22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մի բանվոր բարձրանում է լեռների վրա գտնվող մատուռը, որպեսզի աղոթի և Աստծուց ունեցվածք ու կյանքի հարմարավետ պայմաններ խնդրի: Ներս է մտնում և նկատում, որ մի մարդ, լացակումած աչքերով, ծնկաչոք աղոթում է ու բանվորին տեսնելով՝ ուրախացած ասում.
- Հոգու դառնությունից ու ծանրությունից արդեն մեկ ամիս է այստեղ տառապում եմ. Աստծուց ունեցվածք խնդրեցի, ապահով կյանք, փող, հարստություն: Եվ իմ աղոթքից հետո մատուռի հետևում մի հսկայական ոսկու ձուլակտոր գտա, սակայն այդ ահռելի ոսկու քարն անհնար է տեղից շարժել: Բայց օտարներից վախենում եմ օգնություն խնդրել, որպեսզի իմ ոսկին չհափշտակեն, իսկ այս վայրն էլ չեմ կարողանում թողնել ու հեռանալ, քանի որ մտավախություն ունեմ, որ ուրիշները կգան և այդ հսկա գանձը կտանեն մինչ իմ վերադարձը: Արդ, մեկ ամիս է` այս լեռներում սոված ու ծարավ տառապում եմ հույսով, որ Աստված կօգնի, որպեսզի այդ հսկայական ոսկու քարը կարողանամ ինչ-որ կերպ շարժել և ինձ հետ տանել, բայց սիրտս այդ ցանկությունից ծանրացել է: Ուրեմն, եղբայր, որոշել եմ այս ամենը թողնել և ընդմիշտ հեռանալ: Ուզում եմ քեզ ցույց տալ, թե որտեղ է այդ գանձը: Այն նվիրում եմ քեզ: Եվ երբ կարողանաս այդ գանձին տիրանալ և հարստանալ, ինձ էլ չմոռանաս, որ դրանից բաժին հանես:
Ժամանակն անցնում է, մի հովիվ, որը հայտնի էր իր անմտությամբ, իր ոչխարների հետ հասնում է այդ մատուռը, ներս մտնում և տեսնում անկյունում մի մարդ, լացակումած աչքերով, ծնկաչոք աղոթում է և հովվին տեսնելուն պես ուրախանում է ու ասում.
- Ես բանվոր եմ, ու արդեն երկու ամիս այստեղ սրտի դառնությամբ աղոթում եմ, Աստծուց օգնություն խնդրում, որպեսզի մատուռի հետևում գտնվող հսկայական ոսկե գանձը, որ նվեր եմ ստացել, կարողանամ ինձ հետ իմ գյուղը տանել: Արդ, բա՛րի հովիվ, գնա՛նք այն ցույց տամ և քեզ նվիրեմ, իսկ ինքս այստեղից հեռանամ:
Այս հովիվը ձեռքի մատներն է հաշվում, նայում բանվորին, այնուհետև հիացմունքով պատասխանում.
- Ուրեմն դու տասներորդն ես: Ինձ պետք չէ քո ահռելի գանձը: Դու այստեղ արդեն տասներորդն ես, որ ինձ նույն առաջարկն է անում: Ես եկել եմ ոչ թե ոսկի ու գանձեր խնդրելու, այլ մյուս բոլոր քարերն էլ ոսկեգույն ներկելու, որպեսզի իմ ոչխարների հետ ոսկե սարերի և գանձերի մեջ շրջեմ…
Հովհաննես Մանուկյան