Դատավորի կիրակիի քարոզ

Դատավորի կիրակիի քարոզ | Datavori Kirakii Qaroz

Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, որ նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան (Ղուկ․ 18։1

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Որքա՜ն ուրախություն և հույս կա այն բառի մեջ, որով դիմում եմ ձեզ, որքա՜ն շնորհ ու խորհուրդ, քանի որ կանգուն է աշխարհը և դեռ կմնա հենց ճշմարիտ հավատացյալ հոգիների ու նրանց աղոթքի շնորհիվ։ Տերը չի կործանի Իր ստեղծածը, քանի դեռ խոնարհ, անկեղծ ու մաքուր սրտից բխող աղոթք կա, որ համարձակորեն բարձրանում է Երկինք ու խոնարհեցնում սիրող Հոր ունկը։

Ավետարանական այսօրվա ընթերցվածքում փարիսեցիները հարցնում են Քրիստոսին Աստծու Արքայության գալու մասին, որին ի պատասխան լսում են․ «Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս․․․ որովհետև․․․ ներսում՝ ձեր մեջ է» (Ղուկ․ 17։20, 21)։ Ինչպիսի՜ խորիմաստ ու դիպուկ պատասխան ծեսերն ու Օրենքը առերևույթ միայն պահող և արտաքուստ անթերի թվացող փարիսեցիների համար, որը մտածելու տեղիք է տալիս ազդվելու ունակ հոգուն։ Ապա Տերը դառնում է Իր սիրելի աշակերտներին ու բավականին հանգամանալից պատմում մարդու Որդու հայտնության օրվա մասին։ Հիշատակում է վտանգներն ու վշտերը, որ պիտի պատահեն և իհարկե հուշում է այդ բոլոր փորձություններին դիմակայելու զենքն ու դեղամիջոցը՝ պատմելով «Անիրավ դատավորի առակը», և ապա ամենն ամրագրում այն խոսքով, թե՝ ամեն ժամ պետք է աղոթել ու չձանձրանալ։

Աշխարհի վերջի ու Քրիստոսի Երկրորդ գալստյան թեմաները բոլոր դարերում էլ հետաքրքրել ու հուզել են քրիստոնյաներին։ Հալածանքների, արհավիրքների ու պատերազմների ժամանակ, երբ մարդկային չարությունն ու ցավը հասնում է իր գագաթնակետին, քրիստոնյաները սկսում են փնտրել Քրիստոսի տված՝ աշխարհի վերջի նշանները, և դա միանգամայն հասկանալի է։ Երբ տեսնում ես քեզ նմանի գազանային չարությունը կամ անասնական այլասերվածությունը, միտքդ հրաժարվում է համակերպվել տեսածիդ հետ, և միակ ցանկությունդ մնում է այն, որ Աստված շուտափույթ վերջ դնի այդ ամենին՝ անգամ և քո կյանքի գնով։ Այսպիսի ժամանակների միջով վստահաբար անցել են առաջին դարերի քրիստոնյաները՝ նահատակվելով Կոլիզեումի խաղասպարեզում, խարույկների ու խաչերի վրա։ Անցել են Առաջին համաշխարհայինի ժամանակ Դեր Զորի ճանապարհին խոշտանգվող ու նահատակվող հայերը և Երկրորդ համաշխարհայինի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում մեռնողները։ Անցել են սովետական տարիներին հալածվող, գնդակահարվող և աքսորավայրերում տառապող միլիոնավոր մարդիկ ու շատ այլոք, և այս բոլոր մարդկանց համար դա եղել է իրենց անձնական, անհատական աշխարհի վերջը։ Սակայն անգամ այս բոլոր սարսափներից խուսափած յուրաքանչյուր մարդու կյանքում էլ գալիս է անխուսափելի մահվան ժամը, որով էլ նրա համար վերջանում է աշխարհն ու գալիս հավիտենության առաջ ներկայանալու պահը։

