22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
«Ձեր կյանքն ավելի կարևոր է, քան կերակուրը, և ձեր մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը» (Ղուկաս 12։23)։
Ժամանակակից աշխարհում մարդկանց բոլոր ջանքերը, ամբողջ ժամանակը, մտահոգություններն ուղված են նյութական բարիքներ, հարստություն կուտակելուն, այնինչ հարկավոր է անվերապահորեն վստահել Աստծուն։ Ամենագետ և ամենատես Աստված, որ «Իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի» (Հռոմ. 8։32), ինչպե՞ս իրապես ինչ մեզ անհրաժեշտ է, չի շնորհի մեզ։ Աստված մեզ կոչել է որդեգրության. «Տեսե'ք` ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ» (Ա Հովհ. 3։1): Եվ եթե որդիներ, ուրեմն հարկ է անվերապահորեն վստահել անսահման սիրող Հայր Աստծուն, մեր բոլոր ջանքերը, ամբողջ ժամանակը, սերը նվիրենք մեր Արարիչ Աստծուն։
Հարստության մասին սուրբ գրային բոլոր հատվածները մեզ ուսուցանում են, որ չպետք է ապավինել հարստությանը, հույս դնել հարստության վրա, գերի լինել հարստությանը, հարստությունը դարձնել կուռք։ «Ագահ մարդը դրամ է սիրում այն համոզմունքով, որ կյանքն ու երջանկությունը կախված են դրամից, և ոչ թե Աստծուց ու հետևաբար այդպիսի մարդը պաշտում է դրամը իբրև կուռք» (Ղևոնդ արք. Դուրյան «Ագահություն»)։ Պողոս առաքյալն իրավամբ ագահությունը կռապաշտություն է համարում (Եփ. 5։5)։
«Անմիտ մեծահարուստը» (Ղուկ. 12։16-21) պատժվեց, քանի որ ագահորեն կուտակելով հարստություն միայն իր համար՝ կարծում էր, թե իր կյանքն ու երջանկությունը կախված են կուտակված հարստությունից։
Հարստություն ունենալը մեղք չէ, եթե այն ծառայեցնում ես բարիք գործելուն։
«Հարուստ երիտասարդը» (Մատթ. 19։16-26) չարժանացավ երկնքի արքայության, քանի որ հարստության գերի էր, չցանկացավ հրաժարվել հարստությունից, իր հարստությունն օգտագործել բարիք գործելու համար, հարստությունն ավելի սիրեց, քան Աստծուն։
«Մնասների առակի» (Ղուկ. 19։15) այն ծառան որը Տիրոջից ստանալով մեկ մնաս, ոչինչ չավելացրեց, պատժվեց, քանի որ իմաստությամբ չվարվեց, ոչինչ չարեց, որպեսզի ավելացներ Տիրոջ տված մնասը։ Իսկ «Մնասների առակի» մյուս երկու ծառաներն արժանացան Տիրոջ սիրուն, գովասանքին, պարգևներին, քանի որ իմաստությամբ վարվեցին Տիրոջ տված մնասների հետ՝ բարի գործերով, ողորմությամբ ավելացնելով Տիրոջ տված մնասները, պարգևները, շնորհները։
«Անիրավ տնտեսը» (Ղուկ. 16։1-13) նույնպես արժանացավ Տիրոջ գովասանքին, քանի որ խորագիտությամբ վարվեց։ Չնայած մինչ այդ անիրավությամբ էր վարվել, բայց այդ պահին իր ունեցած իշխանությունն օգտագործեց ուրիշներին բարիք գործելու համար։
«Հավատարիմ և իմաստուն» ծառայի պես (Ղուկ. 12։42-48) մենք պետք է մեզ վստահված ծառայության մեջ վարվենք իմաստությամբ, Տիրոջը հաճելի գործերով, պատվիրանապահությամբ, և Աստված էլ ավելին կհատուցի մեզ պարգևներով և շնորհներով։
Մեր գլխավոր նպատակը չպետք է լինի հարստություն կուտակելը, մտահոգվելը նյութական բարիքների համար, այլ բարի գործերով, ողորմությամբ, Աստծուն հաճելի գործերով երկնային մնայուն գանձեր հավաքելը, Աստծո աչքին հարստանալը, իսկ նյութական անհրաժեշտ կարիքներն Աստված է՛լ ավելիով կտա մեզ։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթ.6։24)։ Չենք կարող Աստծուն ծառայել և հարստության գերի լինել։ Պետք է ընտրենք՝ Աստծո՞ւն ենք ծառայում՝ ընտրելով Կյանքը, որդեգրությունը, հավիտենականը, երկնային մնայուն գանձերը, թե՞ հարստության գերի ենք դառնում, որը մեզ դեպի կործանում է տանում։ «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի» (Մատթ. 16։26)։ Ուրեմն՝ ընտրենք կյանքը։ Հիսուս Քրիստոս ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, և Կյանքը» (Հովհ. 14։5-7)։ Քայլենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքն ամուր բռնած, հաստատուն մնալով մեր հավատքի մեջ։
Ռիմա Գևորգյան
«Զորավոր» երիտասարդաց միության ատենապետ