Յուրաքաչյուր պարգև՝ լինի նյութական, թե հոգևոր, Աստծո պարգևն է մարդուն: Աստված բազմաթիվ պարգևների է արժանացրել մարդուն, որպեսզի ստացածը ի բարին գործածելով՝ բաժնեկից դարձնի իր մերձավորներին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցծրագրերին աջակից յուրաքանչյուր անձ ջանում է Աստծո տվածը Աստծուն վերադարձնել՝ բարի գործերով հարստանալու մեծ ձգտումն ունենալով: Փետրվարի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Հովակիմյան Աննային (47 տ.), որ բնակվում է Մոլդովական 29/4 155 բն. հասցեում: Աննան տասը տարեկանից տառապում է ոսկրային հիվանդություններով, որոնք տարեցտարի ավելի խորանալով, դարձրել են նրան 2-րդ կարգի անաշխատունակ հաշմանդամ: «Անցյալ տարի՝ սեպտեմբեր ամսին, ինֆարկտից մահացավ ամուսինս: Այժմ մեծ խնդրի առջև եմ կանգնած. ինձ հասանելիք ընտանեկան նպաստի և հաշմանդամության գումարներով չեմ կարող վեց ամիսը մեկ պահանջվող բուժումն անցնել, որն ինձ համար կենսական նշանակություն ունի, սակայն մեծ գումար արժե»,- ասաց Աննան:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Աննային հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աննան շնորհակալություն հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
«Բաժանեց նա ու տվեց աղքատներին. նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից և փառք ու հարստություն կլինի նրա տան մեջ» (Սաղմ. 111:9; 3): Թե՛ փառքը, թե՛ հարստությունը Աստծուց է, որոնք այն մարդկանց տանն են հիմնավորվում, ովքեր, ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ երկյուղ ունեն առ Աստված: Բարի գործն է իրական և ճշմարիտ հարստությունը, իսկ այլ հարստությունները հարստության դատարկ անուններ են, որ չունեն իրենց մեջ ոչ մի ճշմարտություն: Առաքելական ժամանակաշրջանում, ինչպես վկայակոչում է Սուրբ Գիրքը. «Ոչ մեկը մի բանի կարոտ չէր, որովհետև արտ կամ տուն ունեցողները վաճառում էին դրանք և ծախվածի դրամը հանձնում էին առաքյալներին, որոնք բաշխումը կատարում էին՝ նայած թե ով ի՛նչ բանի կարիք ուներ» (Գործ Առ. 4: 34-36): Թեև առաքյալներին էր հանձնված շատերի հարստությունը, բայց նրանք չէին կրում այդ ամենի հոգսը: Այդպիսի հարստության մեջ գտնվելով՝ նրանք վեր էին հարստությունից, քանի որ հարստության առատությունը չէր իշխում նրանց: Սա է հատկապես հարստությունը, երբ հարստության կարիքը չի զգացվում: Առաքյալները, ըստ Տիրոջ խոսքի, Աստծո փառքն էին փնտրում. «Դուք նախ խնդրե՛ք, որ Աստծո արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33):
Կարինե Սուգիկյան