ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, իր վեցամյա գործունեության ընթացքում շահառուներին՝ ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին, տրամադրում է ինչպես սոցիալական և հոգեբանական աջակցություն, այնպես էլ՝ հովվական խնամք և աջակցություն: Ամեն շաբաթ հոգևորականը կենտրոնի շահառուների համար իրականացնում է քարոզներ, որ նպաստում են շահառուների հոգևոր աճին ու հոգեկրթմանը: Կազմակերպվում է նաև ֆիլմերի դիտում և քննարկում: Իրականացվում են ուխտագնացություններ Հայաստանի տարբեր եկեղեցիներ ու սրբավայրեր: Հոգևորականի կողմից կատարվում է նաև անհատական խորհրդատվություն, խոստովանություն, իրականացվում են տնայցեր, կատարվում տնօրհնեքի կարգ, որոնց նպատակն է նվազեցնել ներքին հոգեբանական լարվածությունն ու խարանը:
Շաբաթ օրը շահառուների երեխաները ևս մասնակցում են աստվածաշնչյան սերտողություններին՝ հոգևոր թեմաների շուրջ նկարելով և հոգևոր մուլտֆիլմեր դիտելով:
Հերթական շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին, քարոզի և աստվածաշնչյան սերտողության ավարտին, կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության աջակցությամբ, ՄԻԱՎ-ով ապրող շահառուների երեսունմեկ երեխաներին հանձնեց դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ և հագուստ: Երեխաներին մեծ ուրախություն էր պատճառել անակնկալ նվերները: Կենտրոնի շահառուներն իրենց շնորհակալությունը հայտնեցին հոգևոր հովվին և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությանը հերթական աջակցության համար:
Եկեղեցու հայրերից մեկը հորդորում է. «Բաց մի թողեք որևէ հնարավորություն, մարդկանց հանդեպ ձեր բարի վերաբերմունքով, աստվածահաճո կյանքով ապրելու»: Իսկ այդ հնարավորությունները բազմաթիվ են և ամենուր, քանի որ Տերն իր արարածներից յուրաքանչյուրին փրկության առաջնորդող լայն հնարավորություններ է ընձեռնում, հարկ է միայն ուշադիր լինել և օգտվել կյանք պարգևող ամեն մի հնարավորությունից:
Կարինե Սուգիկյան