Լեռնագնացը հայտնվում է հանդերձյալ աշխարհում, կանգնում Աստծո առջև և օգտվելով այդ հնարավորությունից հարցնում.
- Ինչո՞ւ ինձ չփրկեցիր, երբ անդունդի եզրին էի կանգնած, որը փլուզվեց և ընկա անդնդախոր ձորը:
Աստված պատասխանում է.
- Երբ խիտ անտառի միջով էիր անցնում, իմ հրեշտակը եկավ և կանգնեց հսկա արջի առջև: Արջը նրան տեսավ, գլուխը խոնարհեց և չհարձակվեց քեզ վրա: Երբ գետն էիր անցնում, իմ հրեշտակը եկավ, և թունավոր օձերը նրան նկատելով հեռացան և չխայթեցին քեզ: Երբ արդեն մոտեցար լեռան եզրին, իմ հրեշտակը եկավ և կանգնեց քո առջև, որպեսզի չքայլես առաջ, սակայն դու, լցված քո անհագ ցանկությամբ, չկամեցար նրան տեսնել, մի կողմ հրեցիր հրեշտակին և առաջացար դեպի ձորի բերանը... Արդ, միևնույն օրը երեք անգամ կամեցա քեզ փրկել, բայց երրորդ անգամ, երբ ինքդ պիտի հնազանդվեիր Ինձ, ընտրեցիր ցանկությունդ և ոչ թե Իմ կամքը:
Հովհաննես Մանուկյան