Ս. Զատկին հաջորդող Հինանց շրջանում ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, նախանձախնդրորեն շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Ապրիլի 19-ին համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Սիմոնյան կարիքավոր ընտանիքին՝ փոխանցելով նրանց Ս. Հարության ավետիսը: Սիմոնյան Նաիրան (33 տ.) իր 11-ամյա դստեր՝ Նարե Սիմոնյանի հետ բնակվում է Պուշկինի 49 հասցեում տեղակայված քարե ավտոտնակում, որ զուրկ է տարրական պայմաններից: Ընտանիքի հայրը մահացել է տասը տարի առաջ ավտովթարից, դժբախտ պատահարի հետևանքով Նաիրան էլ գլխի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով առ այսօր առողջական խնդիրներ ունի: Ավտովթարից երկու տարի անց Նաիրան իր դստեր հետ ստիպված է եղել վարձակալությամբ ապրել: «Մեկ տարի է, ինչ աղջկաս հետ բնակվում ենք այս տնակում, որ մի բարի մարդ է տրամադրել մեզ, քանի որ հայտնվել էինք փողոցում՝ տան վարձը չվճարելու պատճառով»,- ասաց Նաիրան: Մանկավարժական կրթություն ստացած ընտանիքի մայրը ժամանակ առ ժամանակ որպես մաքրուհի է աշխատում, որպեսզի իր վաստակածի և ընտանեկան նպաստի գումարներով կարողանա հոգալ իր ընտանիքի նվազագույն կարիքները: Նաիրան նշեց, որ Նարեն ամեն օր դպրոցի դասերն ավարտելուց հետո հաճախում է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և նրանց հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Նարինե Հակոբյանը իր հոգելույս ամուսնու՝ Հրաչ Վարդանյանի հիշատակի համար: Սիմոնյան Նաիրան իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին՝ իր ընտանիքին աջակցելու համար:
Բարեգործության հիմքը սերն է Աստծո և Նրա պատգամների հանդեպ. «Եթե սիրում եք Ինձ, պիտի գործադրեք Իմ պատվիրանները» (Հովհաննես 14:15): Ս. Մակար Մեծը նշում է, որ բոլոր առաքինությունները շղթայաձև փոխկապակցված են միմյանց. աղոթքը՝ սիրո, սերը՝ ուրախության, ուրախությունը՝ խոնարհության, խոնարհությունը՝ հնազանդության: Կատարելության ձգտողը՝ Տիրոջ խոսքի համաձայն, թե՝ «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48), անխոնջ ընթանում է առաջ՝ անտեսելով իր ճանապարհին հանդիպող ամեն մի դժվարություն: Կատարելության ուղին սկիզբ է առնում ժամանակավոր այս աշխարհում՝ իր ավարտը գտնելով հավիտենական կյանքում:
Կարինե Սուգիկյան