Ծերերին խնամելու վարձքը

Ո՜ւր է գլորվել աշխարհը: Ե՛վ Ֆարասում և՛ Էպիրում նույնիսկ ծեր կենդանիներին էին խնամում: Դե ջորիներին հասկանալի է, թե ինչու (որովհետև դրանց միսը սնունդի մեջ չի օգտագործվում): Բայց ուտելի կենդանիներին նույնպես չէին մորթում, կենդանի էին թողնում: Օրինակ՝ տերերը պատվում էին այն ծեր ցլերին, որոնց օգնությամբ նախկինում հողը հերկում էին: Խնամում էին նրանց, հոգ էին տանում օր ծերության, ասելով. «Չէ՞ որ սրանք մեր կերակրողներն են»: Այսինքն այն աշխատանքային կենդանիները, որ դաշտում էին աշխատել՝ լավ ծերություն ունեին: Այն ժամանակ մարդիկ չունեին այն տեխնիկական միջոցները, որ այժմ կան: Պետք էր ձեռքի աղացով կերակրի ոսպը աղալ, մանրացնել, որպեսզի խեղճ ծեր ցուլը կարողանար ծամել այն: Իսկ այժմյան մարդիկ մոռացել են նման բաների մասին. նրանք նույնիսկ ծեր մարդկանց մասին հոգ չեն տանում, էլ ուր մնաց կենդանիների:

Ես կյանքումս երբևէ այդքան լավ չեմ զգացել, որքան այն մի քանի օրը, երբ ինձ հանձնարարեցին մի ծեր վանականի խնամել: Ծերերի հանդեպ խնամքը մեծ վարձք ունի: Սուրբ Լեռից մի հոգևոր եղբոր մասին պատմեցին ինձ, որ բռնված էր սաստիկ դիվահարությամբ: Նրան հանձնարարեցին հոգ տանել վեց ծեր վանականների մասին, որ ծերերի համար նախատեսված վանական կացարանում էին բնակվում: Ծանր տարիներ էին, մարդիկ իրենց հոգսը թեթևացնելու միջոցներ չունեին: Ծերունիների սպիտակեղենով լցված պարկերը խեղճն ուսերին էր դնում ու քարշ տալիս դեպի հեռավոր լճակը, որտեղ այդ ամենը լվանում էր մոխրաջրով… Քիչ ժամանակ անց նա ազատվեց դիվական ազդեցությունից և վանական դարձավ: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ նախ և առաջ նա զոհաբերում էր իրեն՝ հանուն ուրիշների և այն պատճառով նաև, որ ծերունի վանականներն իրենց օրհնությունն էին տալիս նրան:

Շատ ամուսիններ տրտնջում են և բողոքում դժվարություններից, որ ծագում են ընտանիքում նրանց հետ միասին ապրող ծերերի տարօրինակությունների ու փնթփնթոցի պատճառով: Այդ մարդիկ մոռանում են այն չարաճճիությունների մասին, որ անում էին երեխա ժամանակ և այն նվնվոցի ու տարօրինակությունների մասին, որոնցով այն ժամանակ տանջում էին ուրիշներին: Նրանք չեն հիշում, որ իրենց լացով ու կամակորություններով հանգիստ չէին տալիս ծնողներին: Այդ պատճառով էլ Աստված այդպիսի մարդկանց թույլատրում է ծերերի խնամքի հետ կապված դժվարությունների միջով անցնել, որպեսզի գոնե ինչ-որ չափով «վճարեն» այն դժվարությունների համար, որ նախկինում ուրիշներին են պատճառել: Այժմ նրանց հերթն է օգնելու իրենց ծեր ծնողներին և երախտագիտությամբ հոգ տանելու նրանց մասին՝ հիշելով այն զոհողությունները, որ ծնողներն արել են հանուն նրանց, երբ դեռ երեխա էին: Նրանք, ովքեր պարտքի զգացում չունեն իրենց ծնողների նկատմամբ՝ Աստծո կողմից դատվելու են որպես անարդար ու անշնորհակալ մարդիկ:

Ես տեսնում եմ, որ աշխարհիկ մարդկանց ունեցած տառապանքի պատճառը հաճախ կայանում է նրանում, որ ծնողները վիրավորվորված են նրանցից: Ընտանիքները տուժում են այն պատճառով, որ նրանցում հոգ չեն տանում տատիկների ու պապիկների մասին: Ի՞նչ օրհնություն պետք է ունենան այն երեխաները, որ մեծանում են մի ընտանիքում, ուր խեղճ տատիկին կամ պապիկին ծերանոց են տարել, թողել են այնտեղ՝ սրտի կսկիծով մեռնելու, իրենց են վերցրել նրանց ունեցվածքը և հնարավորություն չեն տվել նրանց ուրախանալու իրենց թոռնիկներով: Այսօր մի տարեց կին էր եկել ու պատմում էր, որ չորս ամուսնացած որդի ունի: Նրանք բոլորն էլ նույն քաղաքի միևնույն թաղամասում են ապրում, սակայն ինքը չի կարող տեսնել նրանց, որովհետև մի անգամ «համարձակվել է» խորհուրդ տալ իր հարսներին. «Միմյանց հանդեպ սիրով եղեք, եկեղեցի գնացեք»: Դա լսելով՝ նրանք ուղղակի կատաղել էին: «Որպեսզի ոտքդ այլևս մեր տներում չլինի՛»,- ասել էին նրան: Խեղճն իր երեխաներին արդեն հինգ տարի չէր տեսել: «Աղոթիր, Հայր,- խնդրում էր նա՝ արցունքն աչքերին,- ախր ես թոռնուհիներ էլ ունեմ: Աղոթիր, որ գոնե երազում նրանց տեսնեմ»: Դե էլ ի՞նչ օրհնություն պետք է ունենան այդ կնոջ երեխաները:

