22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Աստված, երբ մարդուն ստեղծեց, դեռևս դրախտում նրա համար պահք սահմանեց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2.16-17):
«Պահքը դրախտում օրինադրվեց, և այն հասակակից է մարդկությանը»,- գրում է Բարսեղ Կեսարացին իր «Վասն պահոց» ճառում: Եվ եթե նախածնողները պահեին պահքի պատվիրանը, կժառանգեին անմեղ և անմահ կյանք:
Պահքի օրերին հրաժարվում են կենդանական ծագում ունեցող կերակուրներից և սնվում միայն բուսական կերակուրներով: Սակայն պահքի խորհուրդը այսքանով չի սահմանափակվում. պահոց օրերին եկեղեցին պատգամում է սնվել Կենդանի Հացով՝ Աստծո խոսքով: Ինչպես Սուրբ Գիրքն է վկայում. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթեոս 4.4): Մարդը հոգի է և մարմին, ինչպես ուտելիքն է մարմնին հաճելի, այնպես էլ պահքը՝ հոգուն: Պահքի և աղոթքի ուժի ու զորության մասին վկայում է Սուրբ Գիրքը: Հիսուս Քրիստոս բժշկում էր դիվահարների և Իր աշակերտներին էլ տվել էր այդ իշխանությունը: Բայց մի անգամ նրանք չկարողացան բժշկել մի դիվահարի, և երբ հիվանդի տերը հայտնեց Հիսուսին, թե՝ Քո աշակերտները չկարողացան բժշկել այս հիվանդին, Տերը պատասխանեց. «Սա այնպիսի դիվահարություն է, որ կարող է բժշկվել միայն աղոթքով և պահքով» (Մատթեոս 17.20):
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսակարգում տարվա մոտ կեսը պահոց օրեր են՝ բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի և Քառասնօրյա կամ Մեծ պահքի, նախատեսված ապաշխարության համար: Ըստ առաքելական կանոնի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ, բացառությամբ Սբ. Զատկից մինչև Համբարձում ընկած չորեքշաբթի և ուրբաթ օրերի, օրապահքեր են: Չորեքշաբթի պահք ենք պահում ի հիշատակ Քրիստոսի մատնության, իսկ ուրբաթ՝ ի հիշատակ Նրա խաչելության: Շաբաթապահք է կոչվում, քանի որ տևում է մեկ շաբաթ՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ: Այն նախորդում է եկեղեցական որոշ մեծ տոների՝ ինչպիսիք են Վարդավառը, Վերափոխումը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը և այլն:
Ինչպես այսօր Քառասնօրյա կամ Մեծ Պահքի շրջանը ընդգրկում է Սուրբ Հարության տոնին նախորդող քառասուն օրերը, այնպես էլ քրիստոնեության վաղ շրջանում Սուրբ Ծննդյան տոնի համար նույնպես սահմանված էր պահքի երկարատև շրջան, որը տևում էր 50 օր: Այդ շրջանը կոչվում էր Հիսնակ և սկսվում էր Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրյա այդ շրջանը բաժանված է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթյա ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի՝ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ շաբաթապահքերը նախորդում են Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի և Սուրբ Ծննդյան տոներին: Դրանք տևում են մեկ շաբաթ: Սուրբ Ծննդյան տոնի շաբաթապահքը սկսվում է դեկտեմբերի 30-ին:
Պահքերին նախորդող կիրակի օրերը կոչվում են բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանություն՝ ուրախություն:
Պահքը ինքնամաքրման, աղոթքի, զղջման, մեղքերի գիտակցման և խոկման ընթացք է: Այն հոգևոր դաստիարակության լավագույն միջոց է: Սուրբ Հովհան Մանդակունին պահք է անվանում նաև բերանի լռությունը, աչքերն արատությունից, լսելիքը՝ անդեպ լսելուց և սիրտը՝ պիղծ խորհուրդներից զերծ պահելը: Պահք է նաև չընկերանալը պատվի և իշխանության համար, չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժխնդիր չլինելը և չջանալ սեփական անձը ընկերոջ մոտ արդարացնելը: Պահք է նաև խոնարհությունը, հնազանդությունը և սուրբ սրտով բոլորին սիրելը: Նաև, մանավանդ, պահք է՝ այդ օրերին ինչ արգելում ես որովայնիցդ, այն աղքատներին ընձեռել: Այս է սուրբ և աստվածահաճո պահքը:
Հիսնակի պահոց շրջանին ֆիզիկապես և հոգեպես պատրաստվում ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյանն ու Աստվածհայտնությանը։ Հիսնակի պահոց շրջանը իր լրումին է հասնում Սուրբ Ծննդյան ճրագալույցի Պատարագով և հունվարի 6-ին ջրօրհնյաց Պատարագով, նվիրված Քրիստոսի մկրտությանը և Աստվածհայտնությանը։
Կազմեց Կարինե Սուգիկյանը