28 Նոյեմբեր, Եշ
Քրիստոսի Մարմնի անդամները՝ աստվածային բազմազան շնորհներով օժտված, ջանում են իրենց կյանքում իրականություն դարձնել պարզ մի օրենք՝ սիրո օրենքը. «Վերցրեք միմյանց բեռը և այդպիսով կատարեցե՛ք սիրո օրենքը» (Գաղատացիներ 6:2): Սբ. Պողոս առաքյալը սերն անվանել է Քրիստոսի օրենքը:
Ինչպես շենքի կառուցման մեջ ոչ բոլոր քարերն են, որ նույն նշանակությունն ունեն, մեկն անկյունաքար է, մյուսը հիմքի համար է, նույն կերպ է նաև Քրիստոսի Մարմնում՝ եկեղեցում: Երբ այդ Մարմնի անդամները, իրենց շնորհների և կարողության համաձայն, միմյանց բեռն են վերցնում և օգնության ձեռք մեկնում միմյանց, ապա միասնական ուժերով կյանքի է կոչվում սիրո օրենքը:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սիրո օրենքի գործադրումով, իրականություն է դարձնում սոցիալական ծրագրերի իր շարքը: Այդ ծրագրերի շրջանակում՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նոյեմբերի 2-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում սոցիալապես անապահով Սերգոյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ այս անգամ տրամադրել էր մոսկվաբնակ Նորիկ Գալստյանը:
Կարիքավոր ընտանիքը բաղկացած է երկու անդամներից, Սերգոյան Կարինեն (49 տ.) միայնակ է խնամում իր 10-ամյա դստերը՝ Սերգոյան Լաուրային: Ընտանիքն ապրում է վարձակալությամբ: Կարինեն աշխատանք է փնտրում, որպեսզի կարողանա հոգալ իրենց կարիքները և վճարել տան վարձն ու կոմունալ ծախսերը: Կարինեն մանուկ հասակում մանկական ուղեղային կաթված է ստացել, որի հետևանքով այժմ տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Ընտանիքի մայրը նշեց, որ երեխայի հետ կապված որոշ խնդիրներ կարողանում է լուծել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շնորհիվ, ուր երեխան հաճախում է դպրոցի դասերն ավարտելուց հետո:
Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար: Սերգոյան Կարինեն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին այն ուշադրության և հոգատարության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ:
Կատարյալ սերը բարձրագույն և բացառիկ պարգև է. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48):
Կարինե Սուգիկյան