26 Նոյեմբեր, Գշ
Աստված սեր է. աստվածային մեծագույն սիրո արտահայտությունը Գողգոթայի Խաչն էր, որի վրա Քրիստոս զոհեց Իր անձը՝ հանուն մարդկության փրկության: Քրիստոս հաղթեց աշխարհին Իր սիրով, և Նրա հիմնած կրոնը՝ քրիստոնեությունը, դարձավ զոհաբերվող սիրո կրոն: Առանց սիրո աշխարհն անապատի կվերածվի: Առանց սիրո հավատը մեռած ու անզոր կդառնա, նրանից միայն ձևը կմնա: Առանց սիրո հոգին կմահանա: Սիրո կորուստը հոգևոր մահվան ուղի է, այն բոլոր ժամանակաշրջանների մեծագույն արհավիրքն է և առավել դաժան է, քան բոլոր պատերազմները:
Մարդու ազատ կամքից է կախված, թե նա աստվածային սիրո բնակարան կլինի՞, թե՝ ոչ: Աստվածային սերը մուտք է գործում այն հոգին, որ բաց է նրա առաջ, մուտք է գործում այնտեղ որպես ճառագայթ՝ հոգին դարձնելով անտեսանելի լույսի մի աղբյուր: Սիրո միջոցով մարդը բացահայտում է իրական կյանքն ու ուրախությունը՝ կյանքի ուրախությանը մասնակից դարձնելով շատերին: Իրական հավատը չի կարող արտահայտվել այլ կերպ, քան սիրով և ողորմածությամբ, որոնք անբաժանելի են միմյանցից, ինչպես լույսն ու ջերմությունը՝ կրակից: «Սերը կյանքն է իսկ իր խորությամբ, լայնությամբ ու բարձրությամբ: Եթե «Աստված սեր է» ավետարանախոս առաքյալի վկայությամբ, այն ժամանակ, եթե մարդ ենք, չենք կարող չլինել սիրո ճառագայթ»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:
Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը հերթական անգամ իր սիրո ճառագայթն արձակեց դեպի հայրենիք՝ այս անգամ ջերմացնելով արև Ալբերտի (7 տ.) ընտանիքը: Մայիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ալբերտի մայրիկին՝ Մեհրաբյան Լիաննային (35տ.), փոխանցեց հիմանդրամի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 եվրո): Լիաննան իր ամուսնու, ծնողների և երկու զավակների հետ բնակվում է Վերին Չարբախի Պոպովի 28 հասցեում: Արև Ալբերտը սովորում է Երևանի Մ. Ջանբազյանի անվան թիվ 79 հիմնական դպրոցի երկրորդ դասարանում, սիրում է երաժշտություն լսել ու պարել: Լիաննան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:
Կարինե Սուգիկյան