Գրքեր

Որդեծնության դժվարություններ

- Հա՛յր, եթե ոչ ուղղափառ կինը անպտուղ է, ապա թույլատրելի՞ է արդյոք, որ նա օրհնության համար խնդրի այն գոտին, որ մենք խաչի ձևով դնում ենք Սուրբ Արսեն Կապադովկիացու* մասունքներին:

- Իսկ նա հավատո՞ւմ է Սրբի զորությանը, թե ուզում է օգնություն ստանալ կախարդական ճանապարհով: Եթե հավատում է, ապա կարող է այդպիսի գոտի կրել:

Որոշ անպտուղ կանայք չեն ամուսնացել այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր անել, այդ պատճառով էլ այժմ նրանց դեմ գործում են հոգևոր օրենքները: Որոշ քմահաճ աղջիկներ սկսում են ընտրություն անել փեսացուների միջև. «Չէ, այս մեկն ինձ դուր չի գալիս, այն մեկն էլ իմ ճաշակով չէ»: Խոստանալով ամուսնանալ մեկի հետ, այդպիսի աղջիկը միևնույն ժամանակ ուրիշներին էլ է նայում, այնուհետև առաջինին մերժում է և տղան ուզում է ինքնասպանություն գործել՝ փոխանակ օրհնություն համարի այն փաստը, որ աղջիկը խաբել է իրեն նախքան ամուսնությունը, այլ ոչ թե դրանից հետո: Ախր ի՞նչ ընտանիք կկարողա ստեղծել այդպիսի աղջիկը: Իսկ կան կանայք, որոնք անպտուղ են, որովհետև երիտասարդ տարիներին ապրել են անկանոն մեղավոր կյանքով: Կան նաև այնպիսիները, որոնց անպտղության պատճառը սխալ սնունդի մեջ է, որովհետև շատ մթերքներ կան, որ իրենց մեջ մի ամբողջ կույտ քիմիական նյութեր ու հորմոններ են պարունակում:

Կան նաև այնպիսի ամուսնական զույգեր, որոնք ցանկանում են երեխաներ ունենալ անմիջապես ամուսնությունից հետո: Իսկ եթե երեխայի բեղմնավորումը ձգձգվում է՝ նրանք սկսում են անհանգստանալ: Իսկ ինչպե՞ս նրանք կարող են երեխա ունենալ, եթե  լի են անհանգստությամբ ու հոգեկան տագնապով: Նրանք երեխա կունենան այն ժամանակ, երբ իրենցից կվանեն այդ անհանգստությունն ու տագնապը, և իրենց կյանքը կուղղեն ճշմարիտ հոգևոր ընթացքով:

Երբեմն Աստված գիտակցորեն դանդաղում է և երեխա չի պարգևում որևէ ամուսնական զույգի: Տեսե՛ք, չէ որ Սուրբ Հովակիմին ու Աննային, Սուրբ մարգարե Զաքարիային և Եղիսաբեթին Նա երեխա պարգևեց ծերության հասակում, որպեսզի իրականացնի մարդկության փրկության Իր մշտջենական ծրագիրը:

Ամուսինները պետք է մշտապես պատրաստ լինեն ընդունելու Աստծո կամքն իրենց կյանքում: Աստված երես չի դարձնում այն մարդուց, ով իրեն վստահում է Նրան: Մենք ոչինչ չենք անում, իսկ որքա՜ն է մեզ համար անում Աստված: Որքա՜ն սիրով ու առատաձեռնությամբ է Նա մեզ ամեն ինչ տալիս: Մի՞թե ինչ-որ բան կա, որ Աստծո ուժերից վեր է: Մի ամուսնական զույգ հինգ զավակ ուներ, բայց հասունանալով՝ նրանք իրենց սեփական ընտանիքները կազմեցին և հեռացան հայրական տնից: Հայրն ու մայրը մենակ մնացին: Եվ այդժամ նրանք որոշեցին մի երեխա էլ ունենալ, որպեսզի օր ծերության իրենց հետ լինի: Կինն արդեն այն տարիքում էր, որ բեղմնավորումն անհնար էր և մարդկային տեսանկյունից նրանց ցանկությունն՝ անիրականանալի: Սակայն, չնայած այդ ամենին, ամուսինները մեծագույն հավատք ունեին առ Աստված և նրանք որդի ունեցան, որը նրանց համար սփոփանք եղավ օր ծերության: Եվ այս զավակին էլ ծնողները ոտքի կանգնեցրին:

Երեխաների ծնունդը ոչ միայն մարդուց է կախված: Այն կախված է նաև Աստծուց: Աստված տեսնելով, որ որդեծնության հետ կապված խնդիրներ ունեցող ամուսինները խոնարհություն ունեն, կարող է ոչ միայն նրանց երեխա պարգևել, այլև՝ բազմազավակ դարձնել: Սակայն, ամուսինների մեջ տեսնելով համառություն ու եսասիրություն՝ Աստված չի կատարում նրանց ցանկությունը, որովհետև որդեծնության մասին նրանց խնդրանքը կատարելով՝ Նա կբավարարի նրանց եսասիրությունն ու համառությունը: Ամուսինները պետք է ամբողջությամբ իրենց վստահեն Աստծուն: Նրանք պետք է ասեն. «Տեր իմ, դու հոգում ես մեր բարօրության մասին, «Թո՛ղ Քո կամքը լինի»» (Մատթ. 6:10): Այդ դեպքում նրանց խնդրանքը կկատարվի: Որովհետև Աստծո կամքը կատարվում է այն ժամանակ, երբ մենք ասում ենք. «Թո՛ղ Քո կամքը լինի» և վստահությամբ հանձնում ենք մեզ Աստծուն: Սակայն մենք, չնայած որ ասում ենք. «Թո՛ղ Քո կամքը լինի», միևնույն ժամանակ պնդում ենք մեր սեփական կամքը: Իսկ այդ դեպքում ի՞նչ կարող է Աստված մեզ համար անել:

 

* Սուրբ Արսեն Կապադովկիացու վարքում հիշատակվում է այն մասին, որ անպտղության դեպքերում Սուրբը մի ինչ-որ պարանի կտոր էր օրհնում ու տալիս անպտուղ կնոջը, որպեսզի նա գոտևորվի ու անպտղությունը լուծվի: Հայրն ասում էր, որպեսզի մենք նման դեպքերում Սուրբ Արսենի մասունքներին գոտին խաչաձև դնենք և տանք անպտուղ կնոջը, որպեսզի նա կրի իր վրա:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

 

16.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․