23 Նոյեմբեր, Շբ
Ի տարբերություն դպիրների ու փարիսեցիների պատկերացրած Մեսիայի թագավորության, որ երկրային էր, Քրիստոս հռչակեց Երկնքի Արքայությունը՝ մատնանշելով նրա երկնային ծագումն ու նշանակությունը: Այն ստեղծել է Աստված և ընգրկում է երկինքն ու երկիրը՝ ամբողջ տիեզերքը: «Աստված հիմնեց Երկնքի Արքայությունը և ոչ թե մարդը, հիմնեց Աստծու և մարդու, երկնքի և երկրի միասնության համար»,- ասել է սբ. Գրիգոր Աստվածաբանը: Աշխարհի սկզբից ի վեր պատրաստված Արքայությունը (Մատթ. 25:34) Իր քավչարար արյամբ վերականգնեց Քրիստոս, և այն ամենամոտ առնչությունն ունի մարդու և նրա ներաշխարհի հետ: Երբ Քրիստոս ասաց, որ Իր թագավորությունը այս աշխարհից չէ (Հովհ. 18:36), նկատի ուներ, որ այն այստեղ կամ այնտեղ չէ, այլ «ձեր ներսում է» (Ղուկ. 17:21): Երկնքի Արքայությունը մարդու էության մեջ է դրված նրա ծննդյան օրից և աճում է մարդու գործադրած ջանքերի շնորհիվ. «Աստծու թագավորությունը խոսքով չէ, որ հայտնում է իրեն մարդկանց կյանքում, այլ գործով» (Ա Կորնթ. 4:20) և «Երկնքի Արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթ. 11:12):
Ավետարանն իր ողջ բովանդակությամբ օգնում է մարդուն յուրացնել Երկնքի Արքայության էությունը և այդ նպատակով դիմում է մի շարք համեմատությունների ու նմանությունների (Մատթ. 13): Այն ասում է, որ Երկնքի Արքայությունը նման է արտի մեջ թաքնված գանձի: Այն փնտրելու և ձեռք բերելու համար ջանասիրություն ու անշահախնդրություն է պետք: Երկնքի Արքայությունը նման է թանկագին մարգարտի, որ նույնպես պետք է փնտրել և գտնելով՝ ոչինչ չխնայել այն ձեռք բերելու համար: Ավետարանն այս համեմատություններով ցանկանում է ասել, որ մեզ համար ավելի արժեքավոր և պիտանի ոչինչ չկա երկրի վրա և որ այն ձեռք բերել՝ նշանակում է ամեն ինչ ձեռք բերել, այսինքն՝ ձեռք բերել գլխավորը, իսկ մնացածը ավելիով կտրվի (Մատթ. 6:33): Երկնքի Արքայությունը նման է ուռկանի, որի մեջ ընկնում են տարբեր ցեղատեսակների և չափերի ձկներ: Այն նման է արտի, ուր ցորենն ու որոմն աճում են միասին, այն նման է խնջույքի, որին կանչված են բոլորը: Այս համեմատություններով Ավետարանն ասում է, որ Երկնքի Արքայության մուտքը բաց է բոլոր մարդկանց համար, բաց է այստեղ՝ երկրի վրա, և միայն գերեզմանից այն կողմ որոմը կբաժանվի ցորենից, ձուկը կտեսակավորվի և չզղջացող, չարամիտ մեղավորներին թույլ չի տրվի օգտվել Արքայության սեղանից: Երկնքի Արքայության կոչն անընդհատ պետք է հնչի մարդու սրտում՝ հիշեցնելով, որ երբեք ուշ չէ՝ ապաշխարելու, ուղղվելու և Աստծու առաջ պարզերես կանգնելու:
Ավետարանն ասում է, որ Երկնքի Արքայությունը մարդու հոգում աճում է աննկատ, ինչպես թթխմորը հացթուխի խմորում, սերմը՝ արտում: Ով իր արտի մեջ սերմ է ցանում, օրեր ու գիշերներ են անցնում, նա քնում է ու արթնանում, մինչ այդ սերմերը բուսնում են և աճում, և ինքը չի իմանում, թե ինչպե՛ս են մեծանում (Մարկ. 4:27): Ավետարանը հռչակում է, որ Երկնքի Արքայությունը նման է մանանեխի հատիկի: Լինելով փոքր ու աննկատ՝ այն աճում է՝ վերածվելով հսկա ծառի, ինչն ապաստան է տալիս երկնքի թռչուններին, որոնք