Այդ հավիտենությունը միգուցե հեռու, անդեմ ու կասկածելի մի բան է թվում անհավատ մարդուն, որից դեռևս ծածկված է աստվածային փրկարար ճշմարտությունը, սակայն մեզ՝ քրիստոնյաներիս, որ Ամենակալի գթասրտությամբ բացահայտվել է փրկարար գիտությունն ու շնորհվել հավատը, հստակ է, որ ի վերջո բոլորս էլ կանգնելու ենք երկնային Դատավորի առջև և խնդիրն այն է, թե ում ենք պատասխան տալու՝ ահեղ ու արդար Դատավորի՞ն, թե՞ «անիրավ» ու ներող։ Այո, չզարմանաք, որ համարձակվեցի Ամենակարող Արքային «անիրավ», նույնն է, թե՝ «անարդար» Դատավոր անվանել։ Այդպես վարվեցի՝ ցանկանալով ցույց տալ, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ Աստված գործում է ոչ թե միայն որպես արդար Դատավոր, որն ամեն քայլափոխի պետք է գավազանով հարվածի մեր յուրաքանչյուր սխալի, հանցանքի ու մեղքի համար, այլ ասես «անարդար» Դատավոր է, որը չի շտապում դատապարտել մեզ, չեղարկում է պատիժը, որպեսզի ուղղվելու, մեղքը քավելու ժամանակ տա։ Ուստի հաջորդ անգամ, երբ շտապենք արդար դատ պահանջել Աստծուց մեզ վիրավորողի, մեզ նեղացնողի նկատմամբ, սիրելի՛ հավատացյալներ, հիշենք, որ մեզ համար միմիայն գթասրտություն ու ներում ենք հայցում Նրանից, ինչ էլ որ գործած լինենք։

Քրիստոս, այս առակում պատմելով այրի կնոջ համառության մասին, որի շնորհիվ էլ վերջինս ստանում է իր ուզածը, մի շարք կարևոր շեշտադրումներ է անում, որոնց հարկ է, որ ուշադրությամբ անդրադառնանք։ Քանի որ Տիրոջ պատմած առակները միշտ էլ մարդ-Աստված փոխհարաբերությունների մասին են, ապա պարզ է, որ մարդուն այս առակում հատկացված է այրու դերը, որի կյանքն ու մահը, համարձակորեն կարելի է ասել, որ կախված է Դատավորից։ Ապրուստի միջոցներից, խնամակալից ու պաշտպանից զրկված կնոջը ինչ-որ մարդիկ խիստ նեղում էին՝ հավանաբար կամենալով նրանից խլել վերջին ունեցածը։ Աստծու շնորհներից ու Սուրբ Հոգու ներկայությունից զրկված մարդն էլ կանգնում է կորստյան եզրին, երբ նրա հակառակորդները ամեհի պայքար են սկսում նրա հոգուն տիրանալու համար։ Առակի այրին իր հակառակորդներին որակում է «ոսոխ» բառով՝ «Իմ ոսոխի դեմ իմ դատը տե՛ս» (Ղուկ․ 18։3): Եվ հենց միայն այս բառն արդեն իսկ շատ բան է հուշում։ Ոսոխն իմ պարտությունն ու մահն է ուզում, ուրիշ ոչինչ։ Ուստի սեփական կյանքդ փրկելու համար անչափ կարևոր է իրերը կոչել իրենց ճիշտ անուններով և հստակ տեսնել, թե ով է քո թշնամին և ով՝ բարեկամը։ «Տերունական աղոթքում» Աստծուն խնդրում ենք ազատել մեզ չարից։ Նա հենց այն ոսոխն է, որն օրնիբուն նենգ պատերազմ է մղում Աստծու դեմ մարդու իսկ միջոցով։ Բանսարկուն և իր արբանյակ դևերը ժամանակների սկզբից ևեթ մարդու գլխավոր թշնամիներն են, որ ամեն օր ու ժամի կատաղի պայքար են մղում յուրաքանչյուրիս անմահ հոգու համար։ Աստվածադիր հոգուն հակառակվում է նաև մեր մարմինը, ինչպես որ սուրբ Պողոս առաքյալն է նշում (հմմտ․ Գաղ․ 5։17)։ Եվ մենք չենք կարող այս անդադրում թշնամիներին ինքնուրույն հակառակվել, քանի որ անօգնական ու անպաշտպան ենք նրանց դեմ առանց Ամենակալ Աստծու։ Այդ է պատճառը, որ Տեր Հիսուս Քրիստոս հուշում է անձանձիր աղոթքի մասին, որի շնորհիվ միայն կարող ենք հագնել Աստծու սպառազինությունն ու Նրա օգնությամբ հակազդել չարի կործանարար նետերին։ «Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ.  Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ: ․․․․Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա. եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնոյյն է, Տե՛ր, հույսս քեզ վրա եմ դնելու» (Սղմ․ 26։1, 3)։ Ուստի ամեն գործ սկսելուց առաջ, որևէ բան նախաձեռնելիս թող ձեր միտքն աղոթք դառնա ու սիրտն ուղղվի դեպի Աստված, սիրելի՛ հավատացյալներ։ Ձեր ամեն ինչը խոնարհությամբ Նրա առջև դրեք և օգնություն աղերսեք Ամենակարողից։ Թող ձեր աղոթքները, մտովի կապն Արարչի հետ չընդհատվեն հատկապես շարունակական վշտերի ու նեղությունների ժամանակ։ Մի՛ ձանձրացեք, մի՛ հուսահատվեք և մի՛ նեղսրտեք։ Թող ձեր հոգին կոփվի, իսկ հավատը՝ ամրանա փորձության պահին։ Հոգով ու մտքով ձգտեք դեպի ձեր Արարիչը, ձգտեք աստվածնմանության, փնտրեք Աստծու երեսը, և Նա չի ուշացնի Իր օգնությունը, քանի որ նախ և առաջ սիրող Հայր է ու բարի Հովիվ։ «Մշտապես Քրիստոսով շնչեք ու Նրան հավատացեք»,- խրատում էր սուրբ Անտոնն իր աշակերտներին՝ հետևելով սաղմոսերգուի այն խոսքին, որում ասվում է․ «Բոլո՛ր հոգիներ, օրհնեցե՛ք Տիրոջը» (Սղմ․ 150։6)։ Ուստի թող ձեր հոգին էլ անդադար ձգտի Աստծուն, ձեր մտքերն ու արարքները հավատարիմ մնան պատվիրաններով արտահայտված Աստծու սուրբ կամքին։ Սաղմոսներով թե Նարեկով, աղոթագրքերով թե սեփական խոսքերով խոսեք Արարչի հետ ամեն հարմար առիթի, անկախ նրանից գիշեր է, թե ցերեկ։ Խոսեք, երբ տխուր եք և փնտրեք Նրա կամքը հատկապես, երբ ուրախ եք ու համեմատաբար անամպ է ձեր կյանքի երկնակամարը։

