12 Հոկտեմբեր, Շբ
Երիտասարդների մեջ հաճախ հարց է հնչում, թե ինչու է Աստված լռում, չի արձագանքում, չի աջակցում իրենց բարի ու լավ նպատակների առնչությամբ, այլ երբեմն էլ փորձություններ, դժվարություններ են լինում, որոնք խաթարում են երազանքների ու ծրագրերի իրականացումը: Բայց մենք մոռանում ենք, որ Երկնավոր Հայրը տեսնում է աննկատելին, այն՝ ինչը մենք չենք տեսնում: Նա նայում է անհատի հոգուն և վեր հանում այդ էության մեջ թաքնված իրական պատկերը:
Երբ մեծահարուստ երիտասարդը Հիսուսին կոչեց բարի վարդապետ (Մատթ. 19:16-22), Հիսուսն անմիջապես հակադարձեց նրան` նայելով նրա հոգուց ներս ու տեսնելով այն հանգույցները, որոնք փակում են աստվածային սիրո, խոնարհության, նվիրումի հոգևոր արժեքներով ապրելու կեցությունը և ինքնահաստատում եսասիրությունն ու փառասիրությունը: Հիսուսը բացահայտեց այդ երիտասարդի իրական էությունը, և նա տրտմած հեռացավ, որովհետև չկամեցավ հրաժարվել աշխարհի փառքից ու ճանաչված լինելու հանգամանքից: Այսօր էլ Արարիչը հակադարձում է բազմաթիվ երիտասարդների, ինչպես նաև անպատասխան թողնելով նրանց աղոթքները կամ իբրև պատասխան թողնելով լռությունը...
Բայց ինչո՞ւ, չէ որ նրանցից շատերն իրենց համարում են քրիստոնյա, լավ ընկերներ, արժանավոր մարդիկ և այլն: Երբ կիսախավարի մեջ նայում ես կիսաձեռակերտ արձանին, չես նկատում այդ արձանի թերությունները և այն թվում է գեղեցիկ և կատարյալ, բայց արեգակի ճառագայթների ներքո ամբողջովին լուսավորված` արձանը, փորձառու քանդակագործի աչքի առջև, չունի այն գեղեցկությունը, ինչը երևում էր կիսախավարում, քանի որ լույսի առջև բացահայտվում է ամեն ինչ: Այդպես էլ Աստծո առջև բազմաթիվ երիտասարդներ մնում են տգեղ ու գորշ, խամրած ու խավարամած հոգիներով անձինք` տառապելով եսասիրությամբ: Նրանց մի մասը, այդ եսասիրությունից ելնելով, հրաժարվում է հավատալ Քրիստոսին՝ իրենց համարելով ժամանակակից աթեիստներ: Իսկ մյուս մասն էլ իրեն համարում է քրիստոնյա, բայց նրանց գործերն ու խոսքերը չեն համապատասխանում հոգևոր կեցության չափանիշներին: Պարզապես եկեղեցի գնալով, մոմ վառելով կամ արտաքին ինչ-ինչ ձևերով չէ, որ արտահայտվում է քրիստոնյայի էությունը: Նրանք իրականում չեն սիրում Աստծուն, այլ Աստծուն ընդունում են նրա համար, որպեսզի Նրա զորությունն ու աջակցությունն օգտագործեն իրենց ցանկությունների իրականացման համար: Նրանք տեսնում, լսում են Աստծո խոսքն ու պատգամը, բայց սրտի խորքում չեն ընդունում, որովհետև մարդկանցից տրված փառքն ավելի են սիրում, քան Աստծո փառքը (Հովհ.12:43): Եվ Ավետարանում նկարագրվող մեծահարուստ երիտասարդի պես շարունակում են ընթանալ իրենց նախկին ճանապարհով:
Բայց Աստծո առջև նրանք իրապես ահավոր արարածներ են և նույնիսկ զարմանալի է. ներկայիս աղջիկների մեջ ավելի շատ են այդպիսիք: Եթե նրանց տրվի աստվածային զորություն և իշխանություն, ապա իրենց սրտի խստասրտության, փառքի և իրենց հոգում թաքնված չարության պատճառով աշխարհի պատմությունը ողբերգություններով լեցուն կլինի: Հոգևոր պատգամն ասում է` տե՛ս, թե ով ես իրականում` ինքնահավան, մեծամիտ ու հպարտ մի երիտասարդ, որ իսկության մեջ պահանջներ ես դնում Աստծու առջև՝ հավատքի շուրջ առևտուր անելով, սակայն չձգտելով ապաշխարության, ներման, խոնարհության և սիրո, այլ ավերիչ «ես»-ի ինքնահաստատման ու կարծրացած սրտի անվերապահության: Բայց երիտասարդները կրկին կարող են ընդդիմանալ ասելով, թե իրենք ամենևին էլ այդպիսին չեն: Սակայն միայն նայեք համացանցում ձեր պարծեցած նկարներով, որոնց վրայից թափվում է ինքնահավանությունը, եսասիրությունը, փառասիրությունն ու մեղավոր ձգտումների բնութագիրը ինքներդ ձեզ ցուցադրելու և ուշադրություն գրավելու համար և կհասկանաք, որ դուք և Աստված գտնվում եք հակառակ կողմերում...
Այդ իսկ պատճառով Ժողովող գրքում ասվում է. «Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդ օրերին: Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստուած պիտի քեզ դատաստանի ենթարկի» (Ժող. 11:9): Արդ, թող աստվածային սիրո լույսն ու ջերմությունը կոտրի այդ անձանց կարծրացած սրտերը, ճանաչեցնի իրենց իրական էությունը և այդ մարդկանց դարձնի դեպի երկնքի արքայության տանող ճանապարհը:
Հովհաննես Մանուկյան