25 Նոյեմբեր, Բշ
Մի հավատացյալ մարդ սիրում է ծայրահեղ բարեգործություն և շռայլություն անել, և նրա բարեգործ լինելը չափից ավելի շատ է լինում: Եվ մի օր օգտվելով դրանից սատանան որոշում է փորձության ենթարկել նրան: Կիրակի օրը, երբ նա պետք է առավոտյան գնար Սբ. Պատարագի, ճանապարհին սատանան կերպարանափոխվում է ու դառնում իբրև մի պառավ ու մոտենում գումար խնդրում: Մարդը տալիս է գումարը, պառավը փառք է հայտնում Աստծուն, իսկ մարդը շարունակում է ճանապարհը: Սատանան պտտվում է և այս անգամ մի ծերունու կերպարանքով է հայտնվում, գումար խնդրում:
Մարդն առանց մտածելու տալիս է և շարունակում, իսկ ծերունին փառք է հայտնում Աստծուն:
Երբ քիչ էր մնացել, որ հասներ կառքին ու նստեր կառքի մեջ, որպեսզի հասներ եկեղեցի, սատանան այս անգամ էլ ցնցոտիներով հագնված երեխայի կերպարանքով է հայտնվում և գումար ուզում, մարդը տալիս է և նստում կառքը: Կառապանը հարցնում է` արդյոք գումար ունես, որպեսզի վճարես ճանապարհի համար, քանի որ հեռվից տեսա, թե ինչպես էիր գումարներդ բաշխելով գալիս: Մարդը ձեռքը տանում է գրպանը և տեսնում է, որ այլևս գումար չի մնացել: Սատանան այս անգամ հայտնվում է մի մեծահարուստի տեսքով և կառք պահանջում: Կառապանն ասում է մարդուն` ահա ես քեզ չեմ կարող տանել, քանի որ գումար չունես, իսկ մեծահարուստին կարող եմ ձեռքից բաց թողնել: Մարդը շվարած իջնում է կառքից, ու մեծահարուստը, որը կերպարանափոխված սատանան էր, նստում է կառքը, գրպանից հանում ծայրահեղ բարեգործ մարդու նվիրած գումարները, տալիս կառապանին ու ասում` շտապիր դեպի եկեղեցի, այնտեղ շատ բան ունեմ անելու, իսկ մարդը ոտքով ճամփա է ընկնում, որ միգուցե հասնի Սբ. Պատարագին և եկեղեցու հավատացյալներին զգուշացնի, որ սատանան շտապել է այդտեղ, որպեսզի մարդկանց շեղի ու խանգարի եկեղեցու հոգևոր հաղորդակցությունից...
Հովհաննես Մանուկյան