Հինանց շրջան. դու ծառա չես, այլ՝ որդի

Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Սբ. Զատկի տոնին նախորդում է ապաշխարության շրջանը՝ Մեծ պահքը իր յոթ կիրակիներով: Քրիստոնյան, անցնելով յոթ կիրակիների այդ շղթան, նախապատրաստվում է տոների տոնին՝ Սուրբ Զատկին:

Իսկ Սբ. Զատկից հետո քրիստոնյայի ուղին շարունակվելու է նորից յոթ կիրակիների մի այլ շղթայով, որ հայտնի են «Հինանց օրեր», «Հինունք» կամ «Գունագեղ կիրակիներ» անվանումներով: Այդ ժամանակահատվածը տևում է 50 օր՝ մինչև Հոգեգալուստ կամ Պենտեկոստե:

Եթե Սբ. Զատկի նախորդող շրջանը ապաշխարության շրջան է, ապա տոնին հաջորդող շրջանը Քրիստոսի Հարությանը նվիրված հոգևոր ուրախության շրջան է:

Սբ. Զատկից մինչև Համբարձում 40 օր է: Այս ժամանակահատվածը կոչվում է «Քառասունք յարութեան», ինչպես որ Մեծ պահքը կոչվում է «Քառասունք ապաշխարութեան»: «Քառասունք յարութեան»-ը Քրիստոսի Հարության փառաբանությանն է նվիրված: Այս քառասնօրյա շրջանի ամեն մեկ օրը կիրակի է, որոնց ընթացքում երգվում են կիրակի օրերին հատուկ շարականներ: Հինունքի առաջին քառասունքը հիշատակումն է այն քառասուն օրերի, որոնք Հիսուսն անցկացրեց Իր աշակերտների հետ Հարությունից հետո:

Քառասուն օրերին հաջորդող տասն օրերն էլ Համբարձման տոնի շարունակությունն ու փառաբանությունն են և նախապատրաստությունը՝ Հոգեգալստյան: Իսկ հաջորդող յոթնյակը Սուրբ Հոգու Գալստյան խորհրդի շարունակությունն ու փառավորումն է:

Ինչո՞ւ հենց այս անվանումները՝ «Հինանց օրեր», «Հինունք» և «Գունագեղ կիրակիներ»:

Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեանն այս կիակիները անվանում է «Գունագեղ» այն պատճառով, որ դրանք տարվա ամենագունեղ եղանակին՝ գարնանն են հանդիպում, մյուս պատճառը, որ դրանցից մի քանիսն օժտված են գունային անվանումներով: Գույները Աստծո արարչության գեղեցկության երևույթներն են, որոնցով հիանում են բոլոր մարդիկ: Ամեն գույն իր ուրույն տպավորությունն է թողնում և կարծես վերացական գաղափարի տեսանելի արտացոլումը լինի:

Իսկ «Հինունք» անվանումը անլուծելի առեղծված է մնացել, այդ բառը «Հիսունք» չի նշանակում, ինչպես ենթադրում է Օրմանյան պատրիարքը, քանի որ այդ նպատակի համար կա «Հիսնակ» բառը, որն արդեն գործածվում է Սբ. Ծննդյան տոնը կանխող հիսուն օրերի շրջանի համար:

Սբ. Ներսես Շնորհալին և Սբ. Գրիգոր Տաթևացին «Հինունք»-ը ինը թվի հետ են կապում, սակայն տարբեր մեկնաբանությամբ: Շնորհալին ասում է. «Հինունքը և կիրակիները երկնավոր փեսա Քրիստոսի հարսանիքի օրինակներն են… Երբ արդարները և հրեշտակների ինը դասերը, իրար խառնվելով, միանում են՝ Քրիստոսի Հարությունը փառաբանելու համար»: Այս օրինակով հաստատվում է «Ինունք» անվանումը:

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ «Այս հիսուն օրերը համարվում են Զատիկ, դրա համար էլ կոչվում են Հինունք, այսինքն՝ հրեշտակների ինը դասերին ուրախությամբ միանալով՝ տոնում ենք Քրիստոսի Հարությունը»:

