- Հա՛յր, հինգ-վեց տարեկան երեխաները պե՞տք է արդյոք ծոմ պահեն Սուրբ Հաղորդությունից առաջ:
- Գոնե Հաղորդություն ստանալու նախորդ օրը երեկոյան նրանք պետք է ձեթով պատրաստված պահոց կերակուր ուտեն: Սակայն այդ հարցը հոգևոր հոր իրավասության ներքո է: Ավելի լավ է, եթե մայրը հոգևոր հորը հարցնի, թե իր երեխան ինչպես պահք պահի, որովհետև փոքրիկի մոտ կարող են առողջության հետ կապված խնդիրներ լինել և օրինակ՝ նա պետք է կաթ խմի:
- Հա՛յր, իսկ որքա՞ն ժամանակ պետք է փոքրիկ երեխան պահք պահի:
- Եթե երեխան ամրակազմ է, առողջ, ապա կարող է պահք պահել: Դրանից բացի, այժմ բազմապիսի պահոց կերակուրներ կան վաճառքում: Առաջ երեխաները պահք էին պահում և ողջ օրը խաղում էին, վազվզում: Ֆարասում, Մեծ Պահքի ժամանակ, թե՛ մեծերը, և թե՛ փոքրերը ծոմ էին պահում մինչև ժամը իննը*: Ծնողները երեխաներին ամրոցում էին հավաքում, խաղալիքներ էին տալիս նրանց, որպեսզի խաղան, իսկ ցերեկվա ժամը երեքին, երբ եկեղեցու զանգերը կանչում էին Պատարագի, գնում էին եկեղեցի ու Հաղորդություն ստանում: Սուրբ Արսեն Կապադովկիացին ասում էր. «Երեխաներն ուտելու մասին չեն էլ հիշում, եթե ողջ օրը խաղում են: Արդ, մի՞թե հիմա պահքին չեն դիմանա, երբ նրանց Քրիստոսն է օգնում այդ հարցում»:
Տեսնելով, թե ինչպես են երեխաները պահք պահում՝ խիղճն սկսում է տանջել այն մեծահասակներին, ովքեր պահք չեն պահում: Հիշում եմ, ես փոքր էի ու իմ վարպետի հետ մի տանն էի աշխատում: Այնտեղ էլ մենք ճաշում էինք: Չորեքշաբթի և ուրբաթ օրերին ես հեռանում էի, չէի մնում ճաշին և մեր տուն էի գնում ճաշելու, որովհետև այդ մարդիկ պահք չէին պահում: Մի անգամ, հիշում եմ չորեքշաբթի օր էր, նրանք քաղցրաբլիթներ բերեցին և կամենում էին հյուրասիրել ինձ: «Շնորհակալություն,- ասացի նրանց,- բայց ես պահք եմ պահում»: «Մի տե՛ս է՜,- զարմացան նրանք,- այս փոքրիկը պահք է պահում, իսկ մենք՝ մեծահասակ քեռիներս ամեն ինչ ուտում ենք»:
* Այսինքն, մինչև ցերեկվա ժամը երեքը՝ բյուզանդական ժամանակով ժամը իննը, նրանք ոչինչ չէին ուտում և խմում:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի