Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն…

Տեր Հիսուս Քրիստոս Ավետարանում մեկ այլ տեղ պատվիրում է. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:29): Հայրերը գեղեցիկ կերպով հեզությունը խոնարհության զավակն են համարում: Հեզ մարդը հիշաչար չէ, ներողամիտ է, չի բարկանում, կոպտում, վատ խոսքեր չի ասում, զուսպ է, համեստ, համբերատար ու զիջող: Մաղաքիա արք. Օրմանյանը նշում է, որ հեզ են ամբարտավանությունից հեռու, հաշտարար ընթացք ունեցողները: «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12:21),- ասում է առաքյալը: Հեզություն է նաև չարին չարով չպատասխանելը, վրեժխնդիր չլինելը: «Ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք. ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն. որովհետև գրված է. Իմն է վրեժխնդրությունը, և ես կհատուցեմ, - ասում է Տերը» (Հռոմ. 12:18-19):

Հեզության գլխավոր հատկությունը չբարկանալն է, ուստի հեզությունը հակադիր է անտեղի բարկությանը, անտեղի, քանի որ, ինչպես հայրերն են ասում. «Թող ոչ ոք ամեն ինչում բարկությունը` չար, իսկ հեզությունը բարի չհամարի, որովհետև երկուսն էլ պատշաճ ժամանակին բարի են»: Սա նշանակում է, որ վատ երևույթների, չար արարքների վրա պետք է բարկանալ, սակայն ոչ` մարդկանց, այն էլ` առանց լուրջ ու արդար պատճառի: Միաժամանակ, «Տերը երանի է տալիս ոչ թե նրան, ով ամենևին չի բարկանում, քանի որ սա չի կարող կատարել նա, ով իր բնության մեջ սրտմտական մաս ունի, այլ նրան, ով առաքինությամբ սանձահարում է հոգևոր ախտերը` հակառակով հակառակը բժշկելով և ըստ այդմ նաև` հեզությամբ` անտեղի բարկությունը» (սուրբ Ներսես Շնորհալի):

Հեզությունը հաճախ սխալմամբ նույնացնում են թուլության կամ նվաստության հետ: Բայց դա ամենևին էլ այդպես չէ. «Հեզությունը ծնվում է ներքին մեծ ուժից, և ցանկացած ոք, ով կասկածում է դրանում, թող փորձի սեփական «ես»-ը փոքր-ինչ մի կողմ հրել իր հոգսերի և շահերի կենտրոնից: Իսկ իր կյանքում գլխավոր տեղում դնել Աստծուն կամ մեկ ուրիշ մարդու: Եվ այդ ժամանակ պարզ կդառնա, թե այդ անելը որքան դժվար է, և ներքին ինչ մեծ ուժ է հարկավոր դրա համար»,- գրում է Կիրիլ Պատրիարքը: Հեզությունն ուրիշին հասկանալու, ներելու` մարդկային մեծ կարողությունն է: Հեզությունը նաև համբերություն և մեծահոգություն է: Հեզ մարդն առաջինը ինքն է դատում իրեն, իրենից է պահանջում, իրենից է հայցում, իսկ ուրիշին ներում է և փորձում հասկանալ: «Մենք միմյանց նկատմամբ հանդուրժող կդառնանք, հանգիստ, խաղաղ հասարակարգ կառուցել կկարողանանք միայն այն դեպքում, եթե ձեռք բերենք ճշմարիտ հեզություն, բարություն, հասկանալու և ներելու կարողություն»:

Միայն ծայրահեղ դեպքում, եթե ընկերոջը կամ ինքներս մեզ պաշտպանելու այլ հնար չկա, կարող ենք ուժի դիմել: Այդպես է նաև հայրենիքի պաշտպանությունը. ինչպե՞ս վարվել, երբ թշնամին զենքը ձեռքին գրավելով հայրենիքը՝ ոչնչացնում է մեր պատմությունը, սրբությունները, սպառնում է մեզ ու մեր հարազատներին... Արդյո՞ք այս դեպքում էլ է Տերը հորդորում հեզ լինել ու խոնարհ կատարելապես: Ո՛չ: Քրիստոս Ինքն է ասում. «Ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն» (Մատթ. 26:52):

Իսկ ո՞րն է հեզերի վարձատրությունը. ի՞նչ է «երկիրը ժառանգելը»: «Այս ասելով՝ ոչ միայն ներկայում հաստատապես հատուցելու մասին է խոսում, այլ նաև ապագա պարգևի» (սբ. Հովհան Ոսկեբերան):

«Դադարի՛ր բարկանալուց, հանդարտվի՛ր սրտմտությունից և մի՛ նախանձիր չարամիտներին: Չարագործները շուտով կվերանան, իսկ Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը: Եվս մի փոքր ժամանակ, և այլևս ամբարիշտ չի մնա, կփնտրես նրա տեղն ու չես գտնի: Իսկ ովքեր հեզ են, նրանք կժառանգեն երկիրը և կզվարճանան մեծ խաղաղության մեջ»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմ. 36:8-11):

Հայրերը նշում են, որ Տիրոջ խոստացած երկիրը գտնվում է երկնքից շատ ավելի բարձր և մեղքերով մեռածներին չի ընդունում: «Բայց որ Տերը «երկիր» բառով է այն կոչում, մի՛ զարմացիր, որովհետև մեր լսելիքի նվաստության պատճառով է մեր հասկացողության մակարդակին իջնում Խոսքը, Ով այն պատճառով իջավ մեզ մոտ, որ մենք չէինք կարող բարձրանալ Նրա մոտ: Նույն պատճառով էլ այս աստվածային խորհուրդն է մեզ ավանդում մեզ ավելի ծանոթ խոսքով ու բառով»,- բացատրում է սբ. Ներսես Շնորհալին: Հեզության առաքինությունը երանության և երկնային երկրի ժառանգությանն է արժանացնում:

Ի վերջո, երբ քրիստոնյայի հույսն ու ապավենը Տերն է, ինչ ձախորդություններ, փորձություններ էլ որ պատահեն, որքան էլ մարդիկ չարիքներ նյութեն նրա դեմ, միևնույն է, նա անվախ, հանգիստ սրտով, հեզությամբ ու համբերությամբ կարող է հաղթահարել ամեն բան: Իսկ խոստացված պարգևների և «երկրի» մասին հիշենք նաև առաքյալի խոսքերը, թե. «Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. 8:18):

 

Մարիամ Ավետիսյան

 

16.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․