թռչում են ամենուր (Մատթ. 13:31-32): Երկնքի Արքայությունը մարդկանց մոտ լինելը չի որոշվում տարիքով կամ սեռով, ոչ էլ ունեցվածքով կամ սոցիալական կարգավիճակով, այլ բացառապես ներքին հոգևոր վիճակով: Այսպիսով՝ այն տրվում է «հոգով աղքատներին» (Մատթ.5:3), այսինքն՝ Աստծու կամքին նվիրված խոնարհ մարդկանց, այն տրվում է արդարության համար հալածվողներին (Մատթ. 5:10): Երկնքի Արքայությունը տրվում է նրանց, ովքեր, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, մոռանալով անցյալը, նայում են գալիքին, ուշադիր վազելով դեպի նպատակակետ (Փիլիպ. 3:13): Եթե այս ուղու վրա գտնվող որևէ մեկը հետ նայի՝ «նա հարմար չէ Աստծու թագավորությանը» (Ղուկ. 9:62): Հետ նայել՝ նշանակում է ափսոսալ աշխարհիկ բաների համար և հոգեպես տկարանալ: Աստծու Արքայությունը մարդուց պահանջում է լիարժեք, լիակատար նվիրվածություն Աստծուն, անշահախնդիր սեր Նրա և մարդկանց հանդեպ: Նման նվիրվածության և սիրո համար մարդուն տրվում է անչափելի և անհամեմատելի բարիք: «Ով որ թողել է տուն, եղբայրներ, քույրեր, հայր ու մայր, կին ու զավակներ և ագարակներ՝ ինձ համար, հարյուրապատիկը պիտի ստանա և հավիտենական կյանքը ժառանգի»,- ասում է Քրիստոս (Մատթ. 19:29):
Ավետարանում հանդիպում ենք մեղավորների հանդեպ Աստծու ողորմածության մասին պատմող ապշեցուցիչ պատկերների, երբ նրանք, դարձի գալով, ուղղվել են և վերածնվել Աստծու Արքայության համար: Օրինակ՝ Ավետարանը նկարագրում է անառակ որդու՝ իր հայրական տուն վերադարձի մասին: Նմանատիպ օրինակ է աջակողմյան ավազակը, որին Քրիստոսի կողմից շնորհվեց Երկնքի Արքայության առաջին բնակիչը լինել: Փրկիչը պատգամել է մեզ միշտ և անշեղորեն փնտրել Աստծու Արրքայությունը՝ ասելով. «Նախ խնդրե՛ք, որ Աստծու Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33): Ճշմարտությունը Քրիստոս Իր հետևորդներին ավանդեց Իր խոսքով, որ գրված է Սուրբ Գրքում: Ճշմարտությունը Քրիստոս փոխանցում է Իր կողմից հիմնած եկեղեցու միջոցով, որ Սուրբ Հոգու պարգևները կրողն ու բաշխողն է, որ մարդկությանը փրկության առաջնորդողն է:
Երկնքի Արքայությունը հոգևոր արքայություն է, այն ոգու, լույսի, ճշմարտության, արդարության, խաղաղության, սիրո, ազատության և շնորհի Արքայություն է: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Աստծու Արքայությունը ուտելիք կամ ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն՝ Սուրբ Հոգուց տրված» (Հռոմ. 14:17): Քրիստոս Իր սովորեցրած «Տերունական աղոթք»-ով պատվիրեց բոլորին նախ աղոթել Արքայության գալստի համար (Մատթ. 6:10), այնուհետև՝ անձնական կարիքների համար: Եկեղեցու հայրերը ևս օգնում են՝ հասկանալու Երկնքի Արքայության խորհուրդները: Թադեոս վարդապետ Վիտովնիցկին ասել է. «Երկնքի Արքայությունը ոչ թե վայր է, այլ հոգու վիճակ: Երբ մեր սրտում խաղաղություն, խնդություն և սեր է, մեզ դրախտում ենք զգում», իսկ սբ. Սերաֆիմ Սարովցին ասել է, որ երկրի վրա են սկսվում դրախտն ու դժոխքը: Եվ այդ խորհուրդներրը բացահայտվում են նրանց, ովքեր ջանում են հոգևոր աճ ունենալ Քրիստոսով:
Կազմեց Կարինե Սուգիկյանը