Թե՛ Սբ. Ներսես Շնորհալին և թե՛ Սբ. Գրիգոր Տաթևացին տոնացույցային այլաբանական մեկնաբանությունն են տալիս և ոչ թե տոնացույցային ծագման բացատրությունը:

Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեանը կարծում է, որ «Հինունք»-ի արմատը պետք է լինի ինը բառը: Եվ երկու ենթադրություն ունի. առաջինն այն է, որ սա նախաքրիստոնեական շրջանում գործածական բառ էր, որ կապ ուներ բնության երևույթների հետ. օրինակ՝ կարող է ակնարկություն լինել գարնան ինը շաբաթների մասին, որոնք ձգվում են գարնանամուտից (այսինքն՝ մարտի 23-ից) մինչև մայիսի վերջը: Երկրորդ ենթադրությամբ՝ «Հինունք» նշանակում է այն ինը հաջորդական կիրակիները, որոնք սկսվում են Զատիկով և վերջանում են Հարության առաջին կիրակիով, որը հաջորդում է Հոգեգալուստին:

Հինանց շրջանում ամբողջությամբ կարդացվում են չորս Ավետարանները (բացի Հիսուսի Ծննդյան և Չարչարանքների դրվագներից), ողջ Գործք Առաքելոցը և Ընդհանրական կոչվող յոթ թղթերը: Առավոտյան ժամերգության ժամանակ կարդացվում են Սբ. Ղուկասի, Սուրբ Պատարագին՝ Սբ. Հովհաննեսի, երեկոյան ժամերգության սկզբում՝ Սբ. Մատթեոսի և վերջում՝ Սբ. Մարկոսի Ավետարանները: Իսկ Գործք Առաքելոցը և Ընդհանրական թղթերը կարդացվում են Սուրբ Պատարագի ընթացքում որպես ճաշու ընթերցվածներ:

Հինանց կիրակիներն են՝

1. Նոր կիրակի կամ Կրկնազատիկ

2. Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի

3. Կարմիր կիրակի

4. Երևումն Սուրբ խաչի

5. Քրիստոսի Համբարձումը

6. Երկրորդ Ծաղկազարդ

7. Հոգեգալուստ

Նոր կիրակին կամ կրկնազատիկը եկեղեցու հաստատման ընդհանուր հիշատակությունն է իր մեջ ամփոփում:

Երկրորդը՝ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի է կոչվում և հիշատակվում է ողջ քրիստոնյա աշխարհում: Տոնակատարությունն է առաջին մատուռի՝ աղոթասրահի, որը Փրկչի համբարձումից հետո դարձավ առաքյալների աղոթատունը և Սուրբ Հոգու գալստյան սպասավայրը:

Հիսուս Քրիստոսի Հարության չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր կիրակի, որի անվանումը ժողովրդից է գալիս:

Սբ. Զատկի հինգերորդ կիրակիին հիշատակվում է 351 թ-ին՝ Կոստանդ կայսեր և Կյուրեղ եպիսկոպոսի օրոք, Քրիստոսի խաչափայտի հայտնվելը Երուսաղեմի երկնքում:

Զատկից քառասուն օր հետո տոնվում է Հիսուսի համբարձման հիշատակը, որը տևում է մինչև Հոգեգալուստ՝ 10 օր:

Վերջին յոթերորդը՝ Համբարձումից 3 օր հետո հանդիպող կիրակին, կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ:

Ի տարբերություն առաջին՝ Բուն Ծաղկազարդին, ուր հիշատակում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երկրորդ Ծաղկազարդը Քրիստոսի մուտքն է Վերին Երուսաղեմ՝ հրեշտակների ուղեկցությամբ:

Հինունքն ամբողջովին տոն է, ուրախության և ուտիքի շրջան, անգամ չորեքշաբթի և ուրբաթ օրերին մինչև Քրիստոսի Համբարձումը պահքի օրեր չկան: Ինչպես նշեցինք այս ամբողջ ընթացքում հիշատակվում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը, որով և՝ մեր ստացած հաշտությունն Աստծո հետ և որդեգրությունը Նրան՝ ըստ Պողոս առաքյալի խոսքի. «Դու արդեն ծառա չես, այլ՝ որդի» (Գաղատացիներ 4:7):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

10.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․