«Դուք ինքներդ իսկ Աստծուց եք սովորել միմյանց սիրել»

«Դուք ինքներդ իսկ Աստծուց եք սովորել միմյանց սիրել» | Duq Inqnerd Isk Asttsuc Eq Sovorel Mimyanc Sirel

«Դուք ինքնին իսկ Աստուածուսոյցք էք՝ առ ի զմիմեանս սիրելոյ»:

«Դուք ինքներդ իսկ Աստծուց եք սովորել միմյանց սիրել» (Ա Թեսաղ. 4:9):

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօրվա սուրբգրային ընթերցվածքում Սուրբ Պողոս առաքյալը խոսում է եղբայրասիրության մասին: Այո՛, քրիստոնեության և քրիստոնյայի գլխավոր առաքելությունը եղբայրասիրությունն է: Եթե դա չկա մեր մեջ, ուրեմն սիրուց խոսելն ունայնություն է, որովհետև եղբայրասիրության մեջ է դրսևորվում ճշմարիտ սերը: Եղբայրասիրություն է ոչ միայն նյութական կամ բարոյական աջակցությունը մարդուն, այլև մխիթարական խոսքը, չդատելն ու չբամբասելը, չքննադատելը, չնախանձելը, ոչ միայն նրա տխրությամբ տխրելը, այլև նրա ուրախությամբ ուրախանալը: Ի վերջո, հարկ է գիտակցել, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սիրո ուսմունքի մեխը հենց այդ եղբայրասիրությունն է: Շատ կարևոր է մեծ կոնֆլիկտներ, թեկուզ մանր խնդիրներ, թշնամանք ու դավադրություն չստեղծելը կամ չհրահրելը ծանոթների, հարևանների ու գործընկերների շրջանում, որոնք որ նույնպես հաճախակի հանդիպող երևույթներից են: Քրիստոս՝ մեր Արարիչը, ցանկանում էր, որ մենք մեր շրջապատում առանձնանանք քրիստոնեական եղբայրասիրության կեցվածքով: Հենց այդ եղբայրասիրությունն է ճշմարիտ քրիստոնեական անուշահոտությունը, որով պիտի բուրենք բոլորս:

Սիրո հոգսը ամենամեծ և ամենաշատ ուշադրություն պահանջող խնդիրն է, որ դրված է գիտակից մարդու առջև: Սիրո հոգսը ամենածանր և միաժամանակ ամենաքաղցր լուծն է, որ մարդը պետք է կրի գիտակցաբար, հասկանալով, որ դրանով կատարում է Աստծու կամքը: Այդ բեռը երկու նժար ունի, որոնցից մեկի վրա դրված են ծանրությունը, հոգնությունը, անտարբերությունը, ձանձրույթը, իսկ մյուս նժարի վրա՝ քաղցրությունը, ժպիտը, ուրախությունը և բերկրանքը: Երբ մարդը սրտով հակվում է դեպի առաջին նժարը, բարիք գործելը նրան տհաճություն է պատճառում, որովհետև նա չի ցանկանում այդ ծանր հոգսի տակ ընկնել, կարող է հոգնել, ձանձրանալ կամ անտարբեր լինել: Իսկ երբ մարդու սիրտը հակվում է դեպի երկրորդ նժարը, ապա նա իր հոգնությունից, ուրիշներին անդադար ձեռք մեկնելուց հաճույք է ստանում, չի տրտնջում, բերկրանք է ապրում և ուրախանում է՝ գիտակցելով, որ կատարում է Աստծու կամքը, երջանկություն է պարգևում այլ մարդկանց նույնպես և Աստծուց է ստանալու իր վարձքը:

Այո՛, սիրելինե՛ր, եղբայրասիրությունն էլ, ինչպես սիրո ամեն դրսևորում, ամենօրյա տքնաջան աշխատանք է, որից ճշմարիտ քրիստոնյան կարող է հոգնություն զգալ, բայց չի կարող հրաժարվել, որովհետև դա նրան, ինչպես և դիմացինին, երջանկություն է պարգևում: Իհարկե, դրա համար օգնության է հասնում աստվածային շնորհը, որով էլ հարթվում են բոլոր դժվարությունները:

