13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Սրտում վառվող սիրո հուրը հարություն է տալիս աղոթքին, իսկ երբ հարուցյալ աղոթքը երկինք է ելնում, աստվածային լույսն իջնում է հոգու տաղավարը» (Հովհաննես Սանդուղք):
Սիրելի՛ հավատացյալներ,
Բարձրյալ Աստծո ամենախնամ Աջի հովանու ներքո իրենց սահուն ընթացքն են շարունակում Մեծ պահքի լուսաբեր շաբաթները՝ մեր հոգիներին առատորեն բաշխելով այն հոգենորոգ սնունդը, որ այս շրջանին է հատուկ և որն այնքան անհրաժեշտ է մեզ: Սիրելինե՛ր, Մեծ պահքի շրջանը հրավիրում է մեզ հրաժարվելու ոչ միայն կենդանական ծագում ունեցող սնունդից, այլև առաջին հերթին մեր հոգու որոմներից՝ այն վատ սովորություններից, կործանարար կրքերից ու մեղքերից, որոնք հեռացնում են մեզ կյանքի անաղարտ Աղբյուրից և դեպի կործանում տանում: Այդ պատճառով էլ այս շրջանը նախ և առաջ ապաշխարության շրջան է, որի անբաժան մասն են կազմում սեփական մեղքերը տեսնելու և ընդունելու քաջությունը, չար ընթացքից հրաժարվելու հաստատ որոշումը, անկեղծ զղջման ինքնաբուխ արցունքները, աստվածահաճո գործերը և իհարկե անձանձիր աղոթքները: Հենց այս վերջինի մասին է Տեր Հիսուս Քրիստոսի առակը, որի պատվին այս կիրակին անվանվել է Դատավորի կիրակի: Ղուկասի ավետարանի տասնութերորդ գլխում նկարագրված առակը կոչվում է «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը», որը Եկեղեցու սուրբ հայրերը հիմք են ընդունել Մեծ պահքի կարևորագույն շրջանի կիրակիներից մեկի համար: Մեր իմաստուն հայրերը վստահաբար մեծ խորհուրդ են տեսել այս առակի մեջ, եթե հարկ են համարել ընդգրկել այն քրիստոնյաների համար կարևորագույն այս շաբաթների շարքում և ամեն տարի անդրադառնալ դրան: Ուստի մենք էլ մեծ ուշադրությամբ կրկին անգամ քննենք այն և որպես Քրիստոսի հետևորդներ՝ որդեգրենք այն կենսատու ճշմարտությունները, որ Տիրոջ յուրաքանչյուր խոսք է իր մեջ պարունակում: Այսպիսով, սիրելինե՛ր, երբ Քրիստոս պատասխանեց Աստծո արքայության գալուստի մասին փարիսեցիների հարցին, անմիջապես հետո մի առակ պատմեց անիրավ դատավորի մասին, որի մոտ մի խեղճ այրի կին էր անընդհատ գալիս և խնդրում ազատել իրեն իր թշնամու հալածանքներից, իսկ դատավորն անընդհատ խուսափում էր նրա հարցով զբաղվելուց: Սակայն դա ամենևին էլ չէր հուսահատեցնում այրուն և ի վերջո նրա շարունակական այցերն ու համառ խնդրանքներն իրենց գործն արեցին, և անարդար դատավորը, որ իր իսկ խոսքով ո՛չ Աստծուց վախ ուներ, ո՛չ էլ մարդկանից՝ ամոթ, ուղղակի հոգնեց նրա համառությունից և լուծեց նրա խնդիրը, որպեսզի այլևս չանհանգստացնի իրեն: Առակի վերջում Տեր Հիսուս Քրիստոս հավելեց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»:
Հովհաննես Երզնկացի կաթողիկոսը «աղոթք» բառը ստուգաբանելիս ասում է, որ դրա առաջին՝ «աղ» վանկը աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստն ունի: Եվ որքա՜ն մեծ շնորհ է մեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, որ մենք՝ պարզ ու մեղավոր մահկանացուներս, հնարավորություն ունենք ամեն պահի ուղղակիորեն դիմելու ամենայնի Արարչին և ակնկալելու Նրա օգնությունը: Առակում բերված Տիրոջ խոսքերն էլ մեծ մխիթարություն են Իրեն հուսացողների համար, քանի որ վստահեցնում են, որ երկնային Արդար Դատավորը, որ վեր է ամենից ու ամեն ինչից, չի խորշում մեղավորներից, այլ լսում է Իր ծառաների աղերսներն ու անպայման պատասխանում նրանց: