատնվելու ես գեհենի հրին»: Եվ Նոմերիանոսը ցասումով հրամայեց տանջել նրանց: Իսկ մանուկները միաբերան ասացին. «Չե՞ս ամաչում, ամբարիշտ, այդչափ բազմության առջև հաղթվելով մանուկներից, որովհետև դու ավելի պիտի տանջվես, քան մենք: Երդվում ենք նրանով, որ անմիջապես կարող է քեզ հատուցել, որովհետև չենք ընկրկում քո տանջանքներից»: Եվ թագավորը հրամայեց իջեցնել Բաբելասին և թաքցնել տանը, որպեսզի առանձին հարց[աքննի] մանուկներին:
Եվ ասաց նրանց. «Որդյակնե՛ր, համաձայնեցեք ինձ` և բազում պատիվներ կշնորհեմ ձեզ, որ ուրիշ մեկը չի կարող»: Իսկ նրանք միաձայն ասացին. «Խորամանկ և նենգավոր, մեզ մահ մի՛ նյութիր, քանի որ քո բոլոր շնորհները լի են գեհենի պատվով: Երբ որ մեր վարդապետը տերունական կնիքը տվեց մեզ` կատարյալ դարձանք և մեզնից վանեցինք չար խորհուրդները, և հաղորդվեցինք հաստատուն կերակրին, պատրաստ ենք մեռնելու Քրիստոսի անվան համար: Դու կարծում էիր թե երբ մեզնից մեկուսացնես մեր ուսուցչին` կհաղթես մեզ: Աստծու Որդու անվամբ ենք երդվում, որը կարող է օգնել մեր հովվին` ուր և լինի, և բուժել քո պիղծ ձեռքից, և այս ժամանակները փոխել անմիջապես, եթե չուրանանք և ամոթ չանենք մեր հովվին, որ աղոթում է իր հոտի համար»:
Իսկ երանելի Բաբելասը լսում էր դա այն տանը, ուր արգելափակված էր: Նոմերիանոսն ասաց. «Առա՛ջ բերեք Բաբելասին»: Ու երբ եկավ` ասաց. «Արդարև [սրանք] ըստ Աստծու իմ որդիներն են, իսկ ես իմ Աստծու համար, որից ծնվեցի` կին չեմ ճանաչում»: Նոմերիանոսն ասաց. «Եվ ինչո՞ւ ամեն ինչով քեզ են նման»: Բաբելասն ասաց. «Աղոթքով խնդրում եմ, որ ամբողջապես ինձ նման լինեն, բացի իմ մեղքերից»: Նոմերիանոսն ասաց. «Քեզ ասացի` ազատվիր տանջանքներից, դու հնազանդվել ես չարչարվել, և չլսեցիր ինձ, և աղաչում եմ քեզ` հաճեցրու քո միտքը առաջին տանջանքին, միայն դրանից հետո բավարարվի՛ր տանջանքովդ, համոզիր մանուկներին, որ այդպես դեռահաս չզրկվեն քաղցր կյանքից»: Իսկ Բաբելասը զայրացած ասաց. «Ո՛վ անմիտդ բոլոր մարդկանցից և ամբարիշտ բռնավոր, զբաղվեցիր մեզնո՞վ, պատերազմական հոգսերը թողած, և` թե ինչպես պետք է դիմավորել այլազգիներին. հավատում եմ Քրիստոսի Հայր Աստծուն: Ինչպես որ հերքեցիր մեզնից, այդպես կհաղթահարվես թշնամիներիցդ: Գոնե խոստում տուր որդիներիդ և քո պարգևները պահիր քեզ, քանի որ չես կարող այնքան մեզ շնորհել, որքան ձգտում ես զրկել մեզ»:
Եվ թագավորը բարկացավ, նրան և երեք մանուկներին մահվան վճիռ տվեց: Իսկ երանելի Բաբելասը երեք մանուկների հետ վճիռն ստացավ, երդվեցրեց մոտը եղողներին և ասաց. «Երդվեցնում եմ ձեզ մեր Աստծով, որ տեսնում է ամեն ինչ, անուրներն ու կապանքները, որ ոտքերիս են, ես վկայում եմ, որ բռնավորը հավետ տանջվելու է անվախճան հրի մեջ»: Ու մինչդեռ ելնում էր դռնից, այսպես էր սաղմոսում. «Փրկեցիր մեզ մեր թշնամիներից և մեր ատելիներին ամոթահար արեցիր» (Սաղմ. ԽԳ. 8): Նրա հետ սաղմոսում էին մանուկները: Իսկ երանելի Բաբելասը աղաչում էր դահիճներին, որ պատրաստ էին գլխատելու, որ նախ մանուկներին սպանեն, ապա իրեն: Եվ նրանց կանգնեցնելով իր աջ ու ձախ կողմը, ասաց. «Ահա ես և իմ մանկունք, որ տվեց Աստված»: Իսկ երբ նրանց վախճանված տեսավ` ասաց. «Օրհնյալ Աստված քրիստոնյաների, որ արիր քո բազում ողորմությունը, արդարև դեռահաս մանուկների բերանով հաստատեցիր քո օրհնությունը»: Այնպես նրան ևս գլխատեցին, թաղվեց շղթաներով, երեք մանկանց հետ:
Աստված, որ Իրեն հուսացողներին զորություն է տալիս, փառավորում փառավորիչներին` Նրան փառք և զորություն հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.