Թագավորը փոքրաթիվ զինվորներով մի ձորակում մարտական շարքով կանգնած սպասում է հուժկու արագությամբ իրենց մոտեցող թշնամու հեծյալ զորաջոկատին:
Իր աջ կողմում գտնվող զինակցին ասում է.
- Գովելի է, երբ դու պատրաստակամություն հայտնեցիր ծառայելու ինձ և զինակցելու այս ճակատամարտում: Հիշում եմ` ամեն անգամ հաղթական քայլերթով մայրաքաղաք էինք մտնում, հավաստիացնում էիր, որ ամեն պարագայում էլ հավատարիմ կծառայես ինձ և պահանջում էիր նոր հնարավորություններ ու ակնկալիքներ: Այժմ, վերհիշելով քո հավատարմությունը, այս դժվարին պահին վստահում եմ քեզ, որպեսզի ապահովես իմ թիկունքի պաշտպանությունը, իսկ մենք հեռանում ենք...
Զինակիցը տարակուսած պատասխանում է.
- Բայց ինչպե՞ս միայնակ մարտի բռնվեմ մի ամբողջ զորաջոկատի հետ...
Թագավորն ասում է.
- Մի՞թե չես վստահում ինձ.
Ապա զինվորների հետ հեռանում է նրան թողնելով այդտեղ:
Այս մարդը նայում է մոտեցող թշնամու լավ զինված զորաջոկատին, որը կարճ ժամանակ անց կարող է նրան շրջապատել: Թագավորի խոսքի հանդեպ սիրտը կասկածանք է ընկնում, շրջվում է և երկմտելով արագ հեռանում այդ վայրից,մոտենում արքային, ով ասում է.
- Նայի՛ր դեպի վեր. ծառերի ու բլուրների վրա թշնամու զորաջոկատից կրկնակի իմ նետաձիգներն են կանգնած: Հակառակորդի ջոկատը նույնիսկ չէր կարող քեզ մոտենալ, իսկ դու երկմտեցիր ու ինձ չվստահեցիր, այդ դեպքում ինչպե՞ս ես ակնկալիքներ ու նոր հնարավորություններ սպասում, երբ իրապես ինձ չե՞ս հավատում:
Իսկ մենք ավելի շատ հավատարի՞մ ենք Աստծուն, թե՞ ավելի շատ պահանջում ենք ու բողոքում...
Հովհաննես Մանուկյան