Առաջին երանիին՝ «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» հաջորդում է «Երանի սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն» երանին: Ո՞վ է սգավորը, որի մասին խոսում է լեռան Քարոզիչը: Նրա՞նք են արդյոք, որոնք չեն մասնակցում աշխարհիկ ուրախությանը և հետևաբար լալիս են իրենց անձնական դժբախտությունը: Կամ հուսահատնե՞րը, որոնք կորցրել են սեր, բարիք: Կամ էլ նրա՞նք, որոնք հույսով ու քաջությամբ սկսեցին կյանքը, բայց զգացին, թե իրենց երջանկությունը փշրված է: Սակայն կյանքից վիրավոր ամեն հոգի սգավոր չէ: Նրանք են իրական սգավորները, որոնք տրտում են Աստծուց բաժանված լինելու համար, մարդիկ, որոնց վիշտը կյանքի պատճառած դժվարությունների արդյունքը չէ: Եվ երանելի են նրանք, ովքեր խավարը փարատում են լույսով:
Հոգով աղքատությանը հետևում է սգավորությունը: Առաջին երանիից բխում է երկրորդը: Երբ մարդը հասկանում է, որ հոգով աղքատ է, այսինքն՝ գիտակցում է իր մեղավոր լինելը, պիտի սգա: Եվ երբ մարդը հրաժարվում է իր մեղսալից արարքներից, այն ժամանակ Աստծո օգնությամբ տեսնում է իր մեղքերը և դառնապես սգում դրանց համար: Եթե սգում ենք, այս դեպքում երանի ենք, այս դեպքում կատարվում է Քրիստոսի խոսքը. «Երանի սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն»: Եվ մխիթարվում են մեծ, հավիտենական մխիթարությամբ: Սգավորությունը մի վիճակ է, որտեղ հոգին սքողված չէ նյութականի մշուշով, և ավելի հստակ ու խորն է զգում ճշմարտության, արդարության և սիրո ծարավը: Այս սուգը չպետք է շփոթենք աշխարհի սգի հետ. հոգևոր սուգը տանում է դեպի ուրախության, քանի որ. «Տրտմությունը, ըստ Աստծո ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում» (Բ Կորնթացիներ 7:10): Աշխարհի սուգը մեզ ընկճում է ֆիզիկապես և բարոյապես, այն առաջնորդում է դեպի կորուստ: Իսկ հոգևոր սուգը հոգին օժտում է խորհրդավոր զորությամբ և արիացնում է մեզ: Այդ սուգն է, որ մեզ տանում է դեպի Աստված: Այս տրտմությունը ազնվացնում է հոգին, և մարդուն մոտեցնում ավելի բարձր ճշմարտություններին՝ առաջնորդելով դեպի Աստված: Եվ երբ տրտմում ենք մեր տկարությունների համար, սա մեր մեջ ստեղծում է երանական վիճակ, որտեղ մխիթարությունը բխում է աստվածային աղբյուրից՝ Մխիթարիչ Սուրբ Հոգուց: «Դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի» (Հովհաննես 16:20): Ինչպես հորդառատ անձրևից հետո, սովորաբար պարզ եղանակ է լինում, այդպես էլ արցունքից հետո հոգին խաղաղվում է և պարուրվում ուրախությամբ: «Մի ուրախություն, որ ոչ ոք չի կարողանա խլել ձեզնից» (Հովհաննես 16:22):
Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Թեև բոլորը սգավորներին համարում են ապերջանիկ, սակայն Քրիստոս երանի է տալիս նրանց: Իսկապես, եթե Աստված մխիթարում է, թեև հազարավոր ցավեր, դառնություններ քեզ հետ պատահեն, ամեն ինչ կհաղթահարես, որովհետև Աստված միշտ լիառատորեն է պարգևատրում ջանքերդ: Իրականում, սգավորները լաց են լինում իրենց մեղքերի համար, իսկ այդպիսիններին բավական է միայն ներում ստանալ: Քանի որ Քրիստոս մարդասեր է, ուստի Նա ոչ միայն չի սահմանափակում Իր պարգևները պատիժների և մեղքերի թողության դիմաց, այլ ավելին՝ այդպիսի մարդկանց երանի է տալիս և մխիթարում»:
«Արդ, կատարյալ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48): Այս խոսքերը մինչև սրտի խորքը ընդունողը, հնարավոր չէ դառնապես չսգա իր մեղքերի համար, որոնք խանգարում են իրեն կատարելության հասնել:
Աստծո թագավորությունում մարդիկ լաց չեն լինելու, այդ մասին կարդում ենք Հովհաննու Հայտնության գրքում. «Ապա տեսա նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրն անցել էին. և այլևս ծով չկար: Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծուց և երկնքից՝ զարդարված ու պատրաստված, ինչպես հարսը իր փեսայի համար: Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծո խորանը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա էլ՝ նրանց Աստվածը. և պիտի սրբի նրանց աչքերից ամեն արտասուք. և այլևս մահ չկա. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցավ» (Հայտնություն 21:1-4): Իսկ հավիտենական այդ երջանկությանը հասնելու համար մենք պետք է անցնենք սգավորի ճանապարհով:
Կազմեց Գայանե Սուգիկյանը