Աշխարհն այսօր մարդուն դարձնում է եսասեր, նրա ուշադրությունը կենտրոնացնում է միմիայն իր վրա և անտարբեր դարձնում շրջապատի նկատմամբ: Բայց քրիստոնեությունը, հակառակը, սովորեցնում է սիրտը բացել մարդկանց առջև, սեր տալ և սեր ստանալ: Բաց սիրտը ենթադրում է անկեղծություն, ազնվություն, որոնք էլ իսկական եղբայրասիրության երաշխիքներն են: Տարբեր բնագավառներում գոյություն ունեցող մրցակցությունը ևս մարդկանց սրտերը փակում է միմյանց նկատմամբ, պատնեշներ ստեղծում միմյանց հարգելու, շրջապատի մարդկանց գնահատելու, սիրով առաջնորդվելու և սիրտը բաց ուրիշներին ընդունելու համար: Որովհետև փակ սիրտը փակում է նաև մարդկային շփման և հաղորդակցության լայն սահմանները: Եղբայրասիրության պակասն է մարդկանց անողոք դարձնում միմյանց նկատմամբ: Այն մարդկանց շաղկապում է իրար, այլապես բոլորը բոլորին կընկալեն որպես օտար, մրցակից, հակառակորդ կամ լավագույն դեպքում անտարբեր կձևանան միմյանց հանդեպ: Եղբայրասիրությունն է, որ կամուրջներ է կառուցում և միմյանց կապում մարդկանց սրտերը, բարեկամ ու հարազատ դարձնում ոչ արյունակից մարդկանց:

Ինչպես որ հարազատ մարդկանց պարագայում չենք ցանկանում տեսնել մեր զավակներին, ծնողներին, ամուսիններին, քույրերին ու եղբայրներին հիվանդ կամ ցավ ու վշտի մեջ, տխուր կամ որևէ կարիքի մեջ, այդպես էլ պետք է ոչ հարազատ մարդկանց կամ ոչ մտերիմներին նույնպես բարիք կամենալ և չցանկանալ տեսնել նրանց վշտի ու տառապանքի մեջ, առավել ևս ուրախանալ ու չարախնդալ նրանց տկարությամբ, ձախորդություններով կամ անկումով:

Եղբայրասիրությունը չի բաժանում, չի քանդում, չի հեռացնում ու օտարացնում, այն կապող օղակ է և հետևաբար միացնում է, ամրացնում, միաձուլում, հեռուն մոտիկ է դարձնում, անծանոթին՝ ծանոթ, օտարին՝ յուրային, սիրո շղթա է հյուսում, որ մարդկանցից ձգվում-հասնում է դեպի երկինք: 

Աշխարհի բերած նոր գաղափարախոսությունները, նոր մտածելակերպն ու նրանից բխող կենցաղը քրիստոնեությունը համարում են ոչ նորաձև, ինչպես երևում էր մի երկրում երիտասարդների շրջանում կատարած սոցհարցումից: Բայց նման երիտասարդներն իրենց կործանումը չեն զգում, միայն շարժվում են այս աշխարհի թելադրած օրենքներով: Քրիստոնեության վարդապետությունը ժամանակի մեջ չի կարող սահմանափակվել, որովհետև աշխարհի համար մարդացած Աստծու Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս, քարոզում է ճշմարիտ եղբայրասիրություն: Քրիստոնեությունը ամեն հարցում կառուցողական է, հավասար է համարում բոլոր մարդկանց, բացառում է ծաղրն ու արհամարհանքը մարդկային արատների նկատմամբ, հարուստ մարդու խիղճն է արթնացնում՝ չմոռանալու համար աղքատին, մարդու մեջ ի հայտ է բերում ընտիր որակներ՝ այդպիսով կատարելագործելով նրան, արգելում է դավադրություններն ու դավաճանությունները, վերացնում է ապերախտությունը, Աստծուն սիրելու պայման է համարում ընկերոջը սիրելը. «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: Եվ նրանից ունենք այս պատվիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը», ասում է Հովհաննես առաքյալը (Ա Հովհաննես 4: 20, 21): Այս թվարկված երևույթներն են, որ կյանքը գեղեցկացնում են շատ-շատերի համար, կյանքը քաղցրացնում են թե՛ ստացողի և թե՛ տվողի համար, որովհետև ձևականությունից զուրկ են, և դրանց նպատակը դիտորդներ ու ծափահարողներ գտնելը չէ, այլ խնդիր են տեսնում միայն իրենց բաժին ուրախությունից բաժին հանել դրա կարիքն ունեցողներին:

Ուստի, սիրելինե՛ր, եղբայրասիրությունը ընտրենք և դարձնենք գործի վերածելու մեր գլխավոր անելիքը, որովհետև մարդը կարող է երկար ժամանակ չիմանալ իր առաքելությունը այս կյանքում, բայց եղբայրասիրությունը, որը միշտ էլ իբրև խնդիր է դրված քրիստոնյայի առջև, կարող է իր կյանքում իսկապես դրսևորել և ստանալ Աստծու օրհնությունը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

29.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․