Տատիկն ընտանիքում մեծագույն օրհնություն է, սակայն այդպիսի մարդիկ դա չեն հասկանում: Սովորաբար տղամարդիկ ավելի շուտ են ծերանում և կանայք են խնամում նրանց: Երբ ամուսինը մահանում է՝ երեխաները տատիկին իրենց տուն են տեղափոխում, որպեսզի հոգ տանի թոռնիկների մասին և իրեն անպիտան չզգա: Շատ լավ է, եթե երեխաներն այդպես են վարվում: Այդ կերպ և՛ տարեց մայրն է հանգիստ առնում, և՛ ընտանիքը՝ օգնություն ստանում: Չէ՞ որ բազմաթիվ գործերի պատճառով մայրը չի հասցնում երեխաներին տալ անհրաժեշտ սերն ու քնքշանքը: Հենց այդ պակասն է լրացնում տատիկը, որովհետև տատիկի տարիքը՝ սիրո և քնքշության տարիք է: Տե՛ս, երբ երեխան չարություն է անում՝ մայրը նախատում է նրան, իսկ տատիկը՝ շոյում: Երբ տատիկը խնամում է երեխաներին՝ մայրը հասցնում է իր բոլոր գործերն անել, երեխաները սիրով ու քնքշությամբ են շրջապատված լինում, և տատիկն՝ ինքն էլ, ջերմանում է իր թոռների սիրով:

Իր ծնողների մասին հոգ տանող մարդն Աստծո մեծ օրհնությունն ունի: Մի երիտասարդ, ամուսնանալով, իր պլանների մասին պատմեց ինձ. «Հայր, ուզում եմ տուն կառուցել և դրա առաջին հարկում երկու փոքր բնակարան հատկացնել իմ և կոջս ծնողներին»: Գիտե՞ք, թե դա որքան հուզեց ինձ: Գիտե՞ք, թե որքան օրհնեցի ես այդ մարդուն: Զարմանալի է, թե ինչո՞ւ շատ ամուսիններ դա չեն հասկանում:

Մի քանի օր առաջ մի կին եկավ ինձ մոտ և խնդրեց. «Հայր, մայրս կաթվածահար է եղել: Որքա՜ն եմ ես հոգնել: Ութ տարի շրջել նրան մի կողմից՝ մյուսը»: Լսո՞ւմ ես ինչ է կատարվում: Ինչպես է աղջիկը խոսում մոր մասին: «Օ՜հ,- ասում եմ,- քո խնդիրը շատ հեշտ է լուծվում: Հիմա կաղոթեմ, որ ութ տարի դու կաթվածահար լինես, իսկ քո մայրն առողջանա և խնամի քեզ»: «Ոչ, ոչ, Հա՛յր»,- բացականչեց նա: «Չորս տարի,- ասում եմ,- գոնե չորս տարի է քեզ անհրաժեշտ: Ախր ինչպե՞ս չես ամաչում: Ո՞րն է ավելի նախընտրելի: Առողջ լինել, ցավ չզգալ ու խնամել հիվանդ մարդուն, և վարձքի էլ արժանանալ Աստծուց, թե՞ տառապել, ի վիճակի չլինել ոտքը շարժել, համակերպվել և խնդրել. «Խնդրում եմ գիշերանոթը բեր, մյուս կողմի շրջիր ինձ, պատի կողմը տեղափոխիր…»: Երբ այդ կինը լսեց, թե ինչ եմ ասում իրեն՝ մի քիչ ամաչեց:

Ընտանիքում այսպիսի խնդիրներ չեն լինի, եթե երեխաներն իրենց պատկերացնեն իրենց ծերացած ծնողների փոխարեն կամ, եթե հարսն իրեն սկեսրոջ տեղը դնի ու մտածի. «Չէ՞ որ, ես էլ մի օր ծերանալու եմ և մի գեղեցիկ օր սկեսուր եմ դառնալու: Այն ժամանակ ինձ դուր կգա՞ արդյոք, եթե իմ հարսն ինձ վրա ուշադրություն չդարձնի»:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

28.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․