Երբ Ահեղ Դատաստանի օրը բոլորս հայտնվենք Երկնակալի գահի առջև, երբ երկինքը դողա հրեշտակների՝ Տիրոջ գալուստն ազդարարող փողերի ահազդու ձայնից, ամեն գլուխ ահ ու սարսափով խոնարհվելու է Ամենակալ Քրիստոսի առջև՝ անկախ նրանից՝ հավատում ու սպասո՞ւմ էր Նրան, թե՞ ոչ։ Աղաչում եմ Աստծուն, որպեսզի մենք, սիրելինե՛ր, մեծ երկյուղածությամբ, բայց և մեծ ուրախությամբ Նրան դիմավորողների շարքում լինենք։ Սրբված հոգով ու մաքուր ճակատով ողջունենք մեր Փրկչին և արժանանանք Նրա Արքայություն մտնելու հրավերի երանությանը։ Իսկ նախքան այդ հարկ է, որ լսենք Ավետարանի էջերից մեզ դիմող Տիրոջ ձայնը, որ ասում է․ «Հիշեցե՛ք Ղովտի կնոջը: Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն» (Ղուկ․ 17։32, 33)։ Եվ հետևենք սուրբ Պողոս առաքյալի օրինակին, որն ասում է․ «Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար: Եվ ամեն բան, արդարև, վնաս եմ համարում մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար: Նրա համար ամեն ինչից զրկվեցի – և այդ բոլորը աղբ եմ համարում – որպեսզի շահեմ Քրիստոսին» (Փիլիպ․ 3։7, 8)։ Հավատացե՛ք, սիրելինե՛ր, որ ավելի մեծ, ավելի քաղցր ու ավելի թանկ բան չկա, քան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին շահելն է, Նրա սերը, ներկայությունն ու բարեհաճությունը։ Արդ, մաղթում եմ ձեզ, որպեսզի ձեր փրկության հարցում, որն ամենակարևորն է մարդու կյանքում, ունենաք այսօրվա առակի այրու հավատն ու համառությունը։ Եվ մշտապես հիշեք, որ «Տերը մոտ է: Հոգ մի՛ արեք, այլ աղոթքներով և աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն: ․․․․Եվ խաղաղության Աստվածը թող լինի ձեզ հետ» (Փիլիպ․ 4։5, 6, 9)․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյան

 

27.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․