3 Դեկտեմբեր, Գշ
«Ուրիշի ունեցվածքին աչք մի՛ դիր» (Ելք 20:17) պատվիրանը տասը պատվիրաններից վերջինն է, որով Տերը զգուշացնում և նույնիսկ արգելում է մտքով մեղանչել և ցանկանալ այն, ինչ ուրիշինն է. լինի դա ագարակ, տուն, կին, ծառա կամ որևէ այլ բան: Պատվիրանը սովորեցնում է սիրել մեր նմանին և չարամտորեն աչք չունենալ նրա վայելած և ոչ մի բանին: Բարի մարդ լինելու համար բավական չէ չարիք չանելը, այլ հարկ է նաև չար բան չմտածելը: Ուրիշի ունեցածը ցանկանալը Աստծո դեմ գանգատվել է նշանակում, մինչդեռ Աստված բոլորիս հավասարապես բաշխել է ամենաթանկագին բարիքները՝ կյանք, բանականություն, հավիտենական երջանիկ կյանքի խոստում:
Տասներորդ պատվիրանն արգելում է անհագությունը և երկրավոր բարիքների անհագուրդ բաղձանքը: Ուրիշի ունեցածը սեփականացնելու ամեն տեսակի ցանկություն անիրավություն է, ինչը դատապարտելի է Աստծո համար, որովհետև Աստված յուրաքանչյուրին բավարար չափով և ավելիով է տալիս անհրաժեշտը: Բավական է, որ մարդ աշխատելու կամ իրեն տրված կարելիություններն ու կարողությունները գործադրելու, գործի լծվելու պատրաստակամություն ունենա, այն ժամանակ դրանք արդեն այնքան կպտղաբերեն, որ կբավարարեն իրեն ավելիով: Դրանից ավելին ագահությունից է գալիս, որ մարդու մեջ նստած գազան է և որից պետք է ամեն կերպ զգուշանալ:
Տերը կամենում է, որ մարդը գոհանա իր վաստակով և մերձավորին չզրկի իրավունքից: Չար ցանկություն ունեցողի սրտում բնակվում են այնպիսի մոլություններ, ինչպիսիք են՝ նախանձը, ագահությունը, վրեժխնդրությունը, չարախնդությունը, մարմնական ցանկությունները, անհավատությունը, թերահավատությունը: Ագահ մարդը չի գոհանում իր ունեցածով և մարդկանց զրկելու, անգամ ոճրագործության գնով ձգտում է ունենալ ավելին: Տասներորդ պատվիրանը պահանջում է սրտից արմատախիլ անել նախանձը, որ մահացու հիվանդություն է և իրեն ենթարկվողին կորստյան է մատնում: Նախանձ մարդը շարունակ մտահոգ է և չի զգում իր կյանքի իմաստը: Քանի որ. «մարդու սրտից է, որ ելնում են չար մտածումները՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյություն» (Մատթ. 15:19), ուստի «ամենայն զգուշությամբ պահիր և պահպանիր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը» (Առակ. 4:23):
Ցանկությունը մեղքերի սկզբնապատճառն ու գլուխն է, առաջին քայլն է դեպի ապականություն, և անհրաժեշտ է հենց սկզբից վերացնել այն՝ չթողնելով, որ այն աճի ու զարգանա, այլապես ավելի դժվար կլինի դրա դեմ պայքարելը: Ցանկությունից առաջանում է ձգտում, ձգտումից՝ գործնական մեղք, որից էլ ծնվում է հոգևոր մահը: Այս դեպքում ապականվում է հոգին, թուլանում է կամքի ուժը, թունավորվում է կյանքը:
Հակոբոս առաքյալը զգուշացնում է. «Որտեղի՞ց են առաջանում ձեր հակամարտություններն ու կռիվները. արդյոք ձեր ցանկություններից չե՞ն, որոնք կռիվ են մղում ձեր մարմնի մեջ: Ցանկանում եք շատ բաներ, բայց չեք կարող ունենալ, ուստի և սպանում եք: Նախանձում եք, բայց չեք կարող ձեռք բերել. և ահա կռվում եք ու պայքարում: Ձեր ուզածը չեք ունենում, որովհետև չեք խնդրում Աստծուց. կամ խնդրում եք, և Աստված չի տալիս, որովհետև վատ նպատակով եք խնդրում՝ ձեր հաճույքներին ծառայեցնելու համար: Անհավատարիմ մարդիկ, չգիտե՞ք, որ աշխարհի հետ բարեկամություն անել՝ նշանակում է թշնամություն անել Աստծո դեմ. որովհետև ով ուզում է բարեկամ լինել աշխարհին, ինքն իրեն թշնամի է դարձնում Աստծուն» (Հակոբ. 4:1-4):
Որպեսզի հեռու մնանք այս մեղքից, պետք է աշխատենք մեր կյանքում և կենցաղում լինել առաքինի, ողորմած, առատաձեռն: Պետք է սրտից իսպառ արմատախիլ անել չարը: Ով երկնչում է պատերազմից, երբեք չի հաղթի: Ուստի «հավատի բարի պատերազմ մղիր, ամուր կառչիր հավիտենական կյանքից, որի համար Աստված կոչեց քեզ» (Ա Տիմոթ. 6:12):
Կազմեց Գայանե Սուգիկյանը