25 Նոյեմբեր, Բշ
Քաղաքական անկայունության պատճառով այսօր աշխարհի շատ երկրներ զենքի արտադրության խելահեղ մրցավազքի մեջ են, այս ամենից զատ մարդկային ագահության և անփութության պատճառով աղտոտված է մթնոլորտը, ծովային միջավայրի երկու երրորդը, օվկիանոսի մակերեսի երկու տոկոսը ծածկված է նավթաշերտով: Մարդն իր գործունեությամբ նպատակամիտված ոչնչացնում է ինքն իրեն: Եվ ինչպես վկայում է Ս. Սիվղանոս Աթոսացին՝ աշխարհը կանգուն է աղոթքի շնորհիվ:
«Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20),- խոստացել է Տերը և այդ խոստումն իրագործվում է եկեղեցու միջոցով, որ Երկնային Արքայությունն է երկրի վրա: «Աստված հիմնել է եկեղեցին՝ որպես մի նավահանգիստ, որպեսզի այնտեղ ծովի անհանգստություններից ու աղմուկից պատսպարվողները վայելեն մեծագույն հանգստությունը»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Եվ իրապես, եկեղեցում մարդ ուժ է ձեռք բերում դիմադրելու և բազում դժվարություններ ու փորձություններ Աստծով հաղթահարելու համար:
Ամեն կիրակի, տերունի և սրբոց տոներին մատուցվող Ս. Պատարագի արարողությանը Քրիստոսի հետ միասին անտեսանելի կերպով ներկա են նաև Աստվածամայրը, հրեշտակներ և սրբեր, որոնք ներկաների հետ միասին հավասարապես մասնակցում են արարողությանը: Հաղթական և զինվորյալ եկեղեցիները համարվում են Քրիստոսի մեկ, միասնական և անբաժանելի Մարմինը: Նրանք, ովքեր չեն ապավինում Աստծուն և Նրա նախախնամությանը, չեն մասնակցում Սուրբ և Անմահ Պատարագին ու չեն հաղորդվում Տիրոջ կենարար Մարմնին և Արյան, ապրում են վախի, անհանգստության և անորոշության մեջ: Իսկ Տիրոջով զորացած քրիստոնյան, Աստծու և մահվան մասին հիշողությունն ունենալով, ջանում է հեռու մնալ մեղքերից՝ պատրաստ լինելով մահվան: Հին եգիպտացիները ընկերական խնջույքների ժամանակ հետևյալ սովորությունն ունեին. սեղանի մեջտեղում կանգնեցնում էին փայտե արձան, որի վրա պատկերված էր մահը, որպեսզի խնջույքի մասնակիցները հաց ուտելիս նայեին դրան և չտրվեին զեխության: Իսկ Արևելյան Հռոմեական կայսրությունում, երբ մարդիկ հավաքվում էին թագավորին թագադրելու, նրան ներկայացնում էին չորս տարբեր գույների քարեր, որոնցից նա պետք է ընտրեր մեկը և որից պետք է պատրաստվեր իր մահարձանը: Այդ ամենը կատարվում էր այն պատճառով, որպեսզի հայտնի մարդիկ չհպարտանային ժամանակավոր փառքից, այլ հիշեին իրենց մահը, խոնարհության մեջ ապրեին և աստվածային դատաստանին չլսեին Տիրոջից. «Անիծյալնե՛ր, հեռացե՛ք Ինձնից, գնացե՛ք հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար» (Մատթ. 25:41):