Իսկ այն մարդկանց համար, ովքեր ասում են, որ չեն ստացել իրենց խնդրանքների պատասխանը, մեջբերեմ սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի խոսքերը, որոնցում ասվում է. «Թող ինձ լսեն նրանք, ովքեր աղոթում են անփութորեն և տրտնջում խնդրած պարգևի ուշացման համար: Երբ ես ասում եմ` կանչիր Աստծուն, խնդրիր, աղաչիր Նրան, դու պատասխանում ես` ես խնդրեցի մեկ, երկու, տասը, հարյուր անգամ և չստացա: Սակայն մի դադարիր, քանի դեռ չես ստացել, երբ կստանաս, այդժամ դադարիր կամ ավելի ճիշտ մնա աղոթքի մեջ: Եթե չես ստացել, ապա աղոթիր, որ ստանաս, եթե ստացել ես, ապա շնորհակալ եղիր, որ ստացել ես»:
Այս հարցի շուրջ բազմիցս է խոսվել, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, և հստակ գիտենք, որ Աստված երբեք չի անտեսում Իրեն ուղղված աղոթքները, և նույնիսկ, երբ թվում է, թե իսկապես աղոթքն անպատասխան մնաց, հենց այդ լռության մեջ է կայանում պատասխանը: Եվ փա՜ռք Տիրոջը մեր թվացյալ անպատասխան աղոթքների համար, որովհետև շատ հաճախ դա նման է լինում այն պատկերին, երբ օրինակ՝ փոքրիկը լալիս է՝ հորից դանակ խնդրելով, անգիտակցաբար կարծելով, որ շողշողուն սայրով այդ իրը հրաշալի խաղալիք կլինի իր համար: Եվ միանգամայն բնական է, որ իր զավակին սիրող և նրա կյանքի մասին հոգ տանող ծնողը երբեք տեղի չի տա նրա լացին և չի նվիրի որևէ բան, որը միայն վնասելու է նրան: Այսպես էլ մենք, սիրելինե՛ր, հաճախ որևէ բան ենք խնդրում Աստծուց, առանց գիտակցելու կամ ի զորու լինելու տեսնել դրա հետևանքները, որոնք կարող են վտանգավոր լինել մեզ ու մեր շրջապատի համար: Կամ էլ մեզ թվում է, թե անհրաժեշտ բան ենք խնդրում Աստծուց, բայց ինչպես կյանքն է հաճախ ցույց տալիս, երբ ի վերջո ստանում ենք մեր ուզածը, հասկանում ենք, որ ամենևին էլ դրա կարիքը չունեինք, և զուր ժամանակ ու ջանքեր վատնեցինք դրան հասնելու համար: Ուստի, նման սխալներից խուսափելու համար, պետք է լիովին տրվենք Աստծո սուրբ կամքին և ամեն անգամ մեր Երկնավոր Ծնողից որևէ բան խնդրելիս հարկ է, որ բացարձակ խոնարհությամբ հավելենք, որ ոչ թե մեր կամքը թող լինի, այլ՝ մեր ամենատես և սիրող Հոր:
Լինում են նաև դեպքեր, երբ մեզ թվում է, թե ակնհայտորեն բարի բան ենք խնդրում Աստծուց, օրինակ՝ առողջություն և ապաքինում՝ մեզ կամ մեր հարազատի համար, սակայն այս աղերսը ևս կարծես թե անպատասխան է մնում: Այս պարագայում նախ և առաջ պիտի հիշենք, որ մեր Հայրը անսահմանորեն սիրում է մեզ և եթե նույնիսկ հապաղում է մեր բարի խնդրվածքը կատարել, ուրեմն դրանում ավելի մեծ բարիք է տեսնում մեզ համար: Շարունակենք աղոթել, սիրելինե՛ր, և հիշենք, որ աղոթքն է միակ կենդանի շփումը մարդու և Աստծո միջև և մտածենք, թե որքա՞ն հաճախ ենք դիմում այդ անգին հնարավորությանը և ամենակարևորը՝ հիշո՞ւմ ենք արդյոք Տիրոջ մասին, երբ առողջ ենք, ուրախ ու անհոգ… Ուստի, երբեմն հիվանդությունը առիթ է ընձեռում վերականգնելու այդ անգին շփումը, անմիջականորեն զգալու Ամենակարողի ներկայությունը մեր կյանքում, որ վեր է ամեն բարիքներից և գնահատելու այն, ինչ կորցրել ենք, իսկ ավելի լավ է՝ այն, ինչ դեռևս ունենք, քանզի մենք չէ, որ արժանի ենք այն ամենին, ինչ Աստված պարգևել ու պարգևում է մեզ, այլ Նրա անհուն ողորմածությունն է, որ արժանացնում է մեզ դրանց…
Մյուս պատճառը, երբ հիվանդության կամ նեղության պարագայում կարծես թե պատասխան չենք ստանում Ամենակալից, կրկին իր խորքում մեծ իմաստ է պարունակում, որովհետև շատ հաճախ նման պարագաներում սկսում ենք ակամայից կատարել մերձավորին մեր անձի պես սիրելու Տիրոջ պատվիրանը (Մտթ. 22:39), քանի որ սկսում ենք նկատել և իսկապես ցավակցել մեր շրջապատում գտնվող այն մարդկանց, որոնք նմանատիպ խնդիրներ ունեն, սակայն որոնց մենք բավարար ուշադրություն չէինք դարձնում նախկինում և չէինք մտածում նրանց իրական օգնություն ցուցաբերելու մասին: Իսկ այն ցավը, որ անմիջականորեն մեր մաշկին ենք զգում, ստիպում է մեզ նայել մեր շուրջը, կարեկցող դառնալ ու ամենակարևորը՝ գործել՝ օգնելով թե՛ ինքներս մեզ, թե՛ մեր նմաններին:
Սակայն, սիրելի՛ հավատակիցներ, լինում են նաև դեպքեր, երբ մեր աղոթքները հավանաբար իսկապես չեն լսվում Տիրոջ կողմից, և նման դեպքերի համար ես կարճ կլինեմ և կպատասխանեմ ձեզ կրկին Ոսկեբերանի խոսքով, որ ասում է. «Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստված լսի՞: Ծնրադրեցի, ասում ես, սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ` դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ` տոկոսներ էր հաշվում, պարտավորություններ, առևտրական շրջագայություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ: … Եվ հաճախ է պատահում, որ ավարտելով աղոթքը` մենք հեռանում ենք` չլսելով այն, ինչ ասել ենք»:
Ուստի, ուշադիր լինենք մեր աղոթքներում, սիրելի՛ հավատացյալներ, և վերջապես, կրկին դառնալով անիրավ դատավորի մասին առակից առաջ և դրա վերջում Տեր Հիսուս Քրիստոսի տված բանալուն, տեսնենք, թե երբ կարող ենք լիովին վստահ լինել, որ մեր աղոթքները լսվել են Ողորմածի կողմից և Նա անպայման օգնելու է մեզ: «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մտթ. 6:33),- սովորեցնում է մեզ Տերը, որպեսզի սովորենք վերջապես առաջնայինն ու հավիտենականը տարբերել նվազ կարևորից և ժամանակավորից: Որպեսզի կանգ չառնենք մեր խնդրած ժամանակավոր բարիքները ստանալուց հետո, այլ մշտապես առաջ գնանք, անդադար աղոթենք և ձգտենք հավիտենականին: Քանի որ հավիտենական Աստված, մեզ նայելիս, առաջին հերթին մեր անմահ հոգիներն է տեսնում և տեսնում է Իր Միածնի մահը խաչի վրա՝ այդ հոգիների փրկության համար, ուստի բնական է, որ առաջին հերթին մեզնից Երկնային Արքայությանն արժանացնելու աղերս է սպասում:
Արդ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այսօրվա առակի այրի կնոջ օրինակով երբեք չհուսահատվենք, երբ որևէ խնդրի առջև ենք հայտնվում և հարատևենք մեր աղոթքներում, առավել ևս, որ մեր խնդրանքներն ուղղված են ոչ թե ոմն անիրավ դատավորի, այլ Արդարադատ Աստծուն, Ով, ի հավելումն, նաև այնքա՜ն ողորմած է Իրեն ապավինողների նկատմամբ: Մշտապես փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը և հետևենք Վարդան Այգեկցու խրատին, որ ասում է. «Աղոթենք անդադար, քանզի սա է անուշահոտ խունկը, որ ծխվում է Աստծո առաջ ոսկե բուրվառով, որն էլ հաճելի է Աստծուն: Աղոթքով միշտ բախենք Արարչի գթառատության դուռը: Աղոթքը սանդուղք է երկրից մինչև երկինք, լույս է խավար ճանապարհին, մնայուն պաշար է մշտնջենավոր կյանքի համար: Ուստի ջանանք սուրբ մտքով արիաբար աղոթել այս կյանքում, որպեսզի սրանից հետո արժանանանք անպատում բարիքներին ու հավիտենական կյանքին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով ու մարդասիրությամբ», ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան