26 Դեկտեմբեր, Եշ
Կեսօրին անապատում մոլորված մի եգիպտացի՝ հոգնած ու ծարավ, հասնում է մի մեծ վանական համալիրի, ուր վանականները պատրաստվում էին միջօրեի աղոթքին: Եգիպտացին հիանում է` տեսնելով մի վանականի, որը ջանադրաբար աղոթում էր, եռանդուն կերպով անդադար ծնկի իջնելով և բարձրանալով: Մոտենում է և խմելու ջուր խնդրում: Վանականի դեմքը խոժոռվում է ու զայրացած ասում է.
- Երեք օր է շարունակաբար աղոթում եմ և Աստծուց մեղքերի թողություն խնդրում, իսկ դու եկել ես ու սատանայի միջոցով ինձ աղոթքի՞ց ես ուզում կտրել:
Շփոթված եգիպտացին ներողություն է խնդրում և մտավախությամբ մոտենում մի այլ վանականի, որը ծնկի իջած նույնպես աղոթում էր ու կրկին խմելու ջուր խնդրում:
Այս վանականը դադարեցնում է աղոթքը, կանգնում, ուրախությամբ գնում և խմելու ջուր բերում:
Եգիպտացին հարցնում է.
- Իսկ այն եռանդուն աղոթող վանականի մոտ ո՞վ է կանգնած, որ նրան անընդհատ քաջալերում է անդադար աղոթել և ծնկի իջնել:
Այս վանականը ժպտում է և պատասխանում.
- Սատանան է, որ նրան այդպես եռանդուն քաջալերում է աղոթել և մեղքերի թողություն խնդրել:
Այս առակը բազմակողմանի հետաքրքիր բովանդակություն ունի, սակայն նշեմ ամենակարևորը.
Կան քրիստոնյաներ, ովքեր Աստծուց մեղքերի թողություն են խնդրում ու փորձում մեղքերից ազատվել, որպեսզի ինքնահաստատեն իրենց <<ես>>-ը ու արդարանան Աստծո առջև, քանի որ իրենց <<ՙես>>-ն են փնտրում և ոչ թե Աստծուն: Ուստի, այս դեպքում խաթարվում է Աստծո և մարդու միջև խաղաղությունը: Եվ մարդու մոտ միշտ հարց է առաջանում, թե ինչու չի ստացվում...
Կան քրիստոնյաներ, ովքեր Աստծուց մեղքերի թողություն են խնդրում ու փորձում մեղքերից ազատվել` դառնալու համար դեպի Քրիստոս, հաստատելու խաղաղություն Աստծո հետ, ճանաչելով իրենց մեղանչական էությունը և Աստծո անսահման փրկչական Սիրո Շնորհը: Իսկ մենք ի՞նչ նպատակով ենք մեղքերի թողություն խնդրում. եկեք դառնանք դեպի մեր հոգու հայելին ու ճանաչենք, թե ինչ նպատակով ենք թողություն խնդրում:
Հովհաննես Մանուկյան