Ժամանակը մեծ արագությամբ է առաջ սլանում, բայց, ավաղ, անցողիկն ու նյութականը ներգրավել է մարդու ողջ կյանքը: Հոգևոր կյանքից հեռու՝ միայն նյութականով էին հետաքրքրված մի գյուղի բնակիչներ, որտեղ ծառայության նշանակվեց մի երիտասարդ հոգևորական: Նա նախանձախնդրությամբ լծվեց հոգևոր ծառայությանը, թեև նրան զգուշացրել էին, որ նա զուր ժամանակ է կորցնելու, քանի որ այդ գյուղի բնակիչները մոռացել են Աստծուն: Բայց նա մեծ նախանձախնդրությամբ անցնում է ծառայության և առանց հոգնության զրուցում իրեն հանդիպած յուրաքանչյուր անձի հետ, այցելում գյուղի բնակիչներին, ուսուցանում, խրատում և կիրակնօրյա Ս. Պատարագի հրավիրում, բայց բոլոր ջանքերն անցնում են ապարդյուն: Մարդիկ՝ մռայլ հայացքներով, մնում են սառնասիրտ և չեն այցելում եկեղեցի: Այդ ժամանակ նախանձախնդիր հոգևորականը, որ մեծ ցավ էր ապրում իր համայնքի համար, որոշեց դիմել արտասովոր մի միջոցի: Նա տեղական թերթում մի հայտարարություն տեղադրեց, որտեղ ասվում էր, թե եկեղեցին մահացել է և որի թաղումը տեղի կունենա մոտակա կիրակի օրը՝ կեսօրին: Նման հայտարարությունն արթնացրեց և հուզեց գյուղի քնած թագավորությանը: Տարածվեցին ամենաանհավանական խոսակցություններ, բամբասանքներ և ենթադրություններ: Կիրակի օրը եկեղեցին լեփ-լեցուն էր հետաքրքրասերների բազմությամբ: Տեսանելի տեղում դրված էր ծաղիկներով զարդարված դագաղը: Հուղարկավորման կարգից հետո հոգևորականը կարճ դամբանական խոսք ասաց և հրավիրեց ներկաներին մոտենալ, նայել հայտնի հանգուցյալի դեմքին և հրաժեշտ տալ: Մեկը մյուսի հետևից մարդիկ մոտենում էին դագաղին, ոմանք արագ և ծիծաղելիորեն թեքում էին իրենց հայացքը, ոմանք՝ սարսափահար բղավում: Պարզվեց, որ հոգևորականը դագաղի մեջ մի մեծ հայելի էր դրել, և նայողը տեսնում էր իրեն։ Հայելին պատկերում էր մեռած եկեղեցին, որ այնտեղ հավաքված մարդիկ էին. նրանք թեև կենդանի էին մարմնով, բայց մեռած էին հոգով: Ճշմարիտ հոգևոր կյանքը դառնում է մարդկային առողջ փոխհարաբերությունների հիմքը, համարվում է բարօրության, երջանկության և խաղաղության աղբյուրը, որին ձգտում է յուրաքանչյուր մարդ և հասարակություն, իսկ հոգևոր օրենքների խախտումն անխուսափելիորեն բերում է մարդկային կյանքի տարբեր ոլորտների ավերմանը, ինչպես անձնական, ընտանեկան, այնպես էլ հասարակական: Անհրաժեշտ է կյանքի յուրաքանչյուր պահը հագեցնել հոգևոր իմաստով՝ ամեն պահի պատրաստ լինելով կանգնելու արդար Դատավորի առաջ: Հուդա Տեառնեղբայրը հորդորում է հավատացյալներին և ասում. «Սիրելինե՛ր, հիշեցե՛ք այն խոսքերը, որ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի բոլոր առաքյալները նախապես հայտնեցին ձեզ՝ ասելով. «Վերջին ժամանակներում կգան ամեն ինչ արհամարհող մարդիկ, որոնք կառաջնորդվեն իրենց ամբարիշտ ցանկություններով»: Ահա հենց սրանք են, որ բաժանումներ առաջ կբերեն ձեր մեջ, մարդիկ, որոնք առաջնորդվում են մարմնական ցանկություններով և իրենց մեջ չունեն Սուրբ Հոգին: Սակայն դուք, սիրելինե՛ր, ձեր սուրբ հավատով օգնեցե՛ք միմյանց հոգևոր աճին: Աղոթեցե՛ք Սուրբ Հոգու օգնությամբ և ձեզ պահեցե՛ք Աստծու սիրո մեջ՝ սպասելով, որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, Իր ողորմությամբ հավիտենական կյանք տա ձեզ» (Հուդա 1:17-22):
Կազմեց Կարինե Սուգիկյանը