Չար ոգիներ և այլմոլորակայիններ

Ըստ Աստվածաշնչի` հրեշտակներն ապրում են երկնքում, բայց ո՞րն է նրանց ճշգրիտ բնակավայրը: Տիեզերքի անսահմանությունը Աստծո գոյության ապացույցներից մեկն է: Սակայն նույնիսկ եթե տիեզերքը սահման ունի, ապա ի՞նչ կա տիեզերքի սահմաններից այն կողմ: Սրանք հարցեր են, որոնց գիտությունը նույնիսկ այսքան զարգացած քսանմեկերորդ դարում չի կարողանում մի հստակ պատասխան տալ:

Սուրբ Գրքի համաձայն` այլ երկինքներ էլ կան (Եփ. 4.9, Եբր. 7.26, Հայտն. 21.1): Պողոս առաքյալը հափշտակվեց մինչև երրորդ երկինք (Բ Կորնթ. 12.2), հրեական ավանդության մեջ ինը երկինքների պատկերացումը կա: Եկեղեցական հեղինակներն ասում են, որ այս աստղային երկնքից այն կողմ հրեղեն երկինքն է, որտեղ Աստված է, հրեշտակները և մեծ սրբերը: Իսկ որտե՞ղ են անկյալ հրեշտակները` չար ոգիները: Շատ մարդիկ մտածում են, որ նրանք երկրի տակ են, բայց այս կարծիքը հիմնված չէ Աստվածաշնչի վրա և գուցե գալիս է տարբեր ժողովուրդների սնոտիապաշտություններից: Հրաբուխների ժայթքող լավաները տեսնելով` շատ ժողովուրդներ պատկերացրեցին, որ գետնի տակ վայրեր կան, որտեղ սատանան պատրաստում է իր հավիտենական կրակները մեղավոր մարդկանց համար: Բայց որտե՞ղ են չար հրեշտակներն ըստ Աստվածաշնչի: Գուցե զարմանալի կլինի իմանալը, սակայն նրանք բնակվում են օդի մեջ` երկնքի տակ: Եփեսացիներին ուղղված իր թղթում Պողոս առաքյալն ասում է. «Ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորության` հնազանդվելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ» (Եփ. 2.2): Առաքյալը նաև ասում է. «Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ.... այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6.12):

Եկեղեցական ժամանակակից հեղինակներից մեկն ասում է, որ երկնքում երբեմն երևացող արտասովոր երևույթները, որոնք մարդկանց ներշնչում են, թե այլմոլորակայինների նշաններ են, սատանայի թակարդն են, որով չարը ցանկանում է մարդկանց հեռացնել Աստծո մասին ճիշտ պատկերացումից: Եվ կարող ենք ասել, որ երբեմն չարը հաջողություններ է ունենում այս հարցում, քանի որ այժմ տարբեր երկրներում ոչ քիչ թվով մարդիկ կան, ովքեր սխալմամբ կարծում են, թե երկրի վրա կյանքը տարածվել է այլմոլորակայինների կողմից:

 

Տեր Ադամ քհն